Ամեն ինչ` բացի սուրճից

03/12/2011

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտումներ է կատարել սուրճի շուկայում, ինչի արդյունքում փաթեթավորված սուրճի տուփերում հայտնաբերվել են գարի, կաղին եւ այլ հավելումներ, մինչդեռ սուրճի բոլոր տուփերի վրա մակնշված է եղել, որ դրանք պարունակում են միայն բարձրորակ` 100 տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի: ՏՄՊՊՀ պաշտոնական կայքի հաղորդմամբ` «Ֆեռո» (Ֆեռո), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ), «Վանս գրուպ» (Սթար), «Ասկոլիո» (Մարսել) ընկերությունները խաբում եւ մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ առողջության համար կասկածելի արտադրանք: Օրենքի համաձայն, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տվյալ դեպքում տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, ինչի համար երեկ կայացած ՏՄՊՊՀ նիստում որոշվեց` նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառել 5 մլն դրամ տուգանք: Բացի այդ, բացահայտվել է նաեւ, որ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեեւ հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար: