9-ամյա Վահանն իր կատուների ու շան հետ միեւնույն տան մեջ խաղում է: Տունը Չարբախում է:
Կատուն ցատկում է սեղանին: Ասում եմ` «Վահան չե՞ս վախենում, որ հանկարծ կատվի մազը կուլ կտաս ու կհիվանդանաս»: Վիրավորվում է` «Ես իրանց շատ եմ սիրում, չեմ հանի դուրս, մի օր շանս տարան Թոխմախում կորցրին, որ էլ չգա, 2 օրում հասավ Չարբախ, գտավ մեր տունը, դե մենք ուտելու բան չունենք, բայց դրսում ինչ գտնում, ուտում ա»: Օրագիրը բերում է, որ նայեմ, 2-ներ ու 5-եր ունի, 5-երը հիմնականում ֆիզկուլտուրայից են: Ասում է՝ «Անունս հանկարծ թերթում չգրես, դասարանցիներս կիմանան, կծաղրեն, կծիծաղեն վրաս, կռիվ կանեմ»: Ասում եմ՝ «Բա որ մեծանաս ի՞նչ ես անելու»: Ասում է՝ «Ռոբերտ Քոչարյանին սպանելու եմ»: Ինչո՞ւ: Ասում է՝ «Որ իրա փոխարեն ես նստեմ նախագահ ու սաղին օգնեմ»: «Ո՞նց օգնես»,- հարցնում եմ: «Աղքատներին կերակրեմ,- ասում է,- կամ էլ կարող ա դառնամ երշիկի ցեխի կամ հացի փռի շեֆ, որ սաղին ուտելու բան բաժանեմ: Ես Քոչարյանին չեմ սիրում, Պուտինին եմ սիրում, գնալու եմ Ռուսաստան, ինքը օգնում ա աղքատներին»: Հարցնում եմ՝ «Իսկ դու Քոչարյանից ի՞նչ ես ուզում». Ասում է` «Եսիմ… հեծանիվ, բայց ինքը չի տա, Պուտինը կտա, կգնամ Ռուսաստան»: Վահանի մայրը միջամտում է, իսկ երեխան մորը թույլ չի տալիս տրտնջալ, քչփչում է մոր ականջին, թե՝ մի ասա, որ աղքատ ենք, դպրոցում կիմանան: Վահանը հպարտ է, այնքան հպարտ, որ ձեւացնում է, թե կուշտ է, նաեւ ձեւացնում է, թե ինքը 100%-անոց տեսողություն ունի: Իսկ երբ նա բակ է գնում, մայրը մեզ հետ զրույցում ասում է, որ տղայի մի աչքն ընդհանրապես չի տեսնում: Վահանը ծնողների յոթերորդ զավակն է: 7 երեխաներից ավագը Ղարաբաղում ծառայում է: Դեկտեմբերին ծառայությունը կավարտի, կվերադառնա տուն: Ծառայության ընթացքում նրան ոչ ոք չի այցելել: Մորը՝ Նինային, հարցնում եմ՝ ինչո՞ւ չի դիմում զինկոմիսարիատ, չէ՞ որ 7 երեխաների մայր է, անվճար կուղարկեն որդուն տեսնելու: Ասում է՝ «Ո՞ւմ դիմեմ, ի՞նչ օրենք: Ախր օրենքով տղայիս պիտի ոչ թե Ղարաբաղ, այլ մոտ տեղ տանեին ծառայելու: Որ դիմեմ՝ ի՞նչ, ո՞նց թեւերս թափ տալով գնամ տեսակցության… Երկու տարին լրանում է, բայց մի հատ օտպուսկ չտվեցին, ինչո՞ւ, որովհետեւ աղքատ ենք, փող չենք կարող տալ»: Ի տարբերություն ավագ եղբորը, Վահանը բանակ չի գնա, որովհետեւ մի աչքի կուրություն ունի: Բժիշկն է այդպես ասել. «Ես չգիտեի, որ էդպիսի բան կա, ինը տարեկան է, բայց մտքներովս չէր անցել նույնիսկ, որ աչքի պրոբլեմ ունի: Բժիշկն ասեց, եթե ի ծնե մի աչքը չի տեսնում, ուրեմն՝ չի բուժվի, բայց եթե նոր է եղել՝ վիրահատություն պիտի լինի»: Վահանի մայրը չի կարողանում իմանալ. ի ծնե՞ է Վահանի աչքը կույր, թե՞ տարիների ընթացքում է եղել: Բժիշկները կոնկրետ բան չեն ասում, «գլխառադ» են անում, որովհետեւ 7 երեխաներից բաղկացած ընտանիքի համար բուժումն անվճար պետք է լինի: 7 երեխաների մայրը պատմում է, որ Վահանը ծնված օրվանից հիվանդ է, մշտապես ջերմություն ունի ու կոկորդը միշտ լիքն է, խեղդվում է: Վերջերս Վահանի մոտ հաճախակի ուշագնացություն է լինում, լեզուն է կուլ գնում, հազիվ են փրկում: Բժիշկը հորդորել է, թե կանցնի, սակայն նոպաներն ավելի են շատացել: Վահանը ուշաթափվում է, կապտում է ու լեզուն կուլ է գնում: Ասում են, որ էպիլեպտիկ նոպաներ են, բայց մայրն այլեւս նրան բժշկի չի տանում, ասում է՝ գլխառադ են անում:
Վահանը գալիս է տուն: Հարցնում եմ՝ «Տեսողությունդ ո՞նց է»: Այլայլվում է ու ատամները սեղմած մորն է նայում. «Լավ ա, շատ լավ ա, ամեն ինչ լավ ա, երկու աչքս էլ տեսնում ա, ամեն ինչ տեսնում եմ, մաման ճիշտ չի ասել»: Ասում եմ՝ «Գրի՞պ ես, էդ ինչո՞ւ ես հիվանդացել»: «Հա, ես միշտ գրիպ ու հիվանդ եմ: Վիրուս եմ: Նայի` չվարակվես»: Վահանի մյուս եղբայրը 7-րդ դասարանում է: Սեպտեմբերի 1-ից սկսած շաբաթներով դպրոց չէր գնում, որոշել էր այլեւս չգնալ, որովհետեւ շոր չուներ, մայրը չէր ստիպում, քանի որ հասկանում էր, որ որդին առանց շորի չի կարող գնալ: Հիմա գնում է դպրոց, հագած շորեր են տվել: Մայրը խորամանկություն է արել, ասել է` որ հարցնեն՝ ինչո՞ւ չես գնացել, կասես` հիվանդ էի: Այդպես էլ արել է ու հիմա գնում է դպրոց: Ինը հոգանոց այս ընտանիքն անմարդկային պայմաններում է ապրում: Փոքրիկ խրճիթում, ուրիշի տված հագուստներով, քաղցած մեծանում են 7 երեխաներ: Նրանց մայրն ազգությամբ ռուս է: Ռուսաստանում ծառայող հայ ամուսինն իրեն հավանել է, ամուսնացել են ու եկել Հայաստան: Նինան տասնյակ տարիներ ծնողներին չի տեսել, ծեր մարդիկ են, բայց չի կարող գնալ, մտքով էլ չի անցնում, որովհետեւ երեխաները սոված են, հացի փող անգամ չունեն: Հարազատներից տեղեկություն չունի: Խրճիթում ապրող այս մարդիկ ձմռան ցրտին կամ կդիմանան, կամ՝ ոչ: Վառելիք չունեն, տաք հագուստ` նույնպես: Երեխաները հատակին են քնում, սառը ցեմենտին, անկողին էլ չունեն: Գցելու, անպիտան մուշտակներ ունեն, որոնք վերմակի տեղ են ծառայում: Պառկում են հատակին, մուշտակը գցում ու սրթսրթալով քնում են, կամ ցրտից աչքները չի փակվում, որ քնեն: Հարեւան 80-ամյա մի տատիկ, որը միայնակ էր ապրում, մահացել է: Հարեւանները որոշել են տատիկի անկողինն այրելու փոխարեն` այս ընտանիքին տալ: Հիմա երեխաներից մեկը կամ երկուսը մահացած տատիկի անկողնու մեջ են քնում: Տիկին Նինան քարացած հայացք ունի ու սառնասրտորեն պատմում է, որ մյուս որդին գնում էր կարատեի: Պարապմունքի ժամանակ վատ է զգացել, ստուգել են ու մորն ասել, որ տղան սրտի արատ ունի: 7 երեխաների մայրը սառնությամբ պատմում է, թե որ երեխայի մոտ ինչ հիվանդություններ են հայտնաբերվել: Այս կինը խոսելուց անգամ մտածում է երեխաներին կերակրելու մասին: Լույսն անջատում են, իսկ հաց չի կարող թխել: Վահանն ասում է, որ կոկորդը ցավում է, խեղդում է: Մայրը չի արձագանքում, լուռ է, կաշկանդված է: Ամուսինը քարի ցեխում բանվորություն է անում: Ասում է` «Շատ անգամ եմ գնացել Շենգավիթի թաղապետարան, չեն մերժում, բայց չեն էլ օգնում: Մի անգամ ասեցին` կօգնենք:
4-5 շաբաթ գնում էի, ծախս էի անում, վերջում 3000 դրամ տվեցին, բայց գնալ-գալու համար կրկնակին, եռակին ծախսել էի»: Վահանն իր չարաճճիությամբ փորձում է մորն ուրախացնել, սակայն մոր դեմքին ժպիտ չկա: Ասում է՝ «Վահանի մոտ նեւրոզից ա նոպա սկսվում: Բժիշկն ասում էր, էդ հիվանդությունը նեւրոզից ա լինում: Ասում էր՝ կանցնի, ավելի շատացավ: Ինչքան մեծանում ա, նոպաները շատանում են»: Վահանը քրոջ մետաղե մատանիները շարում է մատներին: Հրճվում է մատանիներով: Ասում է՝ «Հարսնացու ունեմ, բայց չեմ ասի` ով ա: Կամուսնանամ, կտանեմ Ռուսաստան, Պուտինի հետ կծանոթացնեմ, կօգնենք աղքատներին: Հաց, երշիկ, բան-ման կբաժանենք: Դպրոցում ընկերներ ունեմ, իրանք ինձ չեն կարա ծաղրեն, կռիվ կանեմ, կծեծեմ»: 9-ամյա Վահանը կարողանում է իրեն պաշտպանել, սակայն այդ բարդույթից ագրեսիվ է դառնում: Նա ենթագիտակցորեն, ամեն վայրկյան պաշտպանվում է, թույլ չի տալիս, որ իրեն խղճան:
Հ.Գ. Այս հրապարակման մեջ, հասկանալի պատճառներով, ընտանիքի անդամների անունները փոխված ենք ներկայացնում: