Չեմ հավատում, որ Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին կգցի ՀԱԿ-ի գիրկը,- ասում է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը

03/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ձեր կարծիքով` պատահականությո՞ւն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող այս իրադարձությունների շղթան: Թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվում են այդ կուսակցության անդամները կամ համակիրները:

– Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն համոզիչ հաղթանակի հասավ Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, ծավալվեցին այդ իրադարձությունները, ինչը ԲՀԿ-ի ներկայացուցիչները բնութագրում են որպես վհուկների որս: Իսկ այդ հաղթանակը շատ կարեւոր արդյունք է եւ հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ցույց է տալիս ԲՀԿ-ի հնարավորությունները: Իսկապես, նման պատահականություններ չեն լինում, երբ քաղաքական ուժը հասնում է ծանրակշիռ արդյունքի, պարտության է մատնում իշխող կուսակցությանն այն դեպքում, երբ նա փորձում է հերթական խորհրդարանական ընտրություններին վերահաստատել յուրացրած քաղաքական մենաշնորհը, եւ դրան հետեւում է այդ վհուկների որսը: Իհարկե, այս իրադարձությունները փոխշաղկապված են, այստեղ կա ակնհայտ պատճառահետեւանքային կապ, եւ այդ իրողությունը որեւէ մեկը չի կարող վիճարկել:

– Եվ որքա՞ն հեռու կարող են գնալ այս իրադարձությունները:

– Որքա՞ն հեռու կգնա իշխանությունն այդ ճանապարհին: Ես կարծում եմ, որ` եթե ՀՀԿ-ն իսկապես կորցրել է իրողությունները ճիշտ գնահատելու ունակությունը եւ շարունակի այդ ճնշումները: Դրա հետեւանքը կարող է լինել այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար չափազանց ցանկալի սցենարը կիրականանա: ՀԱԿ-ի համար ցանկալի է, որպեսզի խորհրդարանական ընտրություններին իր հիմնական մրցակիցներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առճակատում լինի: ՀԱԿ-ի համար չափազանց նպաստավոր կլինի, եթե անհաղթահարելի հակասություններ առաջանան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այդ դեպքում, բնականաբար, երրորդը կշահի: Ես քննադատաբար եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի ներքաղաքական մոտեցումներին մի շարք հարցերում, բայց, այնուամենայնիվ, հեռու եմ այն մտքից, որ նա տառապում է քաղաքական կարճատեսությամբ: Նա բավականին փորձառու եւ հեռատես քաղաքական գործիչ է, համենայնդեպս, մարտավարական հարցերում միշտ կարողացել է գտնել օպտիմալ լուծումներ: Ես չեմ կարծում, որ Ս.Սարգսյանը կգնա առճակատման ճանապարհով եւ, ըստ էության, իր քաղաքականությունը կկառուցի այն սցենարի շրջանակներում, որը ցանկալի է Լ.Տեր-Պետրոսյանին:

– Եթե Լ.Տեր-Պետրոսյանը ցանկանում է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին թուլացնել` իրար դեմ հանելով, ապա ի՞նչ է նշանակում ԲՀԿ-ի հետ կապված նրա վերջին հայտարարությունը:

– Այդ հայտարարությունները քաղաքական մարտավարության մեջ ընդունված հնարք են, եւ նպատակ ունեն հիմնական մրցակիցների միջեւ առճակատման դաշտ ստեղծել: Սա բնական է, որովհետեւ, եթե երեքի մեջ սուր մրցակցություն է սպասվում, բնականաբար, եթե երկուսի միջեւ առճակատում է ստեղծվում, երրորդը շահում է: Այսօր սուր առճակատում է ծավալվել ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ, որի դրսեւորումն այն էր, որ Լ.Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե կամ Հայաստանը կկործանվի, կամ պետք է կործանվի Ս.Սարգսյանը: Սա արդեն այն բանաձեւն է, որը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ սկսած երկխոսությունը վերջնականապես թաղել է: Ինչպես նաեւ` ՀՀԿ-ն կարծես թե գիտակցում է, որ այդ երկխոսությունից այլեւս չի կարող քաղել իր համար ցանկալի օգուտները: Մինչեւ հիմա դա կարողացավ անել, բայց եղածով պետք է սահմանափակվի: Հնարավոր չէ ակնկալել, որ ՀԱԿ-ը կհամաձայնի շարունակել այդ գործընթացը, որի ծավալման արդյունքում ունեցավ լրջագույն կորուստներ քաղաքական վարկանիշի առումով, սեփական կողմնակիցների բանակի էական նվազման առումով: Ուստի այստեղ կամուրջներն այրված են, եւ առաջ է եկել սուր առճակատումը ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Մասնավորապես, ՀԱԿ-ը բացահայտ հայտարարել է, որ օգտագործելու է հերթական խորհրդարանական ընտրությունների առիթը, որպեսզի մոբիլիզացնի սեփական կողմնակիցներին եւ թավշյա հեղափոխություն իրականացնի: Այս պայմաններում իրողություն է այդ երկուսի հակամարտությունը եւ, բնականաբար, այդ երկուսից յուրաքանչյուրը շահագրգռված են, որ երրորդը դառնա իր դաշնակիցը: ՀԱԿ-ը շահագրգռված է, որ ԲՀԿ-ն պոկվի ՀՀԿ-ից, գոնե դառնա երրորդ ուժ եւ միաժամանակ` ՀՀԿ-ի հետ մտնի կոշտ հակամարտության մեջ: Իսկ ՀՀԿ-ն շահագրգռված է, որ ԲՀԿ-ն շարունակի իր կոալիցիոն գործընկերությունը, իսկ ընտրարշավի ժամանակ ձեռնպահ մնա ՀՀԿ-ին կոշտ քննադատության ենթարկելուց: Չէ՞ որ երկու ճակատով պայքարելը, այն էլ` այսպիսի աղետալի սոցիալական ճգնաժամի պայմաններում, չափազանց վտանգավոր է ցանկացած իշխանության համար: Էլ չեմ ասում այն մասին, որ Գ.Ծառուկյանի եւ վերջինիս թիմակիցների դեմ ուղղված հետագա ճնշումներն իրենց շուրջ կստեղծեն հալածյալների եւ տառապյալների լուսապսակ: Եվ իրականում Գ.Ծառուկյանի կերպարը կարող են նույնացնել հարեւան հանրապետության հայտնի ձեռներեց Իվանաշվիլիի կերպարին` նրան դարձնելով Ս.Սարգսյանի լրջագույն մրցակիցը 2013թ. նախագահական ընտրություններում: Եթե Գ.Ծառուկյանն այս համընդհանուր սոցիալական դժգոհության ֆոնին ընկալվի որպես Ս.Սարգսյանի հակառակորդ, այլ ոչ թե ընդամենը «երրորդ ուժ», ապա շատ հավանական է, որ նրան բախտ վիճակվի կրկնել Բորիս Ելցինի հաջողությունը` Ս.Սարգսյանին դատապարտելով Գորբաչովի ճակատագրին: Չէ՞ որ Բ.Ելցինն էլ սկզբում չէր ընկալվում որպես Գորբաչովի լուրջ մրցակից: Այդպիսին դարձավ այն ժամանակ իշխող ԽՄԿԿ-ի` իր դեմ ուղղված բիրտ ճնշումների շնորհիվ:

– ՀԱԿ-ում որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը:

– ՀԱԿ-ի ներսում բոլորը միանշանակ շահագրգռված են, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ մտնի կոշտ հակամարտության մեջ: Պարզապես ՀԱԿ-ի գործիչների մի մասը հավատում է, որ այդ սցենարը կարող է կյանքի կոչվել, մյուս մասը չի հավատում դրան: Ես էլ չեմ հավատում, որ Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին կգցի ՀԱԿ-ի եւ Լ.Տեր-Պետրոսյանի գիրկը, որ կնեղացնի ԲՀԿ-ին` նրան դրդելով գնալ այդ ճանապարհով: Եթե քո գործընկերը սկսում է քեզ ճնշել, եւ դու ունես այլընտրանք, բնական է, որ դրանից կօգտվես: Դիրքային առավելություն ունի ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն խոսելու եւ հարաբերություններ ստեղծելու հնարավորություն ունի իր երկու գլխավոր մրցակիցների հետ: Առավելությունն այն է, որ այդ կուսակցությունը կոշտ հակամարտության մեջ չի մտել ոչ արմատական ընդդիմության, ոչ իր գործընկերոջ հետ, քանի որ կատարում է իր կոալիցիոն պարտավորությունը: Եվ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին որեւէ մեղադրանքներ ներկայացնելու հիմքեր չունի: Բայց միաժամանակ ԲՀԿ-ն հստակ ակնարկում է, որ կոալիցիոն պարտականությունները սկսվում են հերթական ընտրություններից հետո եւ ավարտվում են մինչեւ մյուս ընտրությունները: ԲՀԿ-ն նաեւ գիտակցում է, որ յուրաքանչյուր կուսակցության համար մահացու հետեւանքներ կարող են ունենալ ընտրություններին կցորդի դերում մասնակցելը կամ ինքնուրույն չմասնակցելը: Եվ մեր բազմակուսակցական քաղաքական գործունեության 20-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ այն կուսակցությունները, որոնք մասնակցել են ընտրություններին ոչ թե ինքնուրույն, այլ մեկ այլ կուսակցության հետ, քաղաքական ասպարեզից անփառունակ հեռացել են: ՌԱԿ-ը, հնչակյանները, ՀԺԿ-ն: ՀԺԿ-ի վերջը սկսվեց «Միասնություն» դաշինքից, ես դա գիտեի եւ դրան դեմ էի: Կողմ էի, որ ՀԺԿ-ն ինքնուրույն մասնակցեր 1999թ. ընտրություններին: Կուսակցության գործունեության իմաստն ընտրություններին ինքնուրույն մասնակցությունն է: Այդ 18 կուսակցությունը, որ մտել են ՀԱԿ-ի մեջ, բոլորը վերանալու են` որպես կուսակցություններ: Կուսակցությունը պետք է ընտրություններին մասնակցի ինքնուրույն` իր գաղափարախոսությամբ, իր ուրույն քաղաքական ծրագրերով: Հիմա եթե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի առջեւ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու խնդիր դնի, կնշանակի, որ ՀՀԿ-ն ձգտում է վերացնել ԲՀԿ-ին: