Հույսը վերջում է մեռնում

01/12/2011

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինը Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ը հույս ունի, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի ամենամոտ ժամանակահատվածում. «Մենք մեր հնարավորությունների սահմանում աջակցում ենք Մինսկի խմբին եւ հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Ռուբինը: Ըստ նրա` դեռեւս շարունակվում են հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ աշխատանքները. «Հավատում ենք, որ երկու կողմերն էլ այդ հարցում ջանքեր են գործադրում: Հույս ունենք, որ հաջորդ տարի առաջընթաց կարձանագրվի»: Նրա խոսքով` երկար տարիներ շարունակվող բանակցություններում որեւէ առաջխաղացման բացակայությունը, այդուհանդերձ, պետք է որակել` որպես «անհաջողություն». «Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ կարեւոր է ընդգծել միջազգային ջանքերը, Մինսկի խմբի գործունեությունը, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ մյուս երկրների ջանքերը: Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին օգնել ենք խուսափել բաց բախումից»: Է. Ռուբինն անդրադարձել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը` ընդգծելով, թե ԱՄՆ-ը դեռեւս հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն. «Սակայն Թուրքիայում ավարտված եւ ՀՀ-ում սպասվող ընտրությունները, ինչպես նաեւ` ԼՂ հարցը, մի շարք խնդիրներ են ստեղծում այդ գործընթացում»: