Լավ չեք նկարում, լավ չեք նկարում

26/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 24-ի նիստին բավականին հետաքրքիր «միջադեպ» է արձանագրվել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի միջեւ։

Նախ` նշենք, որ այդ նիստում կառավարությունը մի շարք համայնքներում փոխել է հողերի կատեգորիան` փոքր հէկ կառուցելու թույլտվություններ տալու նպատակով: ՀՀ կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Իջեւանի եւ Ստեփանավանի քաղաքային, Լոռու մարզի Մեղվահովիտի, Արարատի մարզի Սուրենավանի, Փոքր Վեդու, Գոռավանի եւ Բուրաստանի, Արմավիրի մարզի Արտամետի եւ Վանանդի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության, օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման եւ սպասարկման, Սեւաբերդի ջրընդունիչի, հակակարկտային գեներատորային կայանների, հյութերի արտադրամասի կառուցման համար: Եվ քանի որ խոսք է գնացել փոքր հէկ-երի մասին` վարչապետը հանկարծ հարցրել է ԱՎԾ պետին. «Տասնյակ փոքր հէկ-եր ենք կառուցում, այդ ինֆորմացիան ձեզ հասնո՞ւմ է»։ Ի պատասխան` Ստեփան Մնացականյանն ասել է, որ այդ ամենը հաշվի է առնվում շինարարության մասում: Լրատվամիջոցներից ոմանք արդարացիորեն նկատեցին, որ անմեղ թվացող այդ հարցն իրականում իր մեջ թաքցնում էր վարչապետի անուղղակի դժգոհությունը վիճակագրական վերջին տվյալների վերաբերյալ։ Մասնավորապես, շինարարության ոլորտի, որտեղ անկումը շարունակվում է: Բանն այն է, որ շինարարության ոլորտը, որը մի ժամանակ ապահովում էր Հայաստանի ՀՆԱ-ի երկնիշ աճի ցուցանիշը, ճգնաժամից այդպես էլ դուրս չի գալիս։ Այս տարվա հունվարին շինարարության ոլորտի անկումը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմեց 11.7%։ Հաջորդ երկու ամիսներին անկման տեմպը նվազեց եւ տատանվում էր 5%-ի սահմաններում։ Ապրիլին գրանցվեց աճ՝ այն էլ երկնիշ՝ 16.9%։ Սակայն դեռ չէինք հասցրել մարսել լավատեսական ելույթներն այն մասին, որ շինարարությունը սկսում է վերականգնվել, երբ կրկին անկում գրանցվեց։ Ընդ որում, գնալով խորացավ։ Հունիսին եւ հուլիսին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ` շինարարության ոլորտի արտադրանքը նվազեց համապատասխանաբար 31.3 եւ 32.2 տոկոսով։ Իսկ օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին անկումը տատանվում էր 25%-ի շուրջ։ Շինարարության անկումն էլ իր հերթին փչացնում է ընդհանուր մակրոտնտեսական պատկերը. շինարարության գոնե զրոյական աճի դեպքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող էր 2-3 տոկոսային կետով ավելի բարձր լինել։

Իսկ ինչպես եւ որքանով է արտացոլվում փոքր հէկ-երի կառուցումը պաշտոնական վիճակագրության մեջ։ Վիճակագրական տվյալների «Շինարարություն» բաժնում, ցավոք, հէկ-երն առանձին ներկայացված չեն։ Փոխարենը՝ կան «Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում» ոլորտում կատարված շինարարության տվյալները, որոնց հիման վրա կփորձենք դատողություններ անել։

Այդ կատեգորիայի մեջ մտնում են ոչ միայն հէկ-երը, այլեւ էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու մատակարարման ոլորտում կատարված այլ շինարարական օբյեկտները։ Ներկայացված աղյուսակից երեւում է, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս ոլորտում կատարվել են 20.6 միլիարդ դրամի (54 միլիոն դոլար) աշխատանքներ։

Որքանո՞վ է այս թիվը մոտ իրականությանը։ 2011թ. սկզբին Հայաստանում գործում էին 100-ից ավելի փոքր հէկ-եր։ Հուլիսի տվյալներով՝ հանրապետությունում գործող փոքր հեկ-երի թիվը հասել էր 110-ի՝ 130 ՄՎտ միջին հզորությամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներդրումային ծրագրերի կառավարման տնօրեն Աբգար Բուդաղյանը հուլիսին ԶԼՄ-ներից մեկին ասել էր, որ եւս 65 փոքր հէկ-եր գտնվում են շինարարության փուլում, որոնք ունեն նմանատիպ հզորություն եւ արտադրողականություն: Նա նաեւ տեղեկացրել էր, որ 2011թ. Հայաստանում կգործի մոտ 165 փոքր հէկ, որոնց ընդհանուր հզորությունը կլինի 265 ՄՎտ, եւ տարեկան կարտադրեն 923 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Ըստ մասնագետների՝ փոքր հէկ-ի կառուցումը բավականին թանկ հաճույք է եւ 1 մեգավատտ հզորությամբ կայան կառուցելու վրա ծախսվում է մոտ 1 միլիոն դոլար։ Վերը նշված տվյալներից երեւում է, որ հայաստանյան մեկ փոքր հէկ-ի միջին հզորությունը 1.2 ՄՎտ է։ Այսինքն՝ 65 հէկ կառուցելու համար պետք է ներդնել առնվազն 78 միլիոն դոլար։ Քանի որ տարին դեռ չի ավարտվել, ապա այս պահի դրությամբ պետք է ներդրված լիներ այդ գումարի 3/4 մասը։ Դա կազմում է 58մլն դոլար։ Այսինքն՝ ավելի շատ, քան ըստ պաշտոնական վիճակագրության` ներդրվել է բոլոր ոլորտներում` այդ թվում` նաեւ գազի, ջրի, օդի եւ գոլորշու մատակարարման։ Հաշվարկն, իհարկե, կոպիտ է, սակայն, եթե նույնիսկ երկու անգամ սխալված լինենք, միեւնույն է՝ փոքր հէկ-երի կառուցման տեմպերն ու պաշտոնական վիճակագրության թվերը (շինարարության ոլորտում) միմյանց չեն համապատասխանում։ Վարչապետին, ամենայն հավանականությամբ, այս մոտավոր հաշվարկները նույնպես հայտնի են, այնպես որ, նրա հարցն ամենեւին անհիմն չէ։

Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել այդ անհամապատասխանությունը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդիկ ամեն ծախս չէ, որ կարողանում են եւ ցանկանում են ցույց տալ, քանի որ ստիպված կլինեն դրա համար լրացուցիչ հարկեր վճարել։ Օրինակ, եթե հէկ-ի կառուցման համար արտասահմանից ներկրվում է 100 հազար դոլար արժողությամբ սարքավորում, ապա գործարարն ամեն ինչ կանի, որ դրա մաքսային արժեքը ցածր ցույց տա։ Իհարկե, անհամապատասխանության գործում իր դերն ունի նաեւ ԱՎԾ-ն, քանի որ ոչ բոլորն են պարտաճանաչ եւ սիրահոժար այս կառույցին ներկայացնում տվյալները։

Խնդիրը, սակայն, այլ է։ Ս. Մնացականյանի անձնական եւ մասնագիտական որակների մասին նրան ճանաչողները բավական դրական են արտահայտվում։ Սակայն գործի բերումով՝ նրա եւ նրա ղեկավարած կառույցի հիմնական խնդիրը տարիներ շարունակ եղել է ցուցանիշների ուռճացումը՝ լինի դա ՀՆԱ-ի, եկամուտների կամ մեկ այլ տվյալի վերաբերող։ Իսկ հիմա հանկարծ կասկածներ են առաջանում, որ այս կառույցը (ոչ միտումնավոր) հակառակ բանն է անում՝ ավելի ցածր թիվ է ցույց տալիս, քան իրականում կա։ Այսինքն՝ փչացնում է մակրոտնտեսական վիճակի «պլպլան» պատկերը։ Իսկ դա արդեն անթույլատրելի է։ Այնպես որ, չենք զարմանա, եթե առաջիկա ամիսներին տեսնենք, որ պաշտոնական վիճակագրությունը «Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում» ոլորտում արձանագրել է իրականացված շինարարության երկնիշ աճ։ Ամեն դեպքում՝ տարին պետք է ավարտել ուրախ նոտայով եւ գեղեցիկ ցուցանիշներով։