ԱՄՆ-ը պաշտպանելու է գեյերին ու լեսբուհիներին

08/12/2011

ԱՄՆ-ը որոշել է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները ողջ աշխարհում: Բոլոր դեսպանատներին հանձնարարական է ուղարկվել` պահանջելով անհապաղ արձագանքել գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների եւ տրանսգենդերների իրավունքների խախտումներին այս կամ այն երկրում: Դեկտեմբերի 6-ին սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ Ժնեւում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ասելով. «Երբ այդ մարդիկ ենթարկվում են բռնության, երբ նրանց ծեծում են իրենց կողմնորոշման կամ այն բանի համար, որ նրանք հասարակությունից տարբերվող տեսք ունեն. դա մարդու իրավունքների խախտում է: Երբ կառավարությունը օրենսդրորեն նրանց հանցագործ է համարում, երբ նրանց ստիպում են հորմոնոթերապիա անցնել, որ համապատասխանեն «իրենց» սեռին, երբ կոչեր են հնչում դատաստան տեսնել նրանց հետ, դա մարդու իրավունքների խախտում է»:

Նրա փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնեցրել է ԼԳՏԲ հանրության անդամների պաշտպանության ռազմավարության իրականացումը ողջ աշխարհում: Նաեւ տեղեկացրել է «Համաշխարհային հավասարության հիմնադրամի» ստեղծման մասին, որն աջակցելու է հասարակական կազմակերպություններին: