Ընդունել են Լեֆորին

29/11/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության եւ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր: Եվրոպացի պաշտոնյային ընդունել է նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադարձել են արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը հանգամանալից քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Բանակցությունների օրակարգում եղել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցեր: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչության վրա: