Նոյեմբերի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնի ընթացքում Արցախի ջրամատակարարման համար հավաքագրվել է 12 մլն 286 հազար 478 դոլար: Հիշեցնենք, որ 2010թ. կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր ավելի քան 20 միլիոն դոլար: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ թեեւ հեռուստամարաթոնն առավոտյան ավարտվել է, սակայն հետմարաթոնյան աշխատանքները կշարունակվեն մինչեւ դեկտեմբեր: Նրա խոսքով` այս տարվա արդյունքն իր մեջ դեռեւս չի ներառում մոսկովյան ավանդական ճաշկերույթի ընթացքում հավաքվող գումարը: «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդհանուր արդյունքում ներառված չէ ճաշկերույթի արդյունքը, ապա կարող ենք արձանագրել, որ այս նախնական արդյունքը 2 միլիոնով գերազանցում է նախորդ հեռուստամարաթոնի արդյունքը»,- ասել է նա: