Էդուարդ Շարմազանովի փոխարեն` ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության քարտուղարի համար շրջանառվում են նույն խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանի եւ Հովհաննես Սահակյանի անունները: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահի հավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Սամվել Նիկոյանը, իսկ փոխնախագահի հավանական թեկնածու` Է.Շարմազանովը: Փոխնախագահ դառնալուց հետո վերջինս հավանաբար կպահպանի ՀՀԿ մամլո խոսնակի պարտականությունները: Երեկ նաեւ պարզ դարձավ, որ Հ.Աբրահամյանին նոր տեղ են հատկացրել Նիստերի դահլիճում: Այն գտնվում է առաջին շարքում` խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարեւանությամբ: Հ.Աբրահամյանին առաջին շարքում տեղ հատկացնելու համար խմբակցության շարքերում մի քանի փոփոխություններ են արել: Նախկինում այդ տեղը պատկանում էր ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանին, ում տեղափոխել են Լեւոն Սարգսյանի տեղը: Իսկ Լ.Սարգսյանին տեղափոխել են ավելի ետին շարքեր: Հ.Աբրահամյանն արդեն հանձնել է ԱԺ նախագահի աշխատասենյակը, եւ նոր սենյակի դռան վրա արդեն փակցված է նոր ցուցանակը` «պատգամավոր Հովիկ Աբրահամյան»: Վերջինս, սակայն, դեռ շրջում է ԱԺ նախագահի ծառայողական ավտոմեքենաներով, նույնիսկ անվտանգության ծառայողների ուղեկցությամբ: ԱԺ-ում խոսում են, որ նա չի ցանկանում հրաժարվել ծառայողական շքեղ ավտոմեքենաներից: