«Հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումների, բանակցությունների եւ համագործակցության, եւ ոչ թե սպառնալիքների ու լարման մեծացման միջոցով: Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան: Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը, ինչ խոսք, հուսահատեցնող կարող է լինել: Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին: Այն լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որեւէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարեւան ժողովրդին, եւ ո՛չ էլ մեզ: Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն եւ սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»,- Երեւանում անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, եւ այլք: