«Ես որեւէ անձը հաստատող փաստաթուղթ չունեմ եւ չեմ կարողանում ստանալ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: «Այս տարվա հունիս ամսին ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ն. Մուրադխանյանը ինձ ասաց, որ կտրամադրի կեցության կարգավիճակ երեք շաբաթվա ընթացքում, սակայն հետո խաբեց` հասկացնելով, թե իբր վերեւներից են կարգադրել: Պարզվում է` ես պետք է խնդրանքով դիմեմ Սերժ Սարգսյանին, որ նա անվավեր ճանաչի Ռոբերտ Քոչարյանի արտաքսման հրամանը, սակայն ես Սերժ Սարգսյանին չեմ ճանաչում ՀՀ լեգիտիմ նախագահ, դրա համար էլ ես չեմ դիմի նրան»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը 21 տարի առաջ իր ընտանիքի հետ եկել է Հայաստան` մշտական բնակություն հաստատելու: Նա 4 տարի ապրել է Արցախում եւ 17 տարի` Հայաստանում: Ունեցել է ՀՀ քաղաքացիություն եւ անձնագիր: 2008թ. մարտյան դեպքերից հետո նրան ձերբակալել են, եւ նա երեք տարի անցկացրել է Վարդաշենի բանտում: Բանտարկության ժամկետը լրացել է, եւ նա այժմ ազատության մեջ է, սակայն դեռեւս կա արտաքսման պահանջը, եւ նա չունի անձը հաստատող որեւէ փաստաթուղթ:
«Միայն նրա համար, որ ես 2008թ. մասնակցել եմ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքներին ու ակտիվորեն քարոզել եմ, որ այս հանրահավաքները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ-ին, եւ որոշեց ինձ արտաքսել ՀՀ-ից»,- հայտարարել է Հացպանյանը` հավելելով, որ պատրաստվում է իր խնդիրը լուծել միմիայն իրավական հարթությունում` դիմելով դատարան: Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 5-ին վարչական դատարանում քննվելու է այդ հարցը: