Վերահսկիչ պալատի կողմից «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները հաստատում են, որ նախկին ՕԵԿ-ական, իսկ վերջերս ԲՀԿ-ին անդամագրված Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ ֆինանսական չարաշահումներ են կատարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՎՊ լրատվական ծառայությունից: Այսպիսով ՎՊ-ն իր ուսումնասիրությունն ավարտել է 13 կետանոց եզրակացությամբ: Այդ կետերից մեկի համաձայն` հիմնադրամի 2008, 2009, 2010թթ. հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից կատարված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել որպես փաստացի ծախս, իսկ տարեսկզբի մնացորդները ծախսվել են գործադիր տնօրենի հայեցողությամբ հիմնադրամի կարիքների համար: Մշակույթի նախարարությունը հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերը 2009թ. (ոչ փառատոնային տարի) նախատեսել է 2008թ. փառատոնային տարվա համեմատ ավելի շատ (2008թ. նախատեսվել է 12,8 մլն դրամ, 2009թ.-ին` 18,6 մլն դրամ), ինչպես նաեւ չի վերանայվել հաստիքային միավորների թիվը: Կամ 2008թ. «Գիտաճանաչողական ուղեւորություններ» եւ «20 տարի անց» միջոցառումների նախահաշիվներով հիմնադրամի աշխատողներին նախատեսվել է աշխատավարձ եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` գումարով 3,000.0 հազար դրամ, այն դեպքում, երբ 2008թ. ապարատի պահպանման ծախսերով (12,834.0 հազ. դրամ) արդեն իսկ նախատեսվել է 10,903.7 հազար դրամի աշխատավարձ եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճար: Երեք միջոցառումների նախահաշիվներով փառատոնի ստեղծագործական խմբի եւ հիմնադրամի աշխատողների համար նախատեսված աշխատավարձի գումարներից հաշվարկվել եւ վճարվել է հավելավճար 6,768.5 հազար դրամ (ներառյալ` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը): Հիմնադրամի կողմից առանց նվիրատուի գրավոր համաձայնության` 2008, 2009թթ. նախահաշիվներով չնախատեսված 2,463.7 հազար դրամի ծախսեր են կատարվել, այդ թվում` ձեռք է բերվել 1,603.7 հազար դրամի հիմնական միջոցներ: 2010թ. «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի միջոցներից հիմնադրամի աշխատակիցներին հաշվարկվել եւ վճարվել է ընդամենը 2,299.8 հազ. դրամ հավելավճար (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը) ու պաշտոնական պարտականություններից բացի` կատարած ավելացված աշխատանքի ծավալի դիմաց աշխատավարձին ավելացվել է ընդամենը 2,502.2 հազար դրամ (ներառյալ պարտադիր սոցիալական, ապահովագրության վճարը), այն դեպքում, երբ ծրագրի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով հիմնադրամի աշխատակիցներին պայմանագրի հավելված 1-ով (2010թ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի պահպանման ծախսեր) արդեն իսկ նախատեսված է եղել աշխատավարձ: Այս առնչությամբ Թ. Պողոսյանը դեռեւս որեւէ մեկնաբանություն չի ներկայացրել: Որոշ դիտորդներ հակված են այս փաստերի հրապարակումը պայմանավորել վերջինիս` ԲՀԿ-ին անդամակցելու հանգամանքով: