Ո՞վ առաջինը կենթարկվի զոնդաժի

29/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին իր վերջին հայտարարությամբ բավականին հետաքրքիր ու հակասական իրավիճակ է առաջացրել քաղաքական դաշտում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց, թե` «եթե պարզվի, որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները»: Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ ավելացրել է` եթե ԲՀԿ-ն եւս մեկ անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, ապա այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա: «Իսկ այդ վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե «Բարգավաճ Հայաստանը» հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից»,- ավելացրել է Լ.Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի առաջնորդն այսպիսով որոշակի լարվածություն է ստեղծել ոչ միայն ԲՀԿ-ում ու նրա կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցությունում, այլ նաեւ նույն ՀԱԿ-ում: Այս երեք ուժերում անցած մի քանի օրերին հրաժարվում էին մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: ԲՀԿ-ից միայն Վարդան Բոստանջյանն է կցկտուր խոսել, թե իրենք կուսակցությունում չեն քննարկել թե կոալիցիայից դուրս գալու, եւ թե ՀԱԿ-ի հետ համագործակցելու հետ կապված հարցեր: Նա նաեւ ավելացրել է, թե «դժվար է պատկերացնում» ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ ասել է, թե կուսակցությունը չի կարող պաշտոնապես արձագանքել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, քանի դեռ Գ.Ծառուկյանը Հայաստանում չէ: Հիշեցնենք, որ վերջինս գտնվում է Դուբայում: Իսկ ԲՀԿ մյուս պատգամավորները երեկ կամ խուսափում էին ԱԺ միջանցքներում լրագրողների հետ դեմառդեմ դուրս գալուց, կամ էլ միանգամից հրաժարվում էին մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Եթե նրանք մերժեն այդ հայտարարություն-առաջարկը, ապա դրան զուգահեռ` պետք է եւս մեկ անգամ հայտարարեն, թե հավատարիմ են կոալիցիոն հուշագրին, ինչը արդեն մի քանի անգամ արվել է: Եվ դա եւս մի անգամ կրկնելը, ինչպես նշել է Լ.Տեր-Պետրոսյանը, բացասաբար կանդրադառնա ԲՀԿ-ի վարկանիշի վրա, որովհետեւ միայն այս տարվա ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Գ.Ծառուկյանի առաջ երկու անգամ կոալիցիայից դուրս գալու կամ կոալիցիային հավատարմություն հայտնելու պայման է դրել: Ինչպես հայտնի է, երկու դեպքում էլ

ԲՀԿ-ն հավատարմությունն է հայտնել կոալիցիային: Եվս մի փորձություն այս անգամ Լ.Տեր-Պետրոսյանն է առաջադրել նրանց համար:

ՀՀԿ-ն նույնպես չի շտապում մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը կամ կոալիցիայից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալու եւ ՀԱԿ-ի հետ համագործակցելու հարցը: Ավելին, այնտեղ հավանաբար սպասում են ԲՀԿ-ի արձագանքին: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանի առաջադրած խնդիրը պատասխան է պահանջում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գտնում է, որ Տեր-Պետրոսյանի ասածն ընդամենը քաղաքագիտական միտք է եւ ոչ թե առաջարկություն: «Առավելեւս պայմանավորված չէ ՀԱԿ-ի գործունեության հետ, դա իր անձնական կարծիքն է: Ես կարծում եմ, որ դա իր նախընտրական ռազմավարությունն է, եւ բացառված չէ, որ մի անգամ էլ մեկ ուրիշի նկատմամբ հայտարարություն անի: Ժողովրդի հետ զոնդաժային քաղաքականության մեջ է: Տեսնենք, թե ժողովրդի վրա ինչպիսի ազդեցություն կունենա: Ես շատ նորմալ եմ համարում, որովհետեւ դա նախընտրական քայլ է»,- ասում է Գ.Սահակյանը:

Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը լարվածություն է առաջացրել նաեւ ՀԱԿ-ում: Ընդդիմադիր այդ ուժը կազմող ոչ բոլոր առանձին կուսակցությունների համար դա կարող է ընդունելի լինել: Ինքը` Տեր-Պետրոսյանն, իր ելույթում նույնպես այդ մասին ակնարկել է: ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը նա պատրաստվել է անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում: «Սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից: Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացներից ետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծելու հույժ հրատապ այդ հարցը: Ներքոշարադրյալն, ըստ այդմ, ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իմ անձնական տեսակետն է, հետեւաբար, ես էլ կրում եմ նրա ողջ պատասխանատվությունը»,- ասել է Լ.Տեր-Պետրոսյանը:

Երեկ փորձեցինք Կոնգրեսի մաս կազմող մյուս քաղաքական ուժերից նույնպես ճշտել, թե համաձա՞յն են իրենց առաջնորդի հայտարարության հետ: ՀԱԿ-ի եւ ոչ մի կառույցից հնարավոր չեղավ այդ թեմայի հետ կապված մեկնաբանություններ ստանալ: Միայն հաջողվեց խոսել ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե պատրաստ են համագործակցել ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաեւ ցանկացած կուսակցության հետ, որը դեմ է գործող վարչախմբին: Բայց չէ՞որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՀԱԿ-ը փաստաթուղթ էր հրապարակել, թե ԱԺ 76 պատգամավորներ` ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղված: Եվ ներկայացրած պատգամավորների ցանկում միայն 20 պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ են` Գ.Ծառուկյանի գլխավորությամբ: Բացի այդ, ՀԱԿ առաջնորդները բազմիցս են իրենց ելույթներում անդրադարձել Գ.Ծառուկյանին` նրան համարելով քրեաօլիգարխիկ համակարգի մի հատվածը: Արդյո՞ք այս ամենը չի խանգարի նրանց համագործակցելու համար: «Ես կոնկրետ չեմ սեւեռվում Գ.Ծառուկյան անձի վրա: Ասեմ, որ ցանկացած քաղաքական միավոր, ցանկացած քաղաքական գործիչ, որը դեմ է գործող վարչակազմին, մենք կարող ենք համագործակցել նրանց հետ»,- պատասխանեց Գ.Եղիազարյանը: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն գործող վարչախմբի մի մասն է: «Տեսնենք, եթե մի մասն են, դրան չի վերաբերում, եթե մի մասը չեն, դրան է վերաբերում»,- այսպիսի պատասխան տվեց Գ.Եղիազարյանը: Հիշեցնենք նաեւ, որ 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Գ.Եղիազարյանն իր որդու հետ միասին Աբովյան քաղաքում բռնության էր ենթարկվել: Եվ այն ժամանակ ՀԱԿ-ի կողմից տեղեկություններ էին հրապարակվում, թե ծեծողները Գ.Ծառուկյանի համախոհներն են եղել: Արդյո՞ք այս հանգամանքն անձամբ Գ.Եղիազարյանին չի խանգարում ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար: «Ամենեւին: Ավելի լուրջ, ավելի մեծ նպատակներ կան, քան այդ ընդհարումը: Որ իշխանափոխություն լինի»,- ասաց Գ.Եղիազարյանը: