Ի՞նչ է սպասվում Բրայզային

01/12/2011

«Թուրան» գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային այդ պաշտոնում Սենատի կողմից հաստատելու խնդրի քննարկման ժամկետների մոտենալուն զուգընթաց` Ամերիկայի հայկական կազմակերպությունները ավելի են ակտիվանում` կանխելու համար Բրայզայի հաստատումը Սենատի կողմից: Հիշեցնենք, որ 2010թ. Սենատը չհաստատեց նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված 4 դեսպանների թեկնածությունը: Օբաման, սակայն, շրջանցելով Սենատը, տարեվերջին նրանց, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, դեսպաններ նշանակեց իր հրամանագրով, սակայն նման ճանապարհով նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում եւ մեկ տարի անց նրանք, այնուամենայնիվ, պետք է հաստատվեն Սենատում: «Թուրանը» նշում է, որ չհաստատված չորս դեսպաններից երեքի հարցը մտել է Սենատ, հավանություն ստացել, սակայն Բրայզայի մասին «մոռացել» են: Պատճառն այն է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսն այդպես էլ չի հանել իր վետոն, որի հետեւանքով էլ անցյալ տարի Բրայզայի թեկնածությունը Սենատում չէր հաստատվել: Գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտում իր աղբյուրը, հաղորդում է, թե Օբամայի վարչակազմը շահագրգռված է, որ Բրայզան Ադրբեջանում շարունակի դեսպանի գործունեությունը, եւ նրան հաստատելու նպատակով ակտիվորեն աշխատում է Սենատի հետ: «Դեսպան Բրայզան անցած 11 ամիսների ընթացքում մեծ արդյունքների է հասել Ադրբեջանում ամերիկյան շահերը պաշտպանելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու գործում: Վարչակազմը, սակայն, չի կարող միջամտել Սենատի աշխատանքներին: Դեսպաններին հաստատելը եւ լսումներ կազմակերպելը միմիայն սենատորների իրավասությունն է»,- «Թուրանին» փոխանցել է Պետդեպարտամենտի իր աղբյուրը: Գործակալության փոխանցմամբ` ըստ փորձագետների` եթե մինչեւ դեկտեմբերի վերջը Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը Սենատ չմտնի, ապա դեսպանի պաշտոնում նրա գործունեության շարունակելը շատ կբարդանա: