Համարյա իշխանության պես

26/11/2011

«ՀԱԿ-ի համար Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային խնդիրներն են ԼՂՀ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- երեկ «Կուսակցությունների արտաքին քաղաքական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, որ իշխանության գալու պարագայում ՀԱԿ-ն իրականացնելու է միջազգային կառույցների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, այլ ոչ թե զբաղվելու է իմիտացիայով, ինչպես ներկայումս է տեղի ունենում: Միեւնույն ժամանակ ՀԱԿ-ը կողմ է Ռուսաստանի եւ բոլոր հարեւանների հետ հարաբերությունները սերտացնելուն` դառնալով նրանց համար կանխատեսելի եւ վստահելի գործընկեր: «Կարեւորում ենք Վրաստանի հետ երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատումը»,- ասել է Վ. Կարապետյանը: «ԼՂՀ հարցում պետք է շտկենք այն բոլոր սխալները, որը թույլ է տվել ռազմական հեղաշրջմամբ եւ սպանդով իշխանության եկած վարչակազմը: Հայաստանի արտաքին քաղաքականությանը ԼՂ կարգավորման հարցում հարված հասցվեցին 2008թ. ՄԱԿ-ի կողմից եւ ԵԽ ԽՎ-ի կողմից, ապա` 2010թ., Եվրոպական խորհրդարանի կողմից, ապա` ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ համանախագահող երկրների կողմից ընդունված բանաձեւերով ու հայտարարություններով, որտեղ ԼՂ հարակից տարածքներն անվանվում են օկուպացված եւ պահանջ է ներկայացվում հայկական ուժերի դուրսբերման վերաբերյալ: Խնդրահարույց էր նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը, երբ 2010-ի նոյեմբերին Կասպյան երկրների նախագահների ստորագրած հայտարարությամբ փաստորեն դուրս եկավ հավասարակշռված մոտեցումից ԼՂ հարցում` անցնելով Ադրբեջանի կողմը: Դա շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, եւ նա պետք է շտկի այս իրավիճակը ու սկսի ԼՂ կարգավորման հարցով հավասարի դիրքերից վարել բանակցությունները: Առանց ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության բանակցություններին` ԼՂ կարգավորման գործում չի կարող առաջընթաց գրանցվել»,- հայտարարել է Վ. Կարապետյանը, ով, հիշեցնենք, մինչեւ 2008 թվականը զբաղեցնում էր «ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած վարչակազմի» արտաքին քաղաքականությունն իրականացնող ԱԳՆ-ի մամլո խոսնակի պաշտոնը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական Արձանագրություններին, ապա ՀԱԿ-ը համոզված է, որ դրանք սխալ էին այն տեսքով, որով ընդունվել էին. «Նկատի ունենք պատմաբանների հանձնաժողով ձեւավորելու մասին դրույթը, որը հիմնական խոչընդոտն էր այդ Արձանագրությունները կյանքի կոչելու համար,- ասել է Վ. Կարապետյանը` ավելացնելով,- Մենք գտնում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները սառեցված են, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը` նույնպես»: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, նա ասել է, որ ՀՀԿ-ի հնչեցրած բարձր խոսքերը եւ ժողովրդավարություն հաստատելու պատրաստակամությունը ոչ մի կապ չունեն իրականության հետ: «Իսկ իրականությունն այն է, որ այս պահին ոստիկանները շարված են քաղաքից դուրս մայրուղիների վրա` խանգարելու մարդկանց հոսքը դեպի Երեւան` հանրահավաքին մասնակցելու համար»: Բանավեճին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը Վ. Կարապետյանից հետաքրքրվել է. «Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը խնդիր դրել ազատվել Սերժ Սարգսյանից, այն դեպքում, երբ 1988թ. միտինգներում եւ դրանից հետո ծավալված իրողություններում իր մեծ ներդրումն է ունեցել Սերժ Սարգսյանը` ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ձեւավորելու ճանապարհին»: Ի պատասխան, ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, թե ՀԱԿ-ը ոչ թե դեմ է իշխանություններին` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, այլ առհասարակ հանդես է գալիս Սերժ Սարգսյանի դեմ, եւ երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորումը պատկերացնում է նոր, լեգիտիմ իշխանություններից հետո:

Ա. Զաքարյանի խոսքով` ժամանակակից աշխարհում արտաքին քաղաքականություն վարելու համար չափազանց դժվար է լինել չափազանց ինքնուրույն. «Դա պետությունների եւ միջազգային սուբյեկտների ջանքերի համաձայնությունների ներդրման գործընթաց է»: Նաեւ հավելել է, թե այսօր ամենակարեւոր խնդիրը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացն է, դրանով պայմանավորված` տարածաշրջանային զարգացման հեռանկարները: