«Քվեարկությունն, ընդհանուր առմամբ, լավ է կազմակերպվել, սակայն ընտրական գործընթացի որակն ակնհայտ վատթարացել է քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, որն ուղեկցվել է խախտումներով ու մեքենայություններով, ներառյալ` քվեաթերթիկների լցոնման լուրջ դեպքերը»: Որքան ծանոթ տեքստ: Այն բոլորս գիտենք գրեթե բերանացի: Քանի որ լսում ենք յուրաքանչյուր համապետական նշանակության ընտրությունից հետո` խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ: Տեքստի հեղինակները ԵԱՀԿ դիտորդներն են, ովքեր, գրեթե վստահ եմ, նախկին ԽՍՀՄ որեւէ երկիր ընտրությունները դիտարկելու մեկնելուց առաջ` պատրաստի այս տեքստը դարակից հանում են, խնամքով ծալում եւ դնում ծոցագրպանը: Դեկտեմբերի 4-ին ՌԴ Պետդումայի ընտրությունները դիտարկելու գնացած եվրոպացիներին այդ թուղթը դարձյալ պետք եկավ: Սակայն նման գնահատականների գինը մենք` հայաստանցիներս, լավ գիտենք: Այն կոտրած գրոշի արժեք չունի, քանի որ որեւէ ձեւով չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Առհասարակ, Հայաստանում ընդդիմադիր հատվածին աշխույժ պահելու նպատակով (հատկապես ՀԱԿ հանրահավաքներում) հիշատակվում են Եգիպտոսի, Լիբիայի, Թունիսի իրադարձությունները: Իբր` տեսեք, թե ինչպես կայծը բավարար էր` հրդեհի համար: Հանուն արդարության փողոց դուրս եկած ժողովուրդը ինչպես վարվեց դիկտատորների հետ: Գրեթե հաղթանակեց: Ճիշտ է, քաղաքացիական անհնազանդությունից առաջ արաբները համբերատար սպասում էին: Անցավ 20 տարի, ապա` 30, 40: Իսկ հետո հանկարծ պայթեց բողոքի համազգային ալիքը: Քանի որ մենք եւս, արաբների նման, ունենք երկու ոտք, երկու ձեռք եւ մեկ գլուխ, նույնը հնարավոր է նաեւ մեր հասարակության դեպքում: Թեեւ այս դեպքում հաշվի չենք առնում մի քանի կարեւոր գործոն: Նախեւառաջ` ովքեր են արաբական երկրներում հեղափոխության կորիզը` 25-35 տարեկան երիտասարդները: Այսինքն` դա երիտասարդ, կյանքի հեռանկար ունեցող մարդկանց հասարակություն է:
Դժվար է ասել` մարդկանց այն ռեսուրսով, որ այսօր Հայաստանում է, նման սյուժետային զարգացում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ավելի հավանական է` ոչ: Լռել եւ հետաքրքրասիրությունից դրդված` սպասել իրադարձությունների զարգացմանը: Սա է հասարակության մեծ մասի փիլիսոփայությունը: (Հաճելի բացառություն են բնապահպանները` երիտասարդ մարդկանց փոքրիկ խմբերը, որոնք լոկալ հաղթանակներ են տանում):
Բանն այն է, որ մեր երկրում հասարակ մարդիկ, ովքեր այսօր պատրաստ են հրապարակներում կազմել կրիտիկական զանգված, ունեն նույն մտածողությունը. նույն արժեքների կրողն են, ինչ իշխանությունները: Պաշտոն տվեք ցանկացածին` իշխանությունից բողոքող ընդդիմադիր քաղաքական գործչին, մտավորականին, եւ նա կարճ ժամանակում կվերածվի կոռումպացված, աշխատանքին մատների արանքով նայող չինովնիկի: Անգամ ազատ (այս բառը մեր երկրում պայմանականորեն ենք գործածում) լրագրողը, երբ հայտնվում է հեռուստաէկրանին կամ դառնում է լրատվական որեւէ ծառայության ղեկավար, անմիջապես վերածվում է գաղտնապահ ու կասկածամիտ չինովնիկի: Այսինքն, մեզնից յուրաքանչյուրը լուրջ տարաձայնություններ իշխանությունների հետ, խոշոր հաշվով, չունի: Նա, ով ունի (ում որդին բանակում զոհվել է, խելագարվել է, ում հարազատին անօրինական վճռով ազատազրկել են, ում տունը ձեռքից խլել են` ստորադասելով պետության գերակա շահին), միայնակ է: Նրանցից յուրաքանչյուրը փոքրիկ խմբով փորձում է լուծել իր խնդիրը: Հասկանալի է` ապարդյուն: Հասարակական այս կամ այն շարժումը ժամանակ առ ժամանակ զբաղվում է այս մարդկանց խնդիրը հրապարակ հանելով: Սակայն ոչ մեկի անձնական ողբերգությունը հասարակության բողոքի մեծ ալիք բարձրացնելուն չի ձգում: Այնպես որ, արաբական աշխարհի նախադեպերը մեզ համար չեն: Սակայն լրիվ այլ պատմություն է Ռուսաստանը: Այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր քաղաքական իրադարձություն մինի ձեւով արտացոլվում է մեզ մոտ: Այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում` դեկտեմբերի 4-ին, ոչնչով չէր կարող զարմացնել մեզ. դիտորդները պատմում էին լցոնումների, «կարուսելի», ընտրատեղամասերից իրենց բռնի հեռացնելու մասին: Սակայն ամեն ինչ որոշվել է քվեաթերթիկները հաշվելիս: Իսկ հաշվել են այնպես, որ Ռուսաստանի իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունն ունենա 50+1 տոկոս: Հայտնի ճշմարտություն է` կարեւոր չէ` ում կընտրեն, կարեւորը` ինչպես կհաշվեն: Եվ խորհրդարանական այս ընտրությունների արդյունքները արդեն թույլ են տալիս գրել ՌԴ հաջորդ նախագահի անունը:
Ոչ ոք չի վիճարկի, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեզ մոտ տեղի է ունենալու նույն սցենարը, ինչ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին: Որքան էլ երկրի նախագահը, նրա արբանյակները պնդում են, թե այս անգամ ընտրությունները լինելու են բացառիկ, դրանց չի հավատում ոչ ոք: Գուցե թե միայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեեւ ենթադրում եմ` նա էլ է ձեւացնում:
Կուսակցական փորձագետները, սոցիոլոգները Հայաստանի համար խորհրդարանական ընտրությունների տարբեր սցենարներ են նկարագրում` դեպքերին սրություն հաղորդելով ՀՀԿ-ԲՀԿ իբր լուրջ տարաձայնություններով, ԲՀԿ-ՀԱԿ իբր հնարավոր դաշինքով: Ամեն ինչ կարող է պատահել, միայն թե ակնհայտ է մեկ բան` խորհրդարանում ձայների 50+1 տոկոսի տերը ՀՀԿ-ն է լինելու: Դրա դեմ լրջորեն ոչ ոք չի պայքարում` ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մյուս կուսակցությունները: Ենթագիտակցորեն (եւ ոչ միայն) բոլորը հաշտվել են այդ տխուր մտքի հետ: Խնդրո, անհամաձայնությունների առարկան մնացած 49 տոկոսից տեղեր ստանալն է: Այսինքն` քաղաքական դաշտում պայքարն ընթանում է հենց ա՛յս տրամաբանությամբ: Իսկ սա նշանակում է` քանի դեռ խանութներում սննդամթերք կա, տոնավաճառներում` հագուստ, իսկ հեռուստատեսությունը սերիալներ է ցուցադրում, քանի դեռ ավտոտնակում նոր գնված թանկարժեք ավտոմեքենա կա, մեր երկրում քաղաքական լուրջ ընդվզում, որը փոփոխությունների կբերի, դժվար է կանխատեսել: