Բարենպաստ պայմաններ՝ էկոլոգիական գյուղատնտեսության զարգացման համար

21/11/2005 Նատա ՈՍԿԱՆՅԱՆ

2005թ. նոյեմբերի 17-18-ին Երեւանում կայացավ «Էկոլոգիական սննդամթերք եւ էկոլոգիական գյուղատնտեսություն Հայաստանում» միջազգային կոնֆերանսը: Մոտ ժամանակներս ՀՀ օրենսդրական դաշտը կհամալրվի եւս մեկ օրենքով՝ էկոլոգիական գյուղատնտեսության մասին: Էկոլոգիական հողագործությունը կարող է կարեւոր ուղղություն դառնալ հայաստանյան գյուղատնտեսության մեջ:

Հայաստանում հողի սեփականաշնորհման արդյունքում ի հայտ է եկել 338 հազար գյուղտնտեսություն: Միջին տնտեսության հողատարածքը կազմում է 1,4 հեկտար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ քանի որ Հայաստանը սակավահող երկիր է եւ չի կարող մրցակցել հարեւանների հետ գյուղատնտեսական ապրանքների ծավալով, ապա «պետք է զարգացնել գիտատար ուղղությունը՝ զերծ պահելով գյուղատնտեսական արտադրանքը քիմիական նյութերից»:

Այսպես թե այնպես, հայաստանյան շատ գյուղերում թունաքիմիկատներ ու արհեստական պարարտանյութեր չեն օգտագործվում, հաճախ՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Գումարած դրան՝ լեռնային ու նախալեռնային գյուղերում մշակովի հողաբույսերը պակաս ենթարկված են զանազան հիվանդությունների: «Քիմպարարտանյութեր չէինք օգտագործում եւ ոչ էլ վաճառում էինք բերքը. մեր հողատարածքը փոքր է, շուկայական գինն էլ այն չէր: Իսկ հիմա 7 հոգով միավորվել ենք եւ էկոլոգիական հողագործությամբ ենք զբաղվում: Օգտագործում ենք կոմպոստ: Այս տարի առաջին անգամ արտադրանքն ուղարկեցինք շուկա եւ եկամուտ ունեցանք»,- պատմում է Էմմա Հակոբյանն Իջեւանի շրջանի Գանձաքար գյուղից:

Գանձաքար գյուղը ծովի մակերեւույթից 1200 մ բարձրության վրա է: Աճեցնում են լոբի, բիբար, պոմիդոր, վարունգ, հիմնականում՝ տեղական սորտեր, քանի որ արտերկրյա տեսակները դժվար են ընտելանում տեղական կլիմային: Իբրեւ պարարտանյութ` օգտագործում են ամենատարբեր կենսաբանական մնացորդներից՝ թափվող տերեւներից, փայտից, կենդանական ու բուսական մնացորդներից պատրաստված կոմպոստը: «Դրանից ուժեղ պարարտանյութ չկա»,- ասում է Էմման: Վնասատուների դեմ պայքարում են բնական միջոցներով, ասենք՝ տվյալ կուլտուրայի մարգերի կողքին որոշակի ծաղիկ կամ սոխ ցանելով: Աշխարհում էկոլոգիական հողագործությամբ զբաղվողների տրամադրության տակ կան նաեւ քիմիայից զերծ տարբեր թուրմեր ու լուծույթներ: «Հայաստանում այդ պատրաստի նյութերից դեռ չկա, բայց խոստացել են, որ մյուս տարի կստանանք»,- ասում է Էմման: Խոստացողը 1988թ. գյուղական համայնքների զարգացման նպատակով ստեղծված «Շեն» ՀԿ տեխնիկական գծով տնօրեն Արմինե Թուխիկյանն է: Կազմակերպությունը 2002թ. ձեռնարկեց Հայաստանում էկոլոգիական գյուղատնտեսության զարգացման առաջին փորձերից մեկը: Բաղրամյանի եւ Թալինի շրջաններում պահեստային հողեր վարձակալվեցին եւ գյուղացիներին առաջարկվեց փորձարկել՝ առանց վտանգելու իրենց հանապազօրյա հացը: Նոր ձեւով մշակված այդ երկու պտղատու այգիներն այսօր սերտիֆիկացման փուլում են եւ գտնվում են «ԷկոԳլոբ» կազմակերպության հսկողության տակ:

Երեւանյան «ԷկոԳլոբ» կազմակերպությունը զբաղվում է էկոլոգիական գյուղատնտեսական ապրանքների սերտիֆիկացմամբ: Գանձաքարցի Էմմա Հակոբյանը եւս վերցրել է հայտի ձեւաթերթը: «Կուսումնասիրեմ, թե ինչ հատուկ կետեր ու պահանջներ ունեն: Տեսնենք, եթե կարող ենք այդ ստանդարտներով շարժվել՝ հայտը կլրացնենք ու կուղարկենք»,- ասում է Էմման: Երեք տարի «Շենը» սերտիֆիկացման ծախսը փակում է: Սերտիֆիկացումը միանվագ գործողություն չէ. անընդմեջ ստուգվելու է համապատասխանությունն էկոլոգիական գյուղատնտեսությանը ներկայացվող պահանջներին:

«Էկոլոգիական գյուղատնտեսական ապրանքի պոտենցիալ գնորդն այսօր Հայաստանում բնակվող արտասահմանցիներն են, որոնց հարկ չկա բացատրել, թե դա ինչ է»,- ասում է «Շեն» ՀԿ տեխնիկական գծով տնօրեն Արմինե Թուխիկյանը: Էկոլոգիական արտադրանքի սպառման դժվարությունը կա նաեւ ոլորտում Հայաստանից առաջ ընկած ԱՊՀ երկրներում: Դրան է նպաստում հանրության անտեղյակությունը եւ արտադրանքի ավելի թանկ լինելը:

Պրոբլեմ է գյուղացիների թերահավատությունը նոր ճյուղի նկատմամբ: «Մենք ուզում ենք քաջալերել գյուղացուն, բայց նաեւ` չներշնչել սին հույսեր», – ասում է Թուխիկյանը: Հաջողվեց գտնել Վարդենիսի, Սիսիանի, Արմավիրի, Տավուշի քաջ ֆերմերների 25 հոգանոց մի խումբ, որոնց «Շենն» առաջարկեց էկոլոգիական հողագործություն վարել՝ արդեն իրենց հողակտորների վրա: «Դրանք առաջամարտիկներն էին,- ասում է Թուխիկյանը։ -Դրանց մի մասն այսօր պատրաստ է մտնել սերտիֆիկացման փուլ, եւ «Շենը» կփոխհատուցի ծախսը՝ որպես խրախուսում»: Թուխիկյանի խոսքով՝ եւս 20 ֆերմեր պատրաստ է մտնել էկոլոգիական գյուղատնտեսություն:

Էկոլոգիական գյուղատնտեսության համար Հայաստանում կան ոչ միայն բարենպաստ պայմաններ, այլեւ` խոչընդոտներ. հայաստանյան հողակտորների փոքրությունը եւ ֆերմերների միջեւ կոոպերացիայի բացակայությունը, ճանապարհների անմխիթար վիճակը, վատ կամ բացակա հեռախոսակապը: