«Սոցիոլոգիական հարցումներից, իմ դիտարկումներից, նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով` պիտի որ մոտավորապես նույն արդյունքները լինեն»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: «Հանրապետական կուսակցությունը, բնական է, որ պիտի լինի` մանդատներ վերցնի: Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի», միջեւ է լինելու ձայների մեծ մասի պայքարը, եւ կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը իր արդյունքը համարյա կկրկնի` մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ»,- նշել է նա` ավելացնելով, թե փոփոխություն կարող է լինել ընդդիմադիր դաշտում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը կարող է զբաղեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հարցին, թե ԱԺՄ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց` դա կուսակցությունը պիտի որոշի: «Մոտ ժամանակներս երեւի կամ վարչության նիստով, կամ խորհրդի նիստով կորոշվի»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին խոսակցություններին, Վազգեն Մանուկյանի կարծիքով` «դրանք սովորական ընտրական տեխնոլոգիաներ են»: