Երեկ Ազատության հրապարակում կայացավ Հայ ազգային կոնգրեսի հերթական եւ այս տարվա վերջին հանրահավաքը, որն, ըստ էության, ուրվագծեց այն գործընթացները, որոնք ՀԱԿ-ը ցանկանում է զարգացնել առաջիկայում` 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ: Խոսքն ամենեւին նախապես այդքան գովազդված «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հռչակագրի» մասին չէ, որը երեկ «ընդունվեց» հանրահավաքի մասնակիցների կողմից: Այն, ինչպես եւ սպասվում էր, վաղուց հայտնի իրավական փաստերի շարադրանք է, որը ՀԱԿ-ը համակարգել է նախընտրական երանգավորում տալու համար: Հանրահավաքի հիմնական ուղերձները ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի քանի կետերն էին, որոնք դժվար է չորակել որպես համագործակցության բաց առաջարկ` ուղղված «Բարգավաճ Հայաստանին»: Ընդ որում, դա այնքան ակնհայտ էր, որ անգամ Լ. Տեր-Պետրոսյանը կոչ արեց, ավելի ճիշտ` սպառնաց իր «անձնական տեսակետը» որպես այդպիսին չհասկանալ: («Ով մեզ հետ չէ` սպասարկում է իշխանություններին» սկզբունքը Լ. Տեր-Պետրոսյանն արդեն կիրառում է նաեւ իր հայտարարությունները ՀԱԿ-ի համար ոչ ցանկալի կերպով ընկալողների առնչությամբ: Այսինքն` ով հասկանում կամ մեկնաբանում է ոչ ըստ ՀԱԿ-ի ցանկության, ծառայում է վարչախմբին): Այսպիսով, Լ. Տեր-Պետրոսյանը երեկ ներկայացնելով իր «անձնական տեսակետը» (կարծես ՀԱԿ-ում այլ տեսակետ էլ գոյություն ունի)` հայտարարեց. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ եւ հաշվի չառնել: Ի դեմս ԲՀԿ-ի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում… եթե պարզվի, որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, ՀԱԿ-ն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները: Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը: Հավատացած եմ, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար…»: Այսպիսով,
Լ. Տեր-Պետրոսյանն առայժմ իր անունից գրեթե ուղղակիորեն ԲՀԿ-ին առաջարկում է դուրս գալ կոալիցիայից եւ ընտրությունների գնալ ՀԱԿ-ի հետ միասին` որպես միակ «նախապայման» առաջ քաշելով «Ռոբերտ Քոչարյանից սահմանազատումը եւ 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից խուսափումը»: Մինչեւ վերջերս գրեթե անհավանական թվացող նման զարգացումը, որն, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի` միանգամայն տեղավորվում է քաղաքականության տրամաբանության մեջ, կարող է բացատրվել, թերեւս, միայն մեկ հանգամանքով` նման զարգացում ցանկանում են ռուսական քաղաքական շրջանակները, որոնք` ի դեմս ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հնարավոր ալյանսի, գուցե փորձում են հակակշիռ ստեղծել որոշակիորեն դեպի Արեւմուտք թեքված Սերժ Սարգսյանի իշխանությանը: Իսկ երբ նման սցենարները մշակվում կամ ցանկալի են համարվում ռուսների կողմից, արդեն երկրորդական են դառնում սկզբունքները (պատկերացնո՞ւմ եք` ԲՀԿ-ն եւ սահմանադրական կարգի վերականգնումն ու անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը), կարգախոսները (ՀԱԿ-ը դեռեւս միայն պաշտոնապես չի ազդարարել իր կողմից նախկին հանրահավաքներում հայտարարված` «Ոչ դոդացմանը» կարգախոսի առկախման մասին), 2008թ. ընտրություններում ԲՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկված ՀԱԿ որոշ ղեկավարների արժանապատվությունը եւ բազմաթիվ նման «անկարեւոր» բաներ: