Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանն անօրինական ճանաչեց «ԱրմենՏելի» աշխատակիցների սահմանադրական իրավունքը: Բանն այն է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ ղեկավարությունը նոյեմբերի 11-ին դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան` ընկերության «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների» տնօրինության մոտ 50 աշխատակիցների կազմակերպվելիք գործադուլն անօրինական ճանաչելու համար: Հիշեցնենք, որ այդ աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը նախազգուշացրել էին իրենց պահանջը չկատարելու դեպքում գործադուլ կազմակերպելու մասին: Գործադուլավորները պահանջել էին աշխատանքից ազատել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների» տնօրինության գլխավոր տնօրենին` նրան մեղադրելով Հայաստանում ինֆորմացիոն եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտելու, հատկացված գումարները փոշիացնելու եւ պրոֆեսիոնալ մասնագետներին կանխամտածված հետապնդելու մեջ: Եվ նոյեմբերի 17-ի առավոտյան 10-12-ին նրանք արեցին մի նախազգուշական գործադուլ: Իսկ ժամը 13-ի սահմաններում գործադուլավորները ստացան Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրն այն մասին, որ «ԱրմենՏելի» դիմումի համաձայն` դատական գործ է հարուցվել, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 11-ին: Փաստորեն, դատի մասին ծանուցումն այնպես էր կազմակերպվել, որ գործադուլավորներին ժամանակ չէր մնում գործին ծանոթանալու եւ դատապաշտպան գտնելու համար: Բացի դրանից, «ԱրմենՏելը» դատարան հայց է ներկայացրել նոյեմբերի 11-ին եւ խնդրել է անօրինական ճանաչել դեռ տեղի չունեցած՝ նոյեմբերի 17-ի գործադուլը: Դատարանը երեկ դռնփակ նիստում բավական երկար քննեց գործը եւ որոշեց գործադուլը համարել անօրինական: Դժվար է ասել, թե ինչքանով է օրինական կամ կոռեկտ եղել «ԱրմենՏելը», երբ դեռ չկայացած գործադուլի համար դատական հայց է ներկայացրել, կամ ինչքանով է ճիշտ գտնվել դատարանը, երբ ընդունել է այդ հայցը եւ բավարարել: Մանավանդ, որ վիճարկվում էր մի բան, որը դեռ չէր կայացել, եւ որը սահմանադրորեն թույլատրելի էր: Բայց Քանաքեռ-Զեյթուն դատարանը, անկախ հայցի ընդունման ժամանակից, ճիշտ էր հաշվարկել գործադուլը սկսելու եւ ավարտելու րոպեները եւ դատի նշանակման ծանուցագիրն այնպես էր ուղարկել, որ այն հասցեատերերին է հասել գործադուլի ավարտից անմիջապես հետո: Այսինքն. հայցորդը երբ է տվել իր դիմումը, դա կարեւոր չէ, կարեւոր է, որ դատարանը պատասխանող կողմին ծանուցել է արդեն իրականացրած գործադուլից հետո:
Ավելացնենք, որ «ԱրմենՏելը» հայցադիմումի մեջ նշել է, որ «գործադուլի իրականացումն անօրինական ճանաչելը կարող է հիմք հանդիսանալ մասնակիցներին ազատելու համար»: Ասել է թե, եթե դատարանի վճռից 15 օր անց վճիռը չբողոքարկվի, գործադուլի մասնակիցները աշխատանքից կհեռացվեն։ Իսկ «ԱրմենՏելի» աշխատակիցների գործադուլային կոմիտեի նախագահ Հարություն Խառատյանը տեղեկացրեց, որ իրենք վճիռն անպայման բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:
Ա.Ա.