ՀԴՄ. հունվարին կշահեն նաեւ 4 թվերի համընկնումով կտրոնները

06/12/2011

ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները, որպես պարգեւավճար, կստանան նաեւ 100 բջջային հեռախոս եւ 200 մոդեմ ու 6 ամսով անվճար ինտերնետ կապ:

Օրերս պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնի դարձերեuին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011թ. նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012թ. ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին: Նշենք, որ տարեկան շրջանառվում է մոտ 240 միլիոն ՀԴՄ կտրոն: Նշված պարգեւավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն դեկտեմբերի 1-ից ձեռք բերվող ՀԴՄ կտրոնները:

Պարգեւավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 եւ ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն ներկայացնող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով:

Ըստ ՊԵԿ հարկման ընթացակարգերի բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի, «անցկացված մրցույթի արդյունքները հնարավորություն են ընձեռում ամսական լրացուցիչ եւս 300 մարդու պարգեւավճար տրամադրել, ինչն էլ ավելի կշահագրգռի սպառողներին` պահանջել ՀԴՄ կտրոնները, դրանով նպաստելով հասարակության կողմից ՀԴՄ կիրառման նկատմամբ հսկողության իրականացմանը»:

Նշենք, որ 10 տարի առաջ առեւտրի կետերում տեղադրված 400 ՀԴՄ-ի համեմատ` ներկայում այդ թիվը հարյուրապատկվել է` հասնելով շուրջ 40,000-ի: Վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգեւավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս: 2011-ին մեր համաքաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 150 ավտոմեքենա: