Հայ հասարակության վզին փաթաթված «Սահմանադրական բարեփոխումներին՝ Այո» բանաձեւի դիկտատը գնալով լուրջ բնույթ է ստանում: Առաջին հերթին այն պատճառով, որ այդ բանաձեւով խթանված հասարակական տրամադրությունների վեկտորը հանդիպել է լուրջ դիմադրության բեւեռի, որը զինված է «Ո՛չ իշխանություններին» կարգախոսով: Բարեփոխումների գործընթացը վերաճել է իշխանությունների ու ընդդիմության հակամարտության: Թվում է` այստեղ ոչ մի անսպասելի բան չկա. այդ հակամարտությունը շարունակվում է դեռ 1999-ից: Բայց մի բան այնուամենայնիվ անսպասելի է. քաղաքական վերնախավը մի բան է առաջարկում, հասարակությունը լրիվ այլ կերպ է արձագանքում դրան: Հասարակության առջեւ հարց է բարձրացել` գնա՞լ առաջ «ոչ լեգիտիմ» իշխանությունների հետ, թե՞ ողջ էներգիան կենտրոնացնել այդ իշխանության դեմ պայքարի գործում: Ավելի ճիշտ` այդպիսի հարց հասարակության առջեւ ակամայից դրել են իշխանություններն ու ընդդիմությունը` ամեն մեկը ցուցադրելով իր «ճիշտ լինելը»: Այս ամենի մեջ անսպասելին այն է, որ հայ հասարակությունը պարզապես սահմանազատվել է վերնախավի գործողություններից: Եվ բանն այն չէ միայն, որ հասարակությունը չի գիտակցում բարեփոխումների արժեքը, այլ այն, որ Հայաստանի քաղաքացիները սովորել են հասկը մոլախոտից տարբերել: Քչերն են համարում, որ քաղաքական վերնախավին իրոք անհանգստացնում է երկրի սահմանադրական կարգը: Եվ քչերն են ցանկանում խառնվել այդ ամենին, մի մասը` հուսահատությունից, մյուս մասը` միանգամայն գիտակցաբար: Ո՞ւր կարող են հասցնել այս քաղաքական գործընթացները: Պարզ է, որ եթե հասարակությունը մնա անորոշության մեջ, այդ գործընթացները կտեղայնացվեն իշխանություն-ընդդիմություն գործողությունների շրջանակներում: Իշխանությունը ձեւացնում է, թե հասարակությունն իրեն աջակցում է, ընդդիմությունն էլ «զանգվածային ավտոակցիաներ» է անցկացնում` ամեն անգամ դառնալով հասարակության անտարբերության ականատեսը: Բոլորին պարզ է, թե ինչ է լինելու: Երկու տարբերակ կա. հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս` «այո», եւ ընդդիմությունը դրանք հայտարարում է կեղծված: «Ոչ»-ի դեպքում ամեն ինչ մնում է նույնը, հասարակությունն էլ հայտնվում է «կոտրած տաշտակի առջեւ»: Բայց ի՞նչ է կատարվում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հոգում: Մեծ համոզվածությամբ կարելի է ասել. այդ հոգին զգում է, որ դա առաջընթացի ուղին չէ: Յուրաքանչյուր հասարակ քաղաքացի առաջընթացն ընկալում է իբրեւ երկրում ավելի արդար կարգերի հաստատում, երբ բոլորի համար հավասար պայմաններ կապահովվեն: Եվ բոլորն էլ տեսնում են, որ ոչ մի այդպիսի բան տեղի չի ունենում` ո՛չ աջից, ո՛չ ձախից: Ու դրա համար էլ այլեւս չեն արձագանքում ազգի փրկության ու տնտեսական հրաշքի մասին կոչերին: Բայց եթե այսօր ոչ ոք բարեփոխումներին չի հավատում, ապա վաղը կարող է պարզ դառնալ, որ սահմանադրությունը քաղաքացիների անտարբերության պայմաններում կարող է վերածվել հենց այդ քաղաքացիներին ճնշելու լրացուցիչ մեխանիզմի:
Քաղաքացիների գիտակցության այսպիսի զարգացումը կարող է միանգամայն այլ հեռանկար ունենալ: Երկրում նոր քաղաքական ուժերի երեւան գալու հնարավորություններ կստեղծվեն. քաղաքական գաղափարների ու կազմակերպությունների վակուումը չի կարող երկար գոյություն ունենալ: Իհարկե, այդ վակուումը կարող են լցնել նաեւ այլ ուժեր: Հայաստանում արդեն նկատելի է քաղաքականություն խաղացող քրեական տարրերի կազմակերպված աճը: Մեր հասարակությունն իր ապագայի հանդեպ մեծ պատասխանատվություն է կրում: Առաջին անգամ միայն իրենից է կախված իր ճակատագիրը: Երկրի քրեականացման ճանապարհը կարող է կանխել միայն հասարակության ակտիվ դիրքորոշումը: