Ի՞նչ անել, եթե կատուն ընկել է ծխնելույզի մեջ, կամ…

21/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ակումբի նախագահ Վիոլետա Գաբրիելյանը մեզ ներկայացրեց այն աշխարհը, որ զբաղեցնում են ընտանի կենդանիները մեր հասարակության մեջ: «Մեր դռները բաց են բոլոր կենդանիների առջեւ, բայց մեզ մոտ չեն կարող բերել, օրինակ, ձիերի: Սակայն, նման դեպքերում, մենք հեռախոսով կարող ենք խորհուրդ տալ, թե որտեղ կարող են դիմել: Հիմնական մեր հաճախորդները շներն ու կատուներն են, բայց պատահում են նաեւ կրիաներ, թութակներ, նույնիսկ բադեր»,- ասում է Վ. Գաբրիելյանը: Նրա հավաստմամբ, տարիները ցույց են տալիս, որ նման ակումբների նկատմամբ պահանջարկ կա: Դժվարությունները կայանում են նրանում, որ եթե նախկինում գրականության մատակարարումը, կադրերի վերապատրաստումը եւ այլ խնդիրներ հոգում էր պետությունը, ապա այժմ ակումբը փորձում է ինքնուրույն «ոտքի կանգնել»: Վ. Գաբրիելյանը եւ ակումբի անասնաբույժը հաճախ են մասնակցում Ռուսաստանում տեղի ունեցող շների ցուցահանդեսներին ու ամեն անգամ նոր փորձ ձեռք բերած՝ վերադառնում Հայաստան: Բացի այդ, Վ. Գաբրիելյանը բարձր գնահատեց Հայաստանում անասնաբույժների ինստիտուտի մակարդակը: Բացի կենդանիներին բուժելուց` ակումբն ունի բուծարաններ, որտեղ բազմացնում են մաքուր ցեղատեսակի կենդանիներ, մատուցում է շատ այլ ծառայություններ, մասնավորապես, զբաղվում է կենդանիների վարսահարդարմամբ: Նման ակումբները սկսել են շատ լուրջ զբաղվել կենդանու տոհմագրով, որում նշվում է, թե ովքեր են այդ շան ծնողները, տատը, պապը: Եթե շունը սպասարկվում է, անպայման անասնաբուժական անձնագիր է անհրաժեշտ նրան: Ինչո՞ւ: Օրինակ, եթե շունը սրսկվել է մի քանի վարակիչ հիվանդությունների եւ կատաղության դեմ ու մի օր նա մեկին կծում է, ապա անհրաժեշտ է ապացուցել, որ տուժողի առողջությանը վտանգ չի սպառնում: Բացի այդ, առանց այդ անձնագրի շունը չի կարող ճանապարհորդել: «Մեզ շատ են դիմում նաեւ կենդանիներին ամուսնացնելու նպատակով: Դա բարդ գործընթաց է, քանի որ կենդանին նույնպես զգացմունքներ ունի: Հատուկ մասնագետներ կան, որոնք զբաղվում են զույգերի ընտրությամբ: Երբեմն ավելի հետաքրքիր հարցերով են դիմում, օրինակ, ինչ անել, եթե կատուն ընկել է ծխնելույզի մեջ»,- ասում է Վ. Գաբրիելյանը:

Կենդանիների հետ շփումն ու գործունեության այս տեսակն իրենց լուման են ներդնում սերնդի դաստիարակության գործում: Երեխան տեսնում է, թե ինչպես են ծնողները հոգատար վերաբերմունք ցուցաբերում կենդանու նկատմամբ եւ նույն ոգով էլ դաստիարակվում է: «6-ամյա մի երեխայի, ով սրտի պրոբլեմներ ուներ, հոգեբաններից մեկը խորհուրդ էր տվել կենդանի պահել: Ծնողները մեզանից գնեցին փոքր ցեղատեսակի շուն, եւ հիմա` մեկ ու կես տարի անց, երեխան լիովին բուժվել է»,- պատմում է Վ. Գաբրիելյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ այն հարցին, որ հուզում է մեզանից շատերին՝ շուն պահե՞լ, թե՞ ոչ: Իհարկե, դա կախված է թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային դժվարություններից ու առօրյա հոգսերից: Կենդանին պահանջում է ուշադրություն, ուստի շուն պահելու մասին որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուր մարդ պետք է «յոթ չափի, մին՝ կտրի»: «Իհարկե, չեմ ընդունում, որ կենդանուն մարդկայնացնում են, «գլխին են նստեցնում»: Երբեմն բողոքում են, որ կենդանին պահանջում է, որ իրեն գդալով կերակրեն կամ առավոտյան ժամը 6-ին զբոսանքի տանեն: Այդ ամենի մեղավորը հենց տերն է»,- ասում է Վ. Գաբրիելյանը: Երբեմն անխիղճ մարդկանց արարքները վտանգ են ներկայացնում ոչ միայն կենդանիների, այլեւ` մարդկանց կյանքի համար: Մերգելյան ինստիտուտին հարող տարածքում վերջերս մեկը բաց է թողել «Չաո-Չաո» ցեղատեսակին պատկանող իր շանը: Այդ մարդուն ճանաչում են, իսկ նա ասում է, որ իրեն շունը պետք չէ: Սակայն, վերջինս գազազում է, երբ իրեն մոտենում են: Դեպքի առնչությամբ պատասխանատուներ չկան:

Իսկ որտե՞ղ են թաղում կենդանիներին: Հայաստանում նրանց համար գերեզմանատուն չկա: Վերջինս ծախսատար գործ է, իսկ քանի որ դրա նկատմամբ պահանջարկը մեծ չէ, ուստի նման վայրերի ստեղծումն անիմաստ է: «Հիմնականում մարդիկ կենդանիներին թաղում են իրենց պարտեզներում, ամառանոցների բակերում: Իսկ ովքեր այդ հնարավորությունը չունեն, դիմում են մեզ: Մեր սեփականությունը հանդիսացող 2 տեղ ունենք (Նոր Նորքի ճանապարհին եւ Երեւանից դուրս), որտեղ կազմակերպում ենք կենդանիների թաղումը»,- ասում է Վ. Գաբրիելյանը:

Հ.Գ. «Չաո-Չաո» ցեղատեսակին պատկանող Քսյուշան ու Էրիկը պատրաստվում են նկարահանվել Վլադիմիր Պրեսնյակովի «Ով սիրուն, սիրուն» երգի տեսահոլովակում («Երեւան-Մոսկվա տրանզիտ» նախագծի շրջանակներում):