Դեկտեմբերի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ըստ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, երեկ նա հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները: «Մենք իրականացնում ենք լուրջ եւ հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձեւաչափով»,- ըստ այդ հաղորդագրության` ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն: «Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է վարչապետը, ով, իհարկե չի «մանրացել» եւ չի ասել, որ այդ հայեցակարգը ներկայացվել է «ՀՀԿ-ի տնտեսական սեմինար» կոչվող միջոցառման շրջանակներում: «Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունների եւ համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ: Դրանք մեկտեղում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջնայնություններն, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը: Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից առաջ Տիգրան Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, Թոմաշ Պորեբայի խնդրանքով` ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների ուրվագիծը: Երեկ Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաեւ Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի եւ Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիայիդիսի հետ: