«Եթե ինձ կհարցնեն, ես կարծում եմ, որ պետք է խորհրդարան գան կամ լուրջ քաղաքական գործիչները, կամ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Կան տեսակետներ, թե պետք է բուհն ավարտեն եւ տնտեսագետներ ու իրավաբաններ գան Ազգային ժողով: Ես կարծում եմ, որ խորհրդարանը քաղաքագետների տեղն է: Ցավով պիտի նշեմ, որ մեր խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել նրանց, որոնք քաղաքական գործիչներ են»,- ասում է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նոյեմբերի 28-30-ը Կառավարության առաջարկությամբ տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ պատգամավորների բացակայությունը բավականին շատ էր: Դժվար է ասել, թե այդ բացակայությունների պատճառը նախընտրակա՞ն շրջանն էր, թե՞ պատգամավորների մեծ մասն արդեն հոգնել է «օրենսդիր աշխատանքից»: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այսօրվա խորհրդարանի անդամների գերակշիռ մասն օրենսդրական աշխատանքով չի զբաղվում: Գ.Սահակյանն ասում է, թե պատճառն այն է, որ նրանց մի մասը քաղաքական գործիչ չէ: «Օրինակ, «Դաշնակցություն» խմբակցության շրջանակներում ունենք քաղաքական գործիչներ, ՀՀԿ-ում ունենք: Կոալիցիայի մյուս խմբակցություններում նույնպես կան: Բայց «Ժառանգություն» խմբակցությունում չկան: Կարծես թե զգացվեց, որ նրանք քաղաքականությամբ զբաղվող անձեր են, որովհետեւ երբեք հաշվապահության համար չէին ասի` Վենետիկի հանձնաժողովից թույլտվություն վերցնենք: Խոսքը վերաբերում է Կուսակցությունների մասին օրինագծին: Երբ Ընտրական օրենսգիքը մի քանի անգամ բարձր գնահատականների արժանացավ, այդ ժամանակ էլ սկսեցին քննադատել Վենետիկի հանձնաժողովին: Մեր խորհրդարանում 60 տոկոս են կազմում քաղաքականությամբ զբաղվողները: «Ժառանգությունում» կա մեկ քաղաքական գործիչ, դա Րաֆֆի Հովհաննիսյանն է»,- եզրափակեց Գ.Սահակյանը:
Հիշեցնենք, որ այս արտահերթ նիստերի ժամանակ միջադեպ գրանցվեց ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի` Շմայսի, եւ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Անդրադառնալով Գ. Սահակյանի ասածներին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հակադարձեց, թե իրենք իրենց համարում են երիտասարդ քաղաքական խորհրդարանականներ, թեպետ տարիքով արդեն երիտասարդ չեն: «Ճիշտն ասած, հաճելիորեն զարմացա, որ խորհրդարանի 60 տոկոսը քաղաքական դեմքեր են: Այդ քաղաքական դեմքերի շուրթերից մինչեւ հիմա քաղաքական ոչ մի բան չենք լսել: Ուրախ կլինեինք, որ լսեինք ու մենք էլ համոզվեինք պարոն Սահակյանի տեսակետի ճշմարտացիության մեջ: Բայց հենց վերջին քվեարկության ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը տեղից գոռում էր, թե պարտավոր չէ լսել մնացածի ելույթները եւ բացարձակապես աշխատանքի է գալիս միայն քվեարկության եւ գրանցվելու համար: Իսկ մեծամասնությունը չի սաստում նրան, թե, սա աշխատանք է, որը ենթադրում է ելույթներ ու քննարկումներ»,- ասում է Ս.Սաֆարյանը: