«Ջուր տուր, կյանք պարգեւիր» կոչով «Հայաստան» համահայկական հիմնադրամը, արդեն քանի ամիս է` դիմում էր համայն աշխարհի հայությանը` ակնհայտորեն գերագնահատելով նրա հնարավորությունները: Ամեն դեպքում, մեր նախնիները համանման բովանդակությամբ խնդրանքը նախ ձեւակերպում էին որեւէ աղոթքի մեջ, ապա հղում Բարձրյալին: Բայց քանի որ այս դեպքում կոչը կոնկրետ յուրաքանչյուրիս էր ուղղված, փորձեցի նախ հասկանալ խնդրի լրջությունն ու դիմեցի Google-ի օգնությանը: «…Գյուղում ջուր չկա». հավաքեցի այս երեք բառն, ու, Աստված իմ, բացվեցին տասնյակ էջեր (փորձեք ինքներդ): Նրանք, ովքեր երբեմն իրենց հարց են տվել, թե ինչո՞ւ հատկապես հեռավոր, սահմանամերձ գյուղերում դժվար է որոշել տեղի բնակիչների իրական տարիքը, ինչո՞ւ են կանայք իրենց տարիքից անհամեմատ մեծ երեւում, իսկ տղամարդիկ` ավելի տարեց ու հոգնած, կարող են ստանալ իրենց հարցի պատասխանը: Մարդկանց կյանքի բարդության չափաբաժինն այստեղ կրկնակի, եռակի է:
Լոռու մարզի Մղարթ գյուղում, օրինակ, բնակիչները խմում եւ օգտագործում են ոսկու հանքի ջուրը (հանքն, ի դեպ, պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը): Խմելու ջրի խնդիր ունեն Լանջազատ գյուղը, Տավուշի մարզի` Ոսկեվան, Գեղարքունիքի մարզի` Նորաբակ գյուղերը: Եղվարդում ջրի խնդիրը 20-ամյա վաղեմություն ունի: Վանաձորի Սարամեջը ոռոգման ջուր չունի արդեն երկար ժամանակ, Ֆանտան գյուղում ջուր չկա 1991 թ.-ից, Տավուշի մարզի Զարական գյուղում, Ղազանչի գյուղում, Լոռու մարզի Հովնաձորում, Սվերդլով գյուղում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղերում անգամ խմելու ջրի հարցն է օրախնդիր: Լոռու մարզի Բազում գյուղում մարդիկ ու անասունները ջուրն օգտագործում են նույն տեղից` գետից: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում մարդիկ խմելու ջուր չունեն եւ ամեն օր ստիպված Թալինից բեռնատար մեքենայով ջուր են բերում, եւ մարդիկ մեկ դույլ ջուրը 40 դրամով գնում են: Հայաստանի ջրի խնդիր ունեցող գյուղերի թիվն ավելի շատ է, քան «Հայաստան» հիմնադրամի կոչով հանգանակությանը մասնակից քաղաքացիների ցուցակը:
Սակայն մեկ բան է` ասել` գյուղը խմելու կամ ոռոգման ջրի խնդիր ունի, մեկ բան է` գիտակցել դրա հետեւանքները: Ամենացայտուն օրինակը, կարծում եմ, սա է` այս գյուղերում ամեն տարի չէ, որ առաջին դասարանցիներ են լինում: Կան գյուղեր, ուր անգամ դպրոցի անհրաժեշտություն չկա. գյուղի մի քանի աշակերտները ոտքով դպրոց են գնում … հարեւան գյուղում: Երիտասարդների համար արդեն նախնիների գերեզմանը հիմնավորում չէ կյանքը գյուղում մաշեցնելու համար: Մեկնում են նրանք, ովքեր մեկնելու հնարավորություն ունեն:
Ի վերջո, 21-րդ դարում ամեն օր պայքարել խմելու ջրի համար, արդեն քչերը կհամաձայնեն: Երբ իմ հայրական Նոյեմբերյանի Կողբ գյուղից Երեւան են գալիս ազգականներս, եւ ես փորձում եմ մանկությանս հիշողություններով հարցուփորձ անել այս կամ այն հարեւանից, պարզվում է` դատարկ է գյուղի ամեն երկրորդ տունը:
Գուցե հենց դրա համա՞ր են կազմակերպվում նման համազգային դրամահավաքները` փրկելու գյուղը` Հայաստանում կամ Արցախում` ի՞նչ տարբերություն: Իհարկե, կարելի է ամեն տարի Հրանտ Թոխատյանին գործուղել Ամերիկա` վարելու դրամահավաքի ողջ ընթացքը, սրամտելու եթերից: Ի վերջո, հիմնադրամի միջոցներով նկարահանված ֆիլմերը դժվար թե անտարբեր թողնեն Սփյուռքի մեր հայրենակիցներին, հատկապես այս կամ այն հայկական վարժարանի սաներին: Վերջիններս իրենց պաղպաղակի գումարը փոխանցել էին Հայաստանի եւ Արցախի գյուղեր ջուր հասցնելու ֆոնդին: Սա «Հայաստան» հիմնադրամի 14-րդ դրամահավաքն էր. կազմակերպիչներին հաջողվեց հավաքել ավելի քան 12.2 միլիոն դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հանգանակությանը միանալ են խոստացել նաեւ տեղի եւ ռուսաստանցի հայազգի գործարարները: Սակայն դա տեղի կունենա արդեն ոչ թե ոտքի վրա, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ճաշկերույթին:
Ամեն գործողություն ունի իր մշակույթը` մուրացկանությունից սկսած` վերջացրած համազգային դրամահավաքներով: Ագրեսիվ մուրացկանը, ով քեզանից համառորեն գումար է պահանջում միայն այն հիմնավորմամբ, որ իրեն իրավունք է վերապահում Տեր Աստծու անունից քեզ զանազան օրհնություններ շռայլել, տհաճ է: Համահայկական հիմնադրամի ակցիաների շեշտադրությունն էլ սկսում է համառություն դրսեւորել: Մենք սփյուռքահայերին պարբերաբար հիշեցնում ենք, որ իրենք պարտք ունեն հայրենիքի հանդեպ: Մեծ պարտք, որը, չգիտես ինչու, դրամահավաքի 14 տարիների ընթացքում չի նվազում: Եթե հետեւել եք հեռուստաէկրանի վազող տողին, ապա, անկասկած, դուք էլ նկատած կլինեք, որ հիմնական նվիրատուները սփյուռքահայերն էին: Թեեւ նրանք էլ արդեն նախկին խանդավառությամբ չեն մասնակցում նման դրամահավաքների: Անգամ տխուր կատակ կա. «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքներին սփյուռքահայերը եթե անգամ ձեռքը գրպանն են տանում, ապա թաշկինակը հանելու նպատակով եւ ոչ թե` քսակը: Հայաստանցիների մեծ մասը եւս չի մասնակցել: Եվ ոչ թե` որովհետեւ որոշել է տնտեսել 1000 կամ ավելի դրամ կամ չի ցանկացել, որ մեր գյուղերը ջուր ունենան, այլ` որովհետեւ հոգնել է:
Ի վերջո, գյուղերի ոռոգման կամ խմելու ջրի հարցը պետության համար ռազմավարական առաջնահերթություններից է: Այն այսպես ֆրագմենտալ, պատահականության սկզբունքով չի լուծվում: Այն ոչ մի կերպ չի կարող կախված լինել այս կամ այն բարերարի կամ սփյուռքահայի` հայրենիքի հանդեպ ունեցած մեղավորության կամ սիրո զգացմունքից: Այն չի կարող կախված լինել սրա կամ նրա հեռախոսից փոխանցված 500 դրամից: Դա ուղղակի լուրջ չէ:
Մենք արդեն 20 տարվա պետություն ենք, սակայն կան գյուղեր, ուր ոռոգման եւ խմելու ջրի հարցը օդում է անկախության առաջին օրից: Բանն այնտեղ է հասել, որ շատ գյուղերում արդեն ջրագիծ անցկացնելու տրամաբանությունն էլ վաղուց կորել է. գյուղերը կիսադատարկ են: Իսկ ջրագծերի անցկացումը ծախսատար եւ երկար աշխատանք է:
Ավարտվեց 14-րդ դրամահավաքը: Առջեւում հոբելյանական` 15-րդն է…