Քաոսային վիճակ` ԱԺ-ում

01/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովում երեկ խմբակցությունների ու պատգամավորների միջեւ ծագած լարվածությունը սպառնում էր տապալել քվորումը եւ ընդհանրապես` քննարկումներն ու քվեարկությունները:

Կառավարության առաջարկությամբ երեք օր ընթացող ԱԺ արտահերթ նիստերին պատգամավորների մեծ մասը, հատկապես` գործարար պատգամավորները, բավականին տհաճությամբ էին մասնակցում: Ամեն դեպքում, նրանցից շատերը ամիսը 4, երբեմն` 8 օր դժվարությամբ են դիմանում Նիստերի դահլիճում, որովհետեւ այնտեղ գտնվում են պարտադրաբար եւ ոչ թե` գործի բերումով: Իսկ երբ արտահերթ նիստ է լինում, այն էլ` կառավարության առաջարկությամբ, օրենսդրական գործունեությունից հեռու պատգամավորների նյարդերը տեղի են տալիս: Նրանք ժամեր են սպառում միջանցքներում ու աշխատասենյակներում` մինչեւ գա քվեարկությունների պահը: Իսկ երեկ այդ ամենին ավելացել էր նաեւ այն հանգամանքը, որ խորհրդարանը չուներ նախագահ: Խորհրդարանում` հատկապես ԲՀԿ խմբակցության, մասամբ էլ` ՀՀԿ խմբակցության շարքերում ոչ բոլորն են ցանկանում, որ փոխնախագահ Սամվել Նիկոյանը դառնա ԱԺ նախագահ: Այս հանգամանքն ավելի էր սրել արտահերթ նստաշրջանի լարվածությունը: Եվ երեկվա քվեարկություններին մասնակցում էր առավելագույնը 70 պատգամավոր` այն դեպքում, երբ սովորաբար 100-ից ավելի պատգամավոր է մասնակցում: Ու երեկ ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, որ նման վիճակ է ստեղծվել բոլորին ու հատկապես` նախագահ Սերժ Սարգսյանին ու Ս.Նիկոյանին ապացուցելու համար, թե վերջինս Հովիկ Աբրահամյանից հետո չի կարողանա ղեկավարել խորհրդարանը, պատգամավորները նրան չեն ենթարկվի: Նույնիսկ խոսակցություններ կային, թե այդ իրավիճակը ստեղծվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անգործության շնորհիվ: Վերջինս գտնվում է Հ.Աբրահամյանի ազդեցության տիրույթում, ով վերջերս ստիպողաբար հրաժարական տվեց: Եվ հիմա կարծիք կա, որ երկուստեք փորձում են ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծել: Ավելին` Գ.Սահակյանը նույնպես ցանկանում էր դառնալ ԱԺ նախագահ կամ փոխնախագահ, թեկնածուների մեջ նրա անունն էլ էր շրջանառվում, եւ, հավանաբար, չբավարարված հույսերի պատճառով, առանձնապես ջանքեր չի թափել, որ նիստերին շատ պատգամավորներ մասնակցեն: Իսկ նիստերին պատգամավորներ բերման ենթարկելու պարտականությունները հիմնականում իրականացնում են խմբակցության ղեկավարները: Երեկ իրենց պատգամավորների մեծ մասի ներկայությունն ապահովել էին «Ժառանգություն» եւ «Օրինաց Երկիր» խմբակցությունները: Իսկ խորհրդարանում մեծամասնություն եւ երկրորդ ուժ հանդիսացող ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից պատգամավորների կեսն էր ներկա: 16 անդամ ունեցող ՀՅԴ խմբակցությունից նիստերին մասնակցում էին ընդամենը մի քանի հոգի: Այս երեք խմբակցություններից բացակայում էին հատկապես գործարար պատգամավորները: Եվ երեկ վտանգ կար, թե կտապալվեն օրինագծերի քվեարկությունները: Հավանաբար այդ մտավախությունից ելնելով` ՀՀԿ-ից Արա Բաբլոյանն ու Վահե Հակոբյանը քվեարկում էին իրենց գործընկերների փոխարեն: Նույնիսկ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հերթական անգամ հայտարարեց, թե իր հաշված պատգամավորական գլուխներն ավելի քիչ են, քան քվեատախտակի վրա գրված թվերը: «Ես բոլորիդ գլուխները հաշվել եմ, 67 հոգի են ներկա»,- հայտարարեց նա:

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի մասնակցություն: «Մենք մոտ 17 պատգամավոր ունենք, ովքեր գործուղման են կամ դիտորդներ են Ռուսաստանի ընտրություններին: Չեմ բացառում մեկը մյուսի փոխարեն քվեարկությունը, համենայնդեպս, քվորումը տեղի կունենա հենց Բախշյանի ասած թվով: Հետո, չի կարելի մի թիմի հավատալ, որն անընդհատ ինչ-որ որոնումների մեջ է»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ավելացնելով, թե ինքը նույնիսկ տեղյակ է մյուս խմբակցությունների բացակայող պատգամավորների պատճառների մասին:

Խորհրդարանում ակնհայտ լարվածություն կար հատկապես ԲՀԿ պատգամավորների շրջանում: Նրանք, եթե նույնիսկ նստած էին դահլիճում, գրեթե չէին մասնակցում քննարկումներին: Ինչպես հայտնի է, վերջերս այդ կուսակցության որոշ ազդեցիկ անդամներ տարբեր պատճառաբանություններով, այդ թվում` թմրադեղերի հետ կապված մեղադրանքներով, ձերբակալվում են: Եվ կարծիք կա, թե իշխանությունները ճնշում են այդ կուսակցությանը` որոշակի ինքնուրույնություն դրսեւորելու համար: Իզուր չէր, որ նախօրեին ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ակնարկել էր «նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացների եւ վհուկների որսի մասին»: Իսկ երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարել է, թե «ԲՀԿ-ի հանդեպ նկատելի են ճնշումների երեւույթներ»: Եվ այս իրավիճակում ԲՀԿ-ն, որ միշտ ներքուստ անհաշտ է եղել կառավարության նկատմամբ, բավականին լարվածությամբ էր մասնակցում գործադիրի առաջարկությամբ հրավիրված նիստին: Արդեն խորհրդարանում մտահոգություններ կան, թե այս իրավիճակում միգուցե խնդիրներ ծագեն 2012թ. բյուջեի նախագծի քննարկման եւ ընդունման ժամանակ, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ սկսվող քառօրյայում: ԲՀԿ-ն կարող է առերեւույթ մասնակցել նիստերին, բայց իրականում այնպես անել, որ խանգարի բյուջեի ընդունմանը` չապահովի իր ողջ խմբակցության ներկայությունը կամ պարզապես քվեարկությանը չմասնակցի: Հնարավոր է, Հ.Աբրահամյանի ու Գ.Սահակյանի ազդեցության տակ գտնվող ՀՀԿ որոշ պատգամավորներ նույնպես ներկա չլինեն, իհարկե, «հարգելի պատճառներով»: ՀՅԴ-ն այս առումով բարդույթներ չունի, քանի որ կոալիցիոն խմբակցություն չէ: Բացառված չէ նաեւ, որ այնպիսի լարված իրավիճակ ստեղծվի, որ մի կերպ քվորում ապահովվի, ու բյուջեն ընդունվի: Իսկ դա կազմակերպելը բարդ չէ, եթե սրվում է ներկոալիցիոն հակասությունը:

Այս իրավիճակին գումարվում է նաեւ այն, որ` որպես խոշոր գործարարներ, օլիգարխներ հայտնի պատգամավորները, գրեթե չեն մասնակցում նիստերին: Նախկինում էլ նույնիսկ Հ.Աբրահամյանի ժամանակ դեպքեր են եղել, երբ քվորումը տապալվել է կամ տապալվելու վտանգ է առաջացել: Այս պարագայում նորից առաջ է մղվում գործարարներին հաջորդ խորհրդարան բերելու հարցը: «Նրանք իրենց գործունեության մեջ լրիվ ազատ են: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է դնել ոչ այդ տեսանկյունից: Մենք ունենք խորհրդարանում նաեւ պատգամավորներ, որոնք գործարար չեն եւ կարողանում են դրսեւորվել քաղաքականության մեջ: Մի մասն էլ կա, որ շատ պասիվ են եւ նորից չեն հաճախում, որովհետեւ օրենքը թույլ է տալիս: Խնդիրը պիտի այնպես դնել, որ պատգամավորն իր աշխատանքի առաջին եւ բարձր գործունեությունը համարի պատգամավոր լինելը»,- ասում է Գ.Սահակյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարարների հետ հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե գործարարությունը պետք է տարանջատվի պետական կառավարումից: