Մարտավարության ձեւի մեջ տարաձայնություն ունենք,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

01/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Դուք համաձայն չե՞ք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այն մտքի հետ, որ եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից ու պայքարի արդար ընտրությունների համար, ապա Կոնգրեսը պետք է մտածի նրա հետ համագործակցելու մասին: Դուք ԲՀԿ-ի հետ կապված վերապահումնե՞ր ունեք:

– Մենք որեւէ կոնկրետության մեջ չենք ուզում մտնել: Երկրում փոփոխություններ իրականացնելու առումով տեսնում ենք ուղղություններ, եւ հակված չեմ քննարկումների ընթացքում տեղի ունեցածը հայտարարել: Ես իմ տեսակետները Լ.Տեր-Պետրոսյանին եւ Կոնգրեսի շտաբին ասել եմ ու փորձել եմ դրանք հիմնավորել: Եվ նպատակահարմար չեմ գտնում կոնկրետ ուժի, կոնկրետ անհատների մասին այդ տեսակետները բարձրաձայնել: Լ.Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի առաջնորդը լինելով` կարող է իր մոտեցումները եւ տեսակետները որպես քաղաքական վերլուծություն ներկայացնել: Դա իր իրավունքն է, որտեղ ես որեւէ վատ բան չեմ տեսնում: Ես գտնում եմ, որ համապատասխան իրավիճակում, երբ փողոցում կլինի հարյուր հազար եւ ավելի մարդ, հնարավոր է, որ հրապարակ գան բազմաթիվ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, պատգամավորներ, ներառյալ` նաեւ ՀՀԿ-ից: Եվ այդ ժամանակ է, որ Կոնգրեսը կամ հարթակը որոշում կկայացնեն` այդ մարդկանց հնարավորություն տա՞ տեսակետ ասել, թե՞ ոչ: Այս առումով ես բաց մարդ եմ եւ գտնում եմ, որ ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը Հայաստանի մաս են կազմում եւ երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար եթե ունեն առաջարկություններ եւ ուզում են հասարակությանն ասել, թող ասեն: Բայց դա պետք է լինի համապատասխան պահին:

– Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը նպատակահարմար չեք համարում:

– Ես չեմ ասում, թե նպատակահրամար չեմ գտնում այս կամ այն ուժի հետ համագործակցությունը: Ես ասում եմ, որ մենք նպատակահարմար չենք համարում ընտրություններից 5 ամիս առաջ որեւէ համատեղ գործունեության մասին քննարկումը: Եվ նորից եմ կրկնում, որ մենք գտնում ենք, որ Կոնգրեսն ունի համապատասխան պոտենցիալ` հասարակության լայն զանգվածներին ոտքի հանելու եւ իր առաջ դրված ծրագիրն իրականացնելու համար: Մենք մարտավարության ձեւի մեջ տարաձայնություն ունենք: Ես շատ-շատ հարցերում Լ.Տեր-Պետրոսյանի հետ համաձայն եմ, բայց կան հարցեր, որտեղ ես իմ տեսակետն ունեմ, Տեր-Պետրոսյանն` իրենը:

– Իսկ չե՞ք կարծում, որ Կոնգրեսի մարտավարությունը, սկսած երկխոսությունից` մինչեւ ԲՀԿ-ին վերաբերող հայտարարությունը, թուլացրեցին այդ պոտենցիալը:

– Այդ տեսակետի վերաբերյալ ես իմ տեսակետները Լ.Տեր-Պետրոսյանին ասել եմ, նաեւ բազմաթիվ հետեւանքներ եմ ասել, որի պատճառով էլ կոնսենսուս չի ձեւավորվել: Ես տեսնում եմ Կոնգրեսի պոտենցիալը, տեսնում եմ, որ Կոնգրեսն այն միակ ուժն է, որը կարող է հակադրվել գործող իշխանությանը: Տեսնում եմ, որ գարնանային գործընթացներ ծավալելու հարցում Կոնգրեսի բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ` Լ.Տեր-Պետրոսյանը, միակարծիք են: Ես հակված եմ այդ ուղղությամբ սերտորեն աշխատել Կոնգրեսի հետ ու մնալ Կոնգրեսի շարքերում:

– Այնուամենայնիվ, կարծիք կա, թե այդ մարտավարության պատճառով այդ պոտենցիալը բավականին նվազեց:

– Ես չեմ կարծում, որ պոտենցիալը նվազեց, այս երկրում պոտենցիալը կարող է նվազել մի դեպքում` երբ իշխանությունները ճիշտ աշխատեն, ու հասարակությունը տեսնի, որ երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում: Երկրում ներկա պահին որեւէ դրական փոփոխություն չեմ տեսնում: Հակառակը` տեսնում եմ իշխանությունների մտահոգություններն ապագա ընտրությունների հետ կապված, տեսնում եմ իրենց վերարտադրելուն անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելու համար ուղղված ջանքերը, ինչի արդյունքում հուսահատությունից ելնելով` հասարակությունն այս երկիրը լքում է: Այսօրվա քաղաքական դաշտում ՀԱԿ-ն է ամենամեծ ընդդիմադիր քաղաքական միավորը, որը ճիշտ աշխատանքի դեպքում կարող է իր շուրջը համախմբել հասարակությանը: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ գարնանը դա Կոնգրեսին հաջողվելու է:

– Դուք նո՞ւյնպես գտնում եք, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ լարվածությունը կայացած փաստ է:

– Ես նման վերլուծությունների դաշտ չեմ ուզում մտնել: Կա՞ լարվածություն իրենց մեջ, թե՞ չկա, այդ խնդիրները թող իրենք իրենց մեջ լուծեն: Իմ մոտեցման տարբերությունը հենց դրանում է: Ինձ համար ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն իշխանական կուսակցություններ են, օգտվում են իշխանության ընձեռած բոլոր հնարավորություններից եւ համահավասար են:

– Իսկ Ձեր կարծիքով` իշխանության ներսում ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ կա՞ն:

– Իմ կարծիքով` ստեղծված ներքաղաքական իրավիճակում իշխանական ճամբարում չեն կարող ճեղքեր տեղի չունենալ: Իսկ քանի որ ես ընդդիմություն եմ, ինձ այդ ճեղքերն ուրախացնում են: Եվ եթե նման գործընթաց կա, ուրախ կլինեմ, որ այն շարունակվի: Այդ կառույցը կլինի կուռ ամուր կպած, իրար փոխօգնող, միեւնույն է, ես հակված եմ մտածելու, որ ՀՀ բնակչության 90 եւ ավելի տոկոսն ընդդիմություն է: Եվ համախմբման դեպքում կարող է հաղթել այդ կուռ միասնությանը եւ արտահերթ ընտրություններ պարտադրել: Ես մեր գործողությունները չեմ կապում այնտեղ առաջացած խնդիրների, ճաքերի հետ: Ես ուզում եմ, որ ՀԱԿ-ն իր գործունեությունը կապի միայն ՀՀ քաղաքացու հետ: Չնայի, թե ինչ է տեղի ունենում արտասահմանում, իշխանական ներկոալիցիոն դաշտում, այլ իր ուժերն իր սեփական ժողովրդի վրա դնելով` գնա փոփոխությունների: Ես վստահ եմ, որ եթե Կոնգրեսը կենտրոնանա դրա վրա, կունենա հաղթանակ:

– Երեկ ռուսական մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը 90 միլիոն դոլար վարկ է տրամադրել իր դուստր ձեռնարկության` «Ղ-Տելեկոմի» համասեփականատեր Ֆաթուշների ընտանիքին: Եվ, որ այդ փողը ծառայելու է «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների բավարարմանը: Ռուսական լրատվամիջոցը Ռ.Յիրիկյանին նաեւ համարել է ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու: Նախընտրական այս շրջանում ի՞նչ կարող է նշանակել այս հրապարակումը:

– Իմ կարծիքով` դա Ռոբերտ Քոչարյանի ցանկություններից մեկն է, դա ինձ հիշեցնում է խեղդվողի` փրփուրներից կախվելը: Ռալֆ Յիրիկյան անուն-ազգանունով անհատ, առավելեւս` քաղաքական գործիչ, ես չեմ ճանաչում: