Վերջին մի քանի շաբաթը մեր խորհրդարանն անընդմեջ նույն գործով է զբաղված: Խորհրդարանը փորձում է ցուցադրել, թե ինչ անկառավարելի վիճակում է հայտնվել պետական ապարատը: Պետական բարձրագույն օրենսդիր ու գործադիր մարմիններից` մինչեւ ինքնակառավարման օղակներ: Լրատվամիջոցներն, իհարկե, խորհրդարանի հետ մրցակցության մեջ մտած` իրենք էլ էին փորձում նկարագրել այդ վիճակը: Բայց բոլորովին մի բան է, երբ մամուլում կարդում ես, որ հերթական պաշտոնանկության փաստին սպասելով` պետական ապարատն անգործության է մատնված, եւ բոլորովին այլ բան է, երբ դա տեսնում ես սեփական աչքերով: Մամուլի համար դժվար է նկարագրել, թե որքան ինքնաբուխ ու ինքնամոռաց են իշխանության բոլոր կառույցների չինովնիկներն ընկել ընկճախտի (դեպրեսիա) մեջ: Ընկել ու սպասում են հերթական հրաժարական-պաշտոնանկությանը: Վիճակի նկարագրությունը երգիծաբանի լուրջ հմտություն ու շնորհ է պահանջում: Իսկ մեր խորհրդարանականները չեն նկարագրում: Նրանք իրենց վարքով ի ցույց են դնում ստեղծված իրավիճակը: Նախ՝ խորհրդարանական հերթական նիստերին, երբ պետբյուջեն էր քննարկվում, լրագրողներին հաջողվեց արձանագրել մի քննարկում, երբ ԱԺ նիստերի դահլիճում ընդամենը նորելուկ մի պատգամավոր էր, որը դեռ տեղյակ չէր ԱԺ աշխատանքային կանոնակարգին: Այն է` պարտադիր չէ ԱԺ բոլոր նիստերին ներկա լինել: Հետո պարզվեց, որ կառավարությունը նաեւ արտահերթ նիստ գումարելու առաջարկ է արել խորհրդարանին: Մեր նույն խորհրդարանին, որն արդեն մեկ-երկու շաբաթ է` ղեկավար չունի: Նույնիսկ փոխարինողների տիտանական աշխատանքի շնորհիվ քվորում ապահովելն անհնար երեւույթ է: Բայց մեր պատգամավորները առաջին տարին չէ, որ յուրացրել են ուրիշի կոճակ սեղմելու գործը: Հետեւաբար, ամեն անգամ իրավական տեսակետից նիստը գումարվում է: Բայց սա բավարար չէ: Երբ կառավարության պատվեր-առաջարկությամբ է ԱԺ նիստ գումարվում, սովորաբար քննարկման է դրվում որեւէ օրենքի նախագիծ: Նախագիծ, որ անհրաժեշտ է արագ-արագ քննարկել (կամ քննարկման իմիտացիա ապահովել) ու քվեարկել: Հասարակ թվացող այս գործի կազմակերպումն անգամ անհնար է: Օրինակ, երբ քննարկվում էր «Բնապահպանական վերահսկողության օրենքի» նախագիծը, բացակայում էին ոչ միայն պատգամավորները, այլեւ օրենքի նախագիծը ներկայացնող նախարարը: Այ դա տեսարան էր… Նիստին կամա կամ ակամա մասնակցող պատգամավորներն անգամ չէին կողմնորոշվում` ինչ անել: Ճիշտ այս պատմական պահին էր, որ դրությունից դուրս գալու ելք գտավ նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Դիմածնոտային հարուստ գիտելիքներով հայտնի մասնագետի նման` նա դիմեց պատգամավորներին: Դիմեց ու ասաց, որ ելույթ ունեցող պատգամավորը նայի «Խոսափողին, հանրությանը»: Դիմեց ու հարցրեց` «Անպայման է նայեք նախարարի երեսի՞ն»: Հետո ներկա պատգամավորները, բնականաբար, զայրացան: Զայրացան ու հիշեցին բոլոր նախարարներին՝ «շարիկ գլորողից»` մինչեւ բնապահպանության նախարար:
Երեկ խորհրդարանում էլի նույն պատկերն էր: Պատգամավորներից ոմանք էլի զարմացած էին, թե ինչպե՞ս է մյուսներին հաջողվում բացակայողների փոխարեն քվորում ապահովել: Նիստը նախագահողը, ով ԱԺ նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուն է, էլի ապացուցեց, որ լոռի՝ քիթ-կոկորդ-ականջի մասնագիտական փառքն իզուր չի վայելում: Խոսքը Սամվել Նիկոյանի մասին է: Երեկ նա ընդդիմադիր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ով չէր լսել բարձրախոսի մոտ հրավիրվելու նրա ձայնը, խորհուրդ է տվել լվանալ ականջները. «Գնա ականջներդ լվա»: Կարեւորն այն է, որ նախագահողն այդ ամենն արել է հանդուրժողականության մասին ինչ-որ տեքստ համարյա գոռոցով արտասանելուց անմիջապես հետո: Պատգամավորներն, իհարկե, ըմբռնումով մոտեցան հանդուրժողականության կոչին ու մի փոքր հետո սկսեցին իրար դիմել գոռալով: Գոռալով ու իրար փոխադարձաբար «հայվան» անվանելով: ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս մականունով)` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Լեզվի պետական տեսչությունը, հավանաբար, կքննի այս հարցը՝ պարզելու, թե ինչո՞ւ էին պատգամավորները միմյանց վիրավորում ոչ հայեցի արտահայտությամբ: Բայց այս քննարկումն իր բովանդակությամբ բարդ է լինելու: Բացատրեմ, թե ինչո՞ւ: Պարզ՝ ֆորմալ տրամաբանությունը թույլ չի տալիս մարդուն «անասուն» անվանել: Որովհետեւ մենք «ասուն» ենք, այսինքն` ի վիճակի ենք հոդաբաշխ նախադասություններ կազմել: Իսկ անասունն այն արարածն է, որը զրկված է միտք ձեւակերպելու կարողությունից: Այսինքն՝ հայ մարդը հոդաբաշխ նախադասությունով չի կարող որեւէ այլ մարդու անասուն ասել: Այլապես նրա նախադասությունը կդադարի հոդաբաշխ (իմա՝ տրամաբանական) լինելուց: Անկախ այն փաստից` այդ հայ մարդը պատգամավո՞ր է, թե՞ ոչ: Նույնիսկ անկախ այն փաստից՝ սույն միտքը հնչեցվել է խորհրդարանականի պարտականությունները կատարելի՞ս, թե՞ աշխատանքից ազատ ժամին: Ահա թե ինչի հանգեցրեց իշխանության բարձր ու միջին օղակներում պաշտոնանկությունների անկանխատեսելի այս շքերթը: Որեւէ մեկն այսօր ոչ միայն չգիտի` վաղն իր շեֆն աշխատանքի կգա՞, թե՞ ոչ, այլեւ չգիտի` նոր շեֆն իրեն աշխատանքից կհեռացնի՞, կամ իր պաշտոնի համար այլ թեկնածու ունի՞, թե՞ ոչ: Բոլորը ցայտնոտային վիճակում են` շարքայինից մինչեւ ղեկավար: Բոլոր պաշտոնյաները ձեռքից գնացել են: Բոլորը սպասում են: Հին արեւելյան իմաստուն պատմություններից մեկն ասում է, որ մի անգամ իշխանն առնելով վեզիրի մահվան լուրը` մեծ քարավան է կապում ու ճամփա ընկնում վեզիրի թաղման արարողությանը մասնակցելու: Բայց ճանապարհին լուրը ճշտվում է: Պարզվում է, որ ոչ թե վեզիրն է մահացել, այլ սուլթանը: Իշխանը ծառաներին հրամայում է շուռ տալ քարավանն ու տուն վերադառնալ: Ծառայապետը զարմացած` իշխանին հարցնում է. «Դու վեզիրի մահվան լուրն առնելով` բեռով-բոխչով մեծ քարավան կապեցիր, ու ճամփա ընկանք: Հիմա պարզվեց, որ սուլթանն է մահացել, պիտի ե՞տ դառնանք»: Իշխանը պատասխանում է, որ քարավանը կապել ու վեզիրի թաղմանը գնում էր, որպեսզի սուլթանը տեսնի ու գնահատի: Հիմա իր քայլը գնահատող չկա, հետեւաբար` հարկ է ետ դառնալ: Ահա այսպիսի պատմություն, որը բնորոշ է բոլոր ոչ քաղաքացիական հասարակություններին: Մեր բոլոր չինովնիկներն այսօր աշխատում են, որ ղեկավարի` շեֆի գնահատականին արժանանան: Իսկ եթե ղեկավարի ապագան հայտնի չէ՝ աշխատանքը կորցնում է իմաստը: Հետեւեք խորհրդարանի ու կառավարության աշխատանքներին եւ ինքներդ կհամոզվեք: