ԲՀԿ-ն հետեւոմ է իրադարձություններին

01/12/2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու կասկածանքով: «Ազատություն» ռադիոկայանին Ոստիկանությունից փոխանցել են, որ 1965թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է երեքշաբթի օրը` Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում` խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ոստիկանության տվյալներով` Ա. Հովհաննիսյանն իր անձնական օգտագործման մեքենայով նոյեմբերի 28-ին բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարի տարածքից` թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: Նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 7.5 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից` 5.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ անցած օրերին կալանավորվել են նաեւ ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք` կրկին թմրանյութերի գործով: Արձագանքելով ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությանը` կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել: «Նման երեւույթներ նկատելի են կոնկրետ ձերբակալությունների մասով, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն վերջնական գնահատականներ դրանց նկատմամբ կտանք ավելի ուշ»,- ասել է նա: «Արդյո՞ք այդ ճնշումների շրջանակում եք դիտարկում ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալությունը» հարցին Խ. Գալստյանը պատասխանել է. «Մենք ունենք այս պահի դրությամբ նման մի քանի փաստեր, բայց դրանց վերջնական գնահատականը մենք կտանք ավելի ուշ` այն բանից հետո, երբ պրն Ծառուկյանը կվերադառնա Հայաստան, կքննարկենք եւ հայտարարությամբ հանդես կգանք»: Հարցին էլ, թե` «այսինքն, Արմեն Հովհաննիսյանից բացի, կա՞ն ԲՀԿ-ի նաեւ այլ ձերբակալված անդամներ: Նկատի ունենք նաեւ կալանավորված «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, ով «Արարատցեմենտի» արտադրանքի հիմնական իրացնողներից է», Գալստյանը պատասխանել է. «Նրանք ոչ բոլորն են կուսակցականներ, բայց այս կամ այն կերպ կապվում են ԲՀԿ-ի հետ: Մենք այս բոլոր փաստերն ուսումնասիրում ենք, եւ երբ վերջնական պատկերը մեզ համար պարզ լինի, հանդես կգանք կոնկրետ գնահատականով»: