Պատգամավոր կառաջադրվեմ, եթե մարզպետն առաջադրի իր թեկնածությունը,- ասում է գործարար Սիլվա Համբարձումյանը

03/12/2011

Սյունիքի մարզպետարանը շարունակում է հերքել նոյեմբերի 14-ին Երեւանի «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանի պահվածքը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Գործարարի փոխանցմամբ` մարզպետը հարվածել է իր գլխին: «Ես մարզպետի հետ երկար ճանապարհ եմ անցել, եւ իմանալով իր վերաբերմունքը մարդկանց եւ հատկապես կանանց նկատմամբ նրա մեծ հարգանքը, կասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, այլ բան ես ավելացնել չեմ կարող»,- երեկ Սյունիքի մարզպետի պահվածքի մասին մեր հարցին ի պատասխան` ասաց մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Ինչեւէ, Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը դեռեւս ընթացքի մեջ է, եւ արդեն հարցաքննվել են մի քանի ականատեսներ: «Մնացել են երկու հոգի, որպեսզի քննվեն, սակայն նրանք քաղաքում չեն: Ես չգիտեմ, թե ովքեր են»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը: Ինչ վերաբերում է կատարվածի մասին փաստող տեսագրությունը հյուրանոցից վերցնելուն, վերջինս ասաց, որ ինքը դեռ որեւէ տեղեկություն չունի այդ մասին: «Ես չունեմ տվյալ, երբ երկրորդ անգամ գնամ` տվյալ կունենամ, որովհետեւ ես խնդրել էի վերցնել եւ ինձ տալ մեկը»,- նշեց Ս. Համբարձումյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, ըստ որոնց` իր կողմից բարձրացված աղմուկի ետեւում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավելի հստակ` Ս, Համբարձումյանը շարժվում է նրա սցենարով, գործարարը պատասխանեց. «Այսինքն` վարչապետն է ասել, որ ես աղմո՞ւկ բարձրացնեմ: Ոչ, իհարկե ոչ: Եթե ես մտածեի, որ դա ընտրական փուլ է, ես փոքր-ինչ կհետաձգեի, բայց չհետաձգեցի, քանի որ առաջին դատական գործը, այսինքն` «Սիփան 1»-ի գործը ավարտվեց, երկրորդն էլ շուտով ավարտվում է, եւ վճիռը հրապարակելուց հետո պատրաստվում եմ մամուլի ասուլիս հրավիրել: Այսինքն` սա արդեն երկրորդ ատյանն է, եւ կմնա Վճռաբեկը: Ես հովանավոր չունեմ: Հովանավոր ունեցող մարդն էսպիսի խնդիրներ ունենո՞ւմ է»: Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին լուրերին, Ս. Համբարձումյանն ասաց. «Այո՛, ես կառաջադրեմ իմ թեկնածությունը, եթե Սյունիքի մարզպետն առաջադրի իր թեկնածությունը»: Գործարար կնոջ փոխանցմամբ` ինքը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Մեղրիի տարածաշրջանն ընդգրկող ընտրատարածքից: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաեւ մարզպետից, ով, սակայն, այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: