Եվ երկնուղեշ փայտեր երկու

29/11/2011

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն իրարանցում է առաջացրել քաղաքական դաշտի որոշակի շրջանակներում, սակայն, որ ավելի կարեւոր է` առավելապես եւ առաջին հերթին` Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ): Թեեւ «Բարգավաճ Հայաստանին» (ԲՀԿ) ուղղված համագործակցության առաջարկը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց միայն որպես «իր անձնական տեսակետ» եւ քաղաքագիտական միտք, սակայն հասկանալի է, որ խոսքը ոչ թե քաղաքական վերլուծաբանի, այլ ընդդիմադիր ուժի ղեկավարի մասին է, որը հաճախ իրեն ներկայացնում է որպես դոմինանտ ընդդիմադիր միավոր: ԲՀԿ-ի մասին խոսելիս Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ հարցում ՀԱԿ-ում կոնսենսուս չկա: Անցել է արդեն երեք օր, սակայն ՀԱԿ-ը ներկայացնող որեւէ ուժից որեւէ մեկնաբանություն այդ առթիվ չի հնչել: ՀԱԿ-ում խուսափում են անդրադառնալ դրան այնպես, ինչպես ԲՀԿ-ում կամ ՀՀԿ-ում: Այսինքն` եւս մեկ անգամ հաստատվում է վաղուց հայտնի այն իրողությունը, որ ՀԱԿ-ում ամեն ինչ որոշում է բացառապես Տեր-Պետրոսյանը, եւ նրա որոշումների մասին նույնիսկ ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչները տեղեկանում են միայն նրա հանրահավաքային ելույթից: Իսկ նման սկզբունքային հարցում անհամաձայնությունը արժեք կունենա միայն այն դեպքում, երբ դրանց հեղինակները համարձակվեն նաեւ հրապարակավ արտահայտվել այդ մասին: Ակնհայտ է, սակայն, որ ընտրությունների մոտենալուն եւ նման «անակնկալներին» զուգահեռ` Տեր-Պետրոսյանի «անձնական հեղինակությունը» եւ նրա կողմից «դավաճան» որակվելու վախն արդեն հետ չեն պահելու որոշ գործիչների` բարձրաձայնելու անհամաձայնության մասին: Քանի որ այն, ինչի համար ստեղծվել է ՀԱԿ-ը, հօդս է ցնդում ամեն օրվա հետ եւ Լ. Տեր-Պետրոսյանի ձեռքով, ով այս տարվա գարնանը գեներացված հասարակական ընդվզումն օգտագործեց ոչ թե ՀԱԿ-ի հռչակած հիմնական նպատակի` իշխանափոխության, այլ իշխանության հետ գործարք(ներ)ի նպատակով: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, լայն իմաստով, գարնանը սկսված գործընթացի շարունակությունն է: Այսինքն` Տեր-Պետրոսյանը հսկայական ընդդիմադիր ընտրազանգվածն օգտագործելով` նախ երկխոսություն առաջարկեց իշխանության ՀՀԿ-ական հատվածին` ի դեմս Սերժ Սարգսյանի, մերժում ստացավ, հիմա էլ նույնն առաջարկում է իշխանության մյուս բաղկացուցիչ մասին` ԲՀԿ-ին: Մեծ հավանականությամբ` վերջինիցս եւս մերժում ստանալու շատ որոշակի հեռանկարով: Այսպես շարունակվելու դեպքում հերթը կարող է հասնել անգամ ՕԵԿ-ին: Լ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից պարզ դարձավ, որ հիմա նա ավելի շատ մտածում է ԲՀԿ-ի, քան ՀԱԿ-ի վարկանիշի մասին: Ընդ որում, խորհրդանշորեն ապացուցելով, որ հավատարիմ է 2008թ. իր հիմնական` փիլիսոփայական` «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կարգախոսին: Դժբախտաբար, այդ կարգախոսն իրականություն չդարձավ մարդկային կյանքերի առումով (մարտիմեկյան 10 զոհերը), սակայն իրականանում է քաղաքականապես: Այն, ինչ արեց ինքն իր հետ Լ. Տեր-Պետրոսյանը` գրեթե հավասարազոր է քաղաքական ինքնասպանության: Այլ կերպ դժվար է որակել Տեր-Պետրոսյան քաղաքական ու պետական գործչին` ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության թեկուզ տեսական հնարավորության մասին մտածելիս: