Ամին Մաալուֆ. «Եթե ես ստեղծված եմ Երկրից, ապա ամբողջ Երկիրն իմն է, եւ բոլոր մարդիկ իմ ազգականներն են»

08/12/2011

Ես քաղաքակրթությունների բախման կողմնակիցը չեմ: Անգամ, եթե այն, ինչը հասկանում են որպես քաղաքակրթությունների բախում, գոյություն ունի, մենք պետք է դրա դեմ պայքարենք: Պետք չէ կարծել, որ այդպիսին է այս աշխարհի ճակատագիրը, նրա ապագան, որ դա ժողովուրդների միջեւ բնական վիճակն է: Իրերի նման վիճակն անհեթեթ է, եւ այն պետք է հաղթահարվի: Քանզի աշխարհը չի կարող զարգանալ այլ կերպ, քան հաղթահարելով նման հակամարտությունները եւ ապահովելով համագոյակցությունը ոչ միայն քաղաքակրթությունների, այլ նաեւ առանձին մարդկանց մակարդակներում:

Եվրոպան պետք է դառնա նման գաղափարի օրինակ, որովհետեւ նա ունակ է գտնել այդ խնդրի լուծումը: Ես խորապես համոզված եմ, որ մենք դեռ չենք կանգնել այդ ուղու վրա: Մենք պետք է հասցնենք մարդկանց, հատկապես` երիտասարդներին, որ համագոյակցությունն այնպիսի բան է, որը սովորում են ամբողջ կյանքի ընթացքում:

Մեր աշխարհն այսօր շատ է փոխվել նյութական առումով, իսկ մտածողությունների մակարդակում այն մնացել է նույնը: Յոթերորդ դարում մի արաբ բանաստեղծ ասաց. «Եթե ես ստեղծված եմ Երկրից, ապա ամբողջ Երկիրն իմն է, եւ բոլոր մարդիկ իմ ազգականներն են»: Ես էլ եմ կարծում, որ մեր դարում եւս անհրաժեշտ է ընդունել այս գաղափարը: Գաղափարը, որ ամբողջ մարդկությունն ունի մեկ ընդհանուր ճակատագիր:

Այո, Արեւմուտքն անցել է բարոյականության սահմանագիծը` մյուս երկրների նկատմամբ: Սակայն ես համոզված եմ, որ Արեւմուտքը խորապես հավատարիմ է որոշակի սկզբունքներին: Սակայն դարեր շարունակ նա չի կիրառում այդ սկզբունքներն ուրիշների հետ իր հարաբերություններում: Այսինքն, Մեծ Բրիտանիան Անգլիայում բոլորովին այլ ձեւով էր իրեն պահում, քան Հնդկաստանում: Ֆրանսիան Ֆրանսիայում այլ էր, քան Ալժիրում կամ Մադագասկարում: ԱՄՆ-ը, լինելով գերտերություն եւ ժողովրդավարական երկիր իր սահմանների ներսում, չի կիրառում իր նույն սկզբունքները Հարավային Ամերիկայում եւ աշխարհի մյուս երկրներում:

Պետք է, որ մարդիկ, որոնք հավատարիմ են որոշակի սկզբունքներին, պահպանեն դրանք ոչ միայն իրենց մոտ, այլ նաեւ ամբողջ մնացած աշխարհում: Բեռլինյան պատի անկմանը հետեւած վարչակարգերի անկումը պատմության դաս է, որը մենք պետք է հիշենք: Լուծումը պետք է լինի կապիտալիզմը, բայց ոչ` ինչ ուզես ձեւով: Ոչ այն կապիտալիզմը, որը դիտում է տնտեսությունը` որպես մեծ խաղատուն, որտեղ մի քանի մարդ խաղում են մնացած միլիարդավոր մարդկանց ճակատագրերով: Այսօր մեզ պետք է այնպիսի տնտեսական կացութաձեւ, որտեղ տեղ կա մարդասիրության, մարդու հանդեպ հարգանքի, մարդկային արժեքների համար:

Ejournal.am