Նախօրեին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կայացված որոշման համաձայն` երկուշաբթի օրը ԱԺ նախագահ է դառնալու ներկայիս փոխնախագահ Սամվել Նիկոյանը, իսկ վերջինիս փոխարինելու է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այս նշանակումների հետ կապված արդեն բավականաչափ գնահատականներ հնչել են, եւ ավելորդ է նույնիսկ քննարկել, թե որքանո՞վ է, ասենք, նույն «նպատակասլաց» Շարմազանովը համապատասխանում իր ապագա պաշտոնի համար պահանջվող քաղաքական որակներին եւ արժեքներին: Ինչպես ավելորդ է այդ մասին խոսել Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաների պարագայում: Սակայն միայն Շարմազանովի նշանակումը չէ, որ հերթական անգամ վկայեց ՀՀ օրենսդիր մարմնի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին: Պարզվում է` նույն Է. Շարմազանովը ԱԺ փոխնախագահ դառնալուց հետո պահպանելու է գՀՀԿ մամլո խոսնակի պաշտոնը: Ի պաշտոնե Է. Շարմազանովը դառնալու է Հայաստանի չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան, ով ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ խոսնակի բացակայության (կամ այլ` արտակարգ իրավիճակներում) կարող է ստանձնել նախագահի պարտականությունները: Եվ այդ պաշտոնյան համատեղելու է առանձին վերցրած ինչ-որ կուսակցության, թեկուզեւ` իշխող, մամլո խոսնակի պարտականությունները: Այսինքն` ի պաշտոնե պարտավոր է, ըստ էության, ցանկացած ժամի պատասխանել լրագրողների հեռախոսազանգերին, հարցերին: Ասենք, նա ընդունում է որեւէ երկրի խորհրդարանական պատվիրակությանը, եւ այդ պահին նրա հեռախոսին զանգում են եւ հարցնում` ինչպե՞ս կմեկնաբանեք, որ այսինչ ՀՀԿ-ականը այսինչ քրեական հեղինակության կնունքին ապտակել է որեւէ կնոջ կամ հարբած վիճակում ընդդիմադիրներից որեւէ մեկին անվանել է անասուն: Իրականում սա հերթական անգամ վկայում է, որ իշխանությունները թքած ունեն նույնիսկ բոլոր ձեւականությունների վրա, եւ օրենսդիր մարմինը նրանց համար ընդամենը սեփականության վերաբաշխման մասին կառավարության որոշումները դակելու գործիք է: Այդ դեպքում դրա նախագահը կամ փոխնախագահը կարող է լինել անգամ օլիգարխներից մեկի թիկնապահը: