Վերին Լարսի անցակետի շուրջ ստեղծված վիճակը ոչ միայն լուծում չի ստացել, այլեւ՝ հույս էլ չկա, որ մոտ ապագայում նման բան կլինի։ Սահմանին մնացած մեքենաների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասել է 300-ի։ Ընդ որում, եթե վարորդները մինչ այդ հույս ունեին, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ այդ խնդիրը կլուծվի, այժմ հուսահատ վիճակի մեջ են եւ սպասում են ՀՀ կառավարության վերջնական պատասխանին։ Խնդրի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանից, ով այս օրերին գտնվում է Թբիլիսիում։ Նա համոզված է, որ մեղավորը հենց այն ընկերություններն են, որոնց մեքենաները մնացել են անցակետին։ «Բազմիցս ասել ենք, որ նոյեմբերի 15-ից հետո ճանապարհը միշտ փակվում է, իրոք, վտանգավոր է դառնում։ Չէր կարելի գնալ եւ հիմա էլ կառավարությանը դնել այս վիճակի մեջ»,- ասել է Գ. Աղաջանյանը։ Իսկ որպես լուծում՝ «Ապավենի» տնօրենն առաջարկում է վարորդներին այլ ճանապարհով գնալ։ «Հանգիստ կարող են գնալ Կերչի նավահանգիստ։ Այդ դեպքում հարկ կլինի փաստաթղթերը վերաձեւակերպել, սակայն դա, ի տարբերություն նախկինի, կարելի է անել շատ արագ եւ առանց լրացուցիչ ծախսերի»,- նշել է Գ. Աղաջանյանը։ Ավելացնենք, որ այլընտրանքային ճանապարհը հնարավոր է, սակայն կապված է վառելիքի լրացուցիչ ծախսի հետ, ինչն առայժմ այդ մտքից ետ է պահում վարորդներին։