Կիրակի օրը «Թումո» կենտրոնում ՀՀԿ-ի հրավիրած տնտեսական կոնֆերանսում ներկայացված փաստաթղթի հեղինակները համոզված են, որ արդյունաբերության 11 գերակա ճյուղերին պատշաճ ուշադրություն դարձնելու դեպքում՝ արտահանման ծավալները 2015թ. կհասնեն 3.5 միլիարդ դոլարի, իսկ 2020թ.՝ 5.5 միլիարդի։ Հիշեցնենք, որ Հայաստանից արտահանումը այժմ կազմում է 1.2-1.3 միլիարդ դոլար։ Կառավարությունը ներկայացրել է 11 ճյուղերից առայժմ միայն 3-ի վերլուծությունները՝ դեղագործություն, կոնյակագործություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն։ Թե որքանով են իրատեսական այս կանխատեսումները՝ ցույց կտա ժամանակը (եթե, իհարկե, ՀՀԿ-ն գալիք ընտրություններում հաղթանակ տանի եւ փորձի կյանքի կոչել իր ծրագիրը)։ Ամեն դեպքում, եթե վերը նշված ոլորտներում չհաջողվի բեկումնային զարգացում ապահովել, ապա 3.5 միլիարդ արտահանման ծավալներին հնարավոր է հասնել հանքահումքային արտադրանքի գների աճի հաշվին։ Ի դեպ, մինչ այժմ արձանագրված աճը եղել է հենց գնաճի շնորհիվ։