Հայկական կողմը ողջունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի առաջարկը` հանդիպումներ կազմակերպել նաեւ սահմանի վրա, սակայն վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հոգեւոր առաջնորդները պայմանավորվել են հանդիպել սահմանին: «Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, անդրադարձ է եղել հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվ երբ ընդունվել էր համատեղ հայտարարությունը, զրույցի ընթացքում առաջարկ ներկայացվեց ադրբեջանական կողմից, որ հաջորդիվ հանդիպումներ կազմակերպվեն նաեւ սահմանի վրա եւ հոգեւոր առաջնորդները նաեւ սահմանի վրա հանդիպեն: Հայկական կողմից այդ առաջարկը ողջունվել է, սակայն վերջնական որեւէ պայմանավորվածություն այդ առնչությամբ ձեռք չի բերվել»,- նշել է Տեր Վահրամը: Նա նաեւ հաստատել է տեղեկությունը, թե Ալլահշուքյուր Փաշազադեն այցի ընթացքում եղել է Երեւանի կապույտ մզկիթում եւ աղոթել: «Շեյխն այցելել է, եւ դա բնական է, ինչպես մենք եկեղեցի ենք այցելում եւ մեր աղոթքը մատուցում: Ինչպես եւ Բաքվում Վեհափառ հայրապետի այցի ժամանակ, մենք այցելեցինք հայկական եկեղեցի եւ աղոթեցինք»,- նշել է Մայր Աթոռի մամուլի պատասխանատուն:
Ի դեպ, Տեր Վահրամը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե եռակողմ հանդիպմանը պատրիարք Կիրիլը հանդես է եկել ղարաբաղյան հարցում Ադրբեջանի տեսակետների պաշտպանությամբ: «Պատրիարքը որեւէ նման կողմնորոշում կամ կեցվածք չի արտահայտել: Հանդիպումն արդեն իսկ իր միջնորդությամբ է կայացել, եւ կարծում եմ` ընկալելի էլ չէր լինի, որ պատրիարքը նման հայտարարություններ աներ: Երեք կողմերն ասել են այն, ինչ արտահայտված է ընդհանուր փաստաթղթում»,- ասել է Տեր Վահրամը: