Նոյեմբերի 28-ին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը: Ոստիկանության ամփոփագրի համաձայն` Հովհաննիսյանը բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից` թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Անձնական զննությամբ, Ա. Հովհաննիսյանի մոտ հայտնաբերվել է` 7.5 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից` 5.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով. «Վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն մեզ ստիպում է խոսել ոչ թե իրապես պատահականությունների մասին, այլ, կարծես թե, ինչ-որ մի օրինաչափություն է արդեն այստեղ նկատվում` «Արարատցեմենտի», դրանից առաջ` Մասիսի կոմունալ ծառայության աշխատակցի ձերբակալությունները…»: Նաեւ հավելել է, թե կոնկրետ իր համար «շատ տարօրինակ է», որ այս երեք անձինք ձերբակալվել են թմրանյութերի շրջանառության համար. «Բայց ես կարծում եմ, որ պետք չէ շտապել եզրակացություններ անել, կվերադառնա կուսակցության նախագահը, բնականաբար, նրա հետ եւս անպայման քննարկում կլինի, եւ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»: