«Նախագահ Սերժ Սարգսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը նպաստում է հայ-վրացական հարաբերությունների լավացմանն ու խորացմանը,- երեկ Թբիլիսիում կայացած հայ-վրացական բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ավելացնելով,- Մենք մեծ համակրանքով ենք վերաբերվում այն գործին, որը Սերժ Սարգսյանը կատարում է Հայաստանում, որպեսզի Հայաստանը շարունակի իր պատմությունը: Իհարկե, Հայաստանում հպարտանալու շատ բան կա: Երկար տարիների ընթացքում մենք հպարտացել ենք գյուղատնտեսության ոլորտում կատարված բարեփոխումներով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Հայաստանը շատ հարցերում կարող է օրինակ ծառայել»: Ներկայացնելով Վրաստանի տնտեսական իրադրությունը` Սահակաշվիլին նշել է, որ 2003 թվականից այն կտրուկ փոփոխությունների է ենթարկվել: «Ներկայումս Վրաստանը ամենաթեթեւ բիզնես կլիմա ունեցող երկիրն է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ` հետխորհրդային տարածքում: Համաշխարհային բանկի տվյալներով, Վրաստանն առաջին բարեփոխիչն է աշխարհում վերջին տարվա ընթացքում: Վրաստանում գործում է մաքսակետային անցման ամենաարագ ձեւը: Հետազոտությունների համաձայն, Վրաստանում գործում է աշխարհի ամենաարդյունավետ եւ թափանցիկ պետական ապարատը Նոր Զելանդիայից հետո»: Նա նաեւ ավելացրել է. «Մենք չունենք բնական հանածոներ, ինչպիսիք են նավթը եւ գազը, որոնք ունեն մեր հարեւանները, սակայն մենք չունենք այն, ինչ ունեն նրանք. մենք չունենք բյուրակրատիա, կոռուպցիա, հանցագործություն, եւ Վրաստանը հանդիսանում է բարենպաստ երկիր օտարերկրյա ներդրումների համար»: Մ. Սահակաշվիլին խոսել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: «Հայ-ադրբեջանական հակամարտությունը ամբողջ Կովկասի ցավն է,- ասել է նա` ավելացնելով,- Այսօրվա դրությամբ ամենացավոտ հիմնախնդիրը մեզ համար հակամարտությունն է, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դա ինչպես Կովկասի, այնպես էլ Վրաստանի ցավն է»: Վրաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Կովկասը պետք է ինտեգրվի, քանի որ դա տարածաշրջանի զարգացման միակ ճանապարհն է: «Ես կարծում եմ, որ Կովկասի տնտեսությունները ապագայում պետք է ինտեգրվեն»,- հայտարարել է Սահակաշվիլին: Իր հերթին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Հայ-վրացական բիզնես ֆորումը շատ կարեւոր է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար»: Ս. Սարգսյանը շեշտել է Վրաստանի զարգացման կարեւորությունը, այդուհանդերձ, նշելով, որ Վրաստանը, ինչպես նաեւ` Հայաստանը, շարժվում է այդ ուղղությամբ` հաղթահարելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարությունները: Այս տարի Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի ավելացում 5 տոկոսով, այդ թվում` արդյունաբերության ոլորտում` 11-12 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` 25 տոկոս: «Ես հպարտ եմ, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, եւ այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում եւ Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում եւ մեծ հույսեր է ներշնչում»,- ասել է նա: Խոսելով Վրաստանում հայկական ներդրումների մասին` Սարգսյանը նշել է, որ իրեն շատ հաճախ են հարց տալիս, թե արդյո՞ք չի մտահոգում այդ հանգամանքը: «Դա միանգամայն օրինաչափ է, փողերը պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ նրանք շահույթ են բերում: Անհանգստության առիթ կլիներ այն հանգամանքը, եթե որեւէ ձեռնարկություն փակվեր Հայաստանում եւ բացվեր Վրաստանում: Մենք նաեւ չենք ցանկանում, որ որեւէ ձեռնարկություն փակվեր Վրաստանում եւ բացվեր Հայաստանում: Մենք ցանկանում ենք, որ վրացական կապիտալը առկա լինի Հայաստանում, իսկ հայկականը` Վրաստանում»,- հայտարարել է նա: Երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է նաեւ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ներկայումս ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, որը հնարավորություն է ստեղծում լուծելու հարցերը, որոնք իրենց հերթին հնարավորություն կտան Թբիլիսիի եւ Ջավախքի հայ համայնքներին հարատեւել»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` նախագահը նշեց, որ այդ հարաբերությունները զարգանում են գրեթե բոլոր ոլորտներում: Համագործակցության կարեւոր բաղադրիչներից է տնտեսությունը, որտեղ արձանագրվել է 20 տոկոս աճ: Համեմատելով մյուս երկրների բյուջեները` Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին, ինչի արդյունքում բյուջեի 40 տոկոսն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը, մինչդեռ Վրաստանի բյուջեի միայն 15 տոկոսն է ուղղված այդ խնդիրներին: Հանդիպման ընթացքում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են համայնքին հուզող հարցեր, որոնք առնչվում են կրթությանը, եկեղեցիներին, սահմանային խնդիրներին, հայապահպանությանը: Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Բաքրաձեն քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարեւորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների եւ պատգամավորական խմբերի փոխայցելությունները: Սարգսյանը եւ Բաքրաձեն խոսել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը: Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայ Առաքելական եւ Վրաց ՈՒղղափառ եկեղեցիների դերը հայ եւ վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում: Հայաստանի նախագահը եւ Վրաց ՈՒղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, ընդգծելով, որ երկու բարեկամ ժողովուրդների մշակույթները միշտ փոխլրացրել են միմյանց, կարեւորել են դրացի երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը: Սերժ Սարգսյանի եւ Իլյա Երկրորդի հանդիպման հիմնական մասն անցել է փակ դռների հետեւում:
Մինչ այս հանդիպումները Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Երեկոյան ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ տիկին Սանդրա Ռուլովսի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Իսկ առավոտյան` մինչ պաշտոնական հանդիպումները, Ս. Սարգսյանն այցելել է Թբիլիսիում գտնվող Սբ.Էջմիածին եկեղեցի, ուր նա եղել է տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նրանց այստեղ դիմավորել է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նախագահը նաեւ մասնակցել է եկեղեցու բակում մեծանուն հայազգի գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողությանը: Չնայած Մանթաշովի աճյունը վանքի բակից եկեղեցու բակ է տեղափոխվել դեռեւս 1960-ական թթ.-ին, սակայն կիսանդրին այսօր են կանգնեցրել: Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է պատարագին: Նույն եկեղեցու հոգեւոր հովիվ Սամվել քահանա Թորոսյանի խոսքով`վիրահայ հավատացյալ համայնքն այսօր Թբիլիսիում կազմում է 80-90 հազ.մարդ, եւ Վրաստանի մայրաքաղաքում գործող երկու առաքելական եկեղեցիները չեն բավարարում համայնքին: Քահանան հույս է հայտնել, որ առաջիկայում եւս մեկ եկեղեցի կտրամադրվի վիրահայոց թեմին: