«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, որում բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները գնահատում է որպես հրամանատարական կազմի անփութության եւ անտարբերության հետեւանք: «Նրանց կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքով եւ կանոնակարգով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ նախաձեռնության անդամների, նշված երեւույթի հետեւանքով է տուժում հայոց բանակը եւ հայ զինվորը, որը, որպես վերջին միջոց, ստիպված է լինում ընդվզել անարդարությունների եւ խտրականության դեմ, ու այդ ներքին ընդվզումն ավարտվում է ինքնասպանությամբ կամ, լավագույն դեպքում, զինծառայությունը մի կերպ ավարտելուց հետո Հայաստանը հավերժ լքելու երազանքով: «Հայտնի են նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ ինքնասպանություն գործած կամ սպանված զինվորների հարազատներին վճարում կամ վախեցնում են` լռելու համար: Սարսափելի հրեշավորությամբ նրանք լռում են… Բանակում տիրող խայտառակության առաջին եւ անմիջական պատասխանատուն շարունակում է մնալ ԶՈւ հրամանատարը` Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Չենք լռելու»-ն շարունակում է պահանջել վերջինիս հրաժարականը»: