Նոյեմբերի 17-ին Վանաձորի «Արցախ» պուրակում «Արդարություն» դաշինքի եւ ընդդիմադիր կուսակցությունների հետ բնակչության հանդիպումը հատկանշական պահեր ուներ: Քանի որ այն սկսվեց բավականին ուշացումով (ինչի առթիվ հանրահավաքի կազմակերպիչները ներողություն խնդրեցին՝ պատճառաբանելով ճանապարհատրանսպորտային խոչընդոտներն ու «գայիշնիկների» արգելքները), ուստի այդ ընթացքում բարձրաձայն հայկական ժամանակակից երաժշտություն էր հնչում: Միտինգավոր կանանցից մեկը՝ միջին տարիքի, ակնարկելով պուրակում ճեմող մի պաշտոնյայի, ընկերուհուն հեգնանքով ասաց. «Չես գնո՞ւմ` իրան տանգոյի հրավիրես»:
Երբ «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստները մատյաններն առած ստորագրահավաք էին կազմակերպում՝ «կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՀ քաղաքացիությունը 1991 թվից ճանաչելու մասին», մի վանաձորցի հետաքրքրվեց. «Իսկ իրան ինչի՞ չեն ՀՀ քաղաքացի ճանաչում»: «Դե, որ երկքաղաքացիությունն ընդունվի, կճանաչեն, էլի»,- նկատեց մեկ ուրիշը, թերեւս, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքի վրա, որ երկքաղաքացիությունը կընդունվի այն դեպքում, եթե ընդունվի նոր սահմանադրությունը, որին, սակայն, դեմ է… Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող ավագ սերնդի մի վանաձորցի իշխանություններին անվանեց «գազաններ, դեւեր, անկուշտներ»՝ կոչ անելով «ընտրության օրը տանիցը դուրս չգալ». եւ սա` այն դեպքում, երբ վերջինս ՏԻՄ ընտրությունների նախօրյակին գովաբանում էր նույն իշխանության ներկայացուցիչ Վանաձորի քաղաքապետին: Ինչպե՞ս հասկանալ այսօրինակ «ընդդիմադիր կեցվածքը»: Հավանաբար, այս կարգի մարդկանց մասին էր, որ մեկը զրուցակցին գանգատվում էր. «Գալիս են, միտինգներին «ուռա» են գոռում, հետո մեկ էլ տեսար՝ ընտրության օրը 1000 դրամ են տալիս, թե չէ՝ հոգիները ծախում են»: Իսկ հանրահավաքին ներկա գտնվող, 1989 թվից երդվյալ ԱԻՄ-ական Նյուրա Հովսեփյանը խնդրեց թերթի միջոցով փոխանցել այն միտքը, որ ինքը «Հայրիկյանի սահմանադրական բարեփոխումների փաթեթին» (որ առաջարկվող նախագծի մեջ տեղ է գտել) կողմ է, երկքաղաքացիությանը՝ առավել եւս, քանի որ արտերկրում հարազատներ ունի, սակայն կողմնակից է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն լինի՝ Վրաստանի նման»: Նա էլ, շատերի նման, համոզված է, որ անկախ ժողովրդի մասնակցությունից, «սահմանադրությունը անց են կացնելու»: