Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի նորընտիր գյուղապետ, արդեն նախկին ԲՀԿ-ական Հրայր Գալստյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամագրվելու դիմում է գրել: Հիշեցնենք, որ կիրակի օրը կայացած ընտրություններից մի քանի օր առաջ Հրայր Գալստյանը դուրս էր եկել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունից եւ ընտրվելուց անմիջապես հետո ՀՀԿ-ին անդամագրվելու որոշում կայացրել: Ըստ ԶԼՄ-ների` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընտրություններից առաջ իր մոտ է հրավիրել Հրայր Գալստյանին եւ առաջարկել` եթե ցանկանում է հաղթել ընտրություններում, ուրեմն պետք է դուրս գա ԲՀԿ-ից եւ անդամագրվի ՀՀԿ-ին: Տասը տարուց ավելի գյուղը ղեկավարած` արդեն նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Հրանուշ Սերոբյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նորընտիր գյուղապետի մասին ասել է. «Իշխող կուսակցության անդամ եմ, էդ երիտասարդն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր թեկնածությունը առաջադրելիս, թեկնածությունը հաստատելուց հետո` ամսի 16-ին, ԲՀԿ-ից դուրս եկավ, դարձավ հանրապետական: Չեմ կարող ասել, թե ինչու, եզրակացությունը թողնում եմ ձեզ: Մեր գյուղի տղան է, թող լավ բաներ անի, գյուղի համար է»: Ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ գյուղի բնակչության մեծամասնությունը (նրանց խոսքով` մոտ 90 տոկոսը), ԲՀԿ-ի համակիրներ են, եւ անգամ գյուղապետի` ՀՀԿ-ական դառնալուց հետո, առաջիկա ընտրություններում իրենց գյուղում, միեւնույն է, հաղթելու է ԲՀԿ-ն: