ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նախօրեին խոստացել էր երեկ` ՀԱԿ-ի հանրահավաքի օրը, առավել խիստ ռեժիմ կիրառել, քան նախկին հանրահավաքների ժամանակ է եղել, ըստ էության` իրականացրեց խոստումը:
Մարզերից Երեւան եկող ճանապարհները երեկ առավոտից փակ էին: Իսկ արդեն երեկոյան` հանրահավաքի ժամանակ, ժամը 19:00-ի սահմաններում Ազատության հրապարակի լուսավորությունն անջատվեց: Երեկ առավոտից ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները: Մասնավորապես` Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սեւան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ըստ ՀԱԿ-ի` արգելում էին միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաեւ` տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք: ՀԱԿ-ի հավաստմամբ` արձանագրվել են անհատ տաքսիների պետհամարանիշերի, վարորդական վկայականների առգրավման, միկրոավտոբուսի վարորդների նկատմամբ հարկադրանքի կիրառման դեպքեր: «Զուգահեռաբար, Երեւան մտնող ճանապարհների ոստիկանական պահակակետերում ոստիկանական ուժերը կանգնեցնում եւ հետ են ուղարկում միկրոավտոբուսները: Այս տվյալները ճշգրտված եւ հաստատված են ինչպես ՀԱԿ-ի տարածքային կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ` ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի կողմից կատարված դիտարկումների, լրագրողների ու խոչընդոտների հանդիպած անհատ քաղաքացիների հաղորդած տեղեկությունների արդյունքում: Այս ակնհայտ վախը, որ դրսեւորվում է վարչախմբի կողմից, պայմանավորված է նրանով, որ այսօրվա հանրահավաքում ՀԱԿ-ը ներկայացնելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի վերաբերյալ Հռչակագիր, եւ ռեժիմը մեծ ջանքեր է թափում, որ այն տեղի չունենա Ազատության հրապարակում հավաքված հոծ բազմության առջեւ»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: Ըստ հայտարարության` ակնառու է նաեւ «բարեփոխումների մասին ճոռոմ հայտարարություններ անող նոր ոստիկանապետի ներդրումն այս ապօրինությունների մեջ»: «Այս ամենը ցույց է տալիս, որ ռեժիմն իշխանությունը պահում եւ հասարակական ըմբոստությունը փորձում է զսպել միայն ուժային կառույցների ճնշումների միջոցով»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Իսկ երեկվա հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի «իրավական հիմքերի հռչակագիրը»: Նրա խոսքով` այդ հռչակագիրը երկու նպատակ է հետապնդում. առաջին` որպեսզի այս նպատակի շուրջ տեղի ունենա մոբիլիզացիա, հրաժարականին հասնելու համար, եւ երկրորդ` մոբիլիզացիայի շնորհիվ ճնշում բանեցնել իրավական դաշտում հրաժարականի պահանջն առաջ տանելու համար, այդ թվում` ԱԺ-ի վրա, որն իրավասու է քննարկել Ս.Սարգսյանի պաշտոնանկության հարցը: «Առաջարկում ենք ընդունել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հռչակագիր: Առկա են նրա պաշտոնանկության հետեւյալ հիմքերը. վարչապետի պաշտոնում Ս.Սարգսյանը դիմել է ընտրակեղծիքների եւ այդ ճանապարհով կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, նա խախտել է օրենքի պահանջը. լինելով վարչապետ` միաժամանակ չարաշահել է պաշտոնական դիրքը` լինելով նաեւ նախագահի թեկնածու: Նա, որպես վարչապետ, աջակցել է Մարտի 1-ին, նպաստել է բռնի ուժի կիրառմանը, ինչի արդյունքում եղել են 10 զոհեր: Սերժ Սարգսյանը պարտակել է մարտիմեկյան դեպքերը: ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում ցուցաբերել է հանցավոր անգործություն, ինչի արդյունքում զոհվել են հարյուրավոր զինվորներ, անկում է ապրել բանակի բարոյահոգեբանական վիճակը: Երկիրը մղվել է քայքայման սահմանագիծ»,- հայտարարեց Զուրաբյանը: Սովորության համաձայն` երեկ «Ազատության» հրապարակում միանգամից «քվեարկության» դրվեց ՀԱԿ-ի վերոնշյալ հռչակագիրը եւ անմիջապես «ընդունվեց»` հանրահավաքի մասնակիցների բարձրացրած ձեռքերի հաշվարկով: Նշենք, որ երեկ «քվեարկության» պահին, Ազատության հրապարակում արդեն մութ էր, ուստի դժվար էր նկատել բարձրացված ձեռքերի քանակը: Ինչեւէ: Երեկ հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Նրա դիտարկմամբ` ՀՀ-ում իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ազատության հրապարակում հավաքվի 500.000 քաղաքացի եւ ձեւավորի քաղաքական կամք ունեցող իշխանություն: Անդրադառնալով երեկ հանրահավաքից առաջ Երեւան եկող ճանապարհների փակ լինելու փաստին, Տ. Պասկեւիչյանը նշեց, թե ճանապարհների փակ լինելը չի կարող արդարացում լինել` ասելով. «Ներեցեք, ո՞ր ապստամբի առաջ են բռնակալները ճանապարհ բացել ու գորգ փռել»: Նա կոչ արեց չսպասել քաղաքական առաջնորդների որոշումներին եւ դիմել վճռական գործողությունների. «Մենք պետք է ստիպենք մեր առաջնորդներին գնալ հեղափոխության: Դրա համար այստեղ հավաքված 10000-ը պետք է դառնա 100.000: Եվ պետք չէ տրտնջալ, թե ճանապարհները փակում են»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով իշխանությունների` ազատ, արդար ընտրություններ անցկացնելու մասին տրվող խոստումներին, հայտարարեց, թե չի եղել մի ընտրություն, որից առաջ իշխանությունները նման խոստումներ չտան: «Ես 2000 թվականից ակտիվ քաղաքականության մեջ եմ, եւ չեմ հիշում որեւէ ընտրություն, որից առաջ իշխանությունները չհայտարարեն ազատ, թափանցիկ ու աննախադեպ ընտրություններ կազմակերպելու մասին: Ներկա իշխանությունները երբեք էլ օրիգինալ չեն եղել: Մտածում են, թե մեկ-երկու վարկաբեկված գործչի հեռացնելով, մի քանի պոպուլիստական հայտարարություն անելով` կգնան ժողովրդի մոտ, կստանան ձայները: Հասնում է ընտրարշավի շրջանը, ու տեսնում են, որ իրենց հանդիպումներին ոչ ոք չի գալիս առանց պարտադրանքի: Սրանից զայրանում են, չեն ներում ժողովրդին ու վրեժով են լցվում ու ընտրության օրը փորձում են վրեժը լուծել ժողովրդից: Էսպես է եղել միշտ: Բայց ելք կա. դա հրաժարականն է, արտահերթ ընտրությունները եւ` ոչ միայն: Ես համոզված եմ, որ այս երկրում ապրող մարդն արժանի է ավելի լավ կյանքի, ոչ թե հեռանա օտար ափեր` հանապազօրյա հացը վաստակելու: Մենք պետք է միավորվենք, մեր ուժը պիտի լինի մեր համախմբվածությունը: Մենք հասնելու ենք մեր նպատակին: Մենք ապացուցելու ենք, որ արդար, ազնիվ եւ բացճակատ ենք ապրելու»,- ասաց նա: Ելույթ ունեցավ նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` հայտարարելով, թե գործող վարչախումբն անցած չորս տարիների ընթացքում ցույց տվեց, որ ունակ չէ լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները: «Արտագաղթը մեծանում է, իսկ իշխանությունը ձեռնամուխ է եղել իր վերարտադրման գործին»,- ասաց նա: «Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասում երկրին, եթե իրականանան վարչախմբի պլանները: Դա մենք թույլ չենք տալու: Դա նշանակելու է, որ խորանալու է արտագաղթը: Եթե մենք մտածում ենք մեր երկրի ապագայի մասին, պետք է հաջորդ տարին դարձնենք իրական փոփոխությունների տարի: Փոփոխությունները այլընտրանք չունեն, եւ այս խնդիրը մենք միասին լուծելու ենք»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը:
Հ. Գ. Ի դեպ, երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու փետրվարին: «Հանրահավաքի անցկացման կոնկրետ օրը, իրադարձությունների զարգացմանը համահունչ, ձեզ կհայտարարվի լրացուցիչ: Բայց քանի որ, ինչպես արդեն նշել եմ, միապաղաղ թվացող իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի` կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ, ուստի բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա նույնիսկ ավելի վաղ»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ շնորհավորեց է բոլորի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` մաղթելով լավ տրամադրություն եւ ամենայն բարիք: «2012թ. թող դառնա հույսի ու արժանապատվության վերականգնման եւ ձեր բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի»: Իսկ սա նշանակում է, որ ՀԱԿ-ի կողմից առաջարկված եւ «ընդունված» հռչակագրի ճակատագիրը գոնե մինչեւ փետրվար կարելի է համարել «սառեցված»: