NEWS am-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 16-ին ինքնասպանություն գործած` «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի հետ:
– Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Արմեն Պետրոսյանի հետ:
– Արմենի հետ ծանոթացել ենք 2004թ., Դուբայում: Ես Դուբայում նավթային ընկերություններից մեկում էի աշխատում: Այնուհետեւ սկսեցինք հանդիպել եւ մեկ տարի անց ամուսնացանք: Մեր աղջիկը` Կարինան, ծնվեց 2006թ. հուլիսի 25-ին:
– Իսկ ե՞րբ բաժանվեցիք:
– Արմենը սկսեց ինձ ծեծել, հաճախ ալկոհոլ օգտագործել, նրա կյանքում կանայք հայտնվեցին, մի խոսքով, մեր հարաբերությունները չէին կայանում: Ես մեկնեցի Ռուսաստան, գրեթե մեկ տարի ամեն ինչ նորմալ էր. նա գալիս էր մեզ մոտ, ես աղջկաս հետ հաճախ մեկնում էի Հայաստան, միասին էինք անցկացնում արձակուրդները: Հետո Դուբայում նա ինչ-որ խնդիրներ ունեցավ բիզնեսի հետ կապված, եւ մեզ ուղարկեց Սամարա, որ կարողանա հանգիստ զբաղվել բիզնեսով: 2008թ. փետրվարին աղջկաս հետ մեկնեցինք Սամարա: Մենք Արմենի հետ խոսեցինք եւ որոշեցինք, որ այդպես ավելի հեշտ կլինի: Սակայն 2009թ. իմ եւ Արմենի միջեւ խնդիրներ ծագեցին թյուրիմացության պատճառով: Մարդիկ խաբել էին Արմենին: Սկսեցին հորինել ինչ-որ հիմարություններ իմ մասին, նա նույնիսկ չստուգեց ինֆորմացիան: Չգիտեմ` ինչից դրդված նա (ինձ համար անակնկալ կերպով, քանի որ մեր միջեւ հարաբերությունները նորմալ էին) առաջին անգամ փորձեց գողանալ Կարինային: Բայց Սամարայում ոստիկանները կանգնեցրին օդանավը, թռիչքը հետաձգվեց, եւ Կարինային ինձ վերադարձրեցին: Այդ պահից սկսվեցին խնդիրները, ամբողջ տարին սարսափի մեջ անցավ: Ես հասկացա, որ այդպես չի կարող շարունակվել, քանի որ աղջիկը մեծանում էր մարտի դաշտում, եւ դա ճիշտ չէր: Հասկանում եմ նաեւ, որ լավ կլինի, որ աղջիկս ունենա շատ հարազատներ: Ես միշտ նրանց հրավիրել եմ ինձ հյուր եւ ինքս հյուր գնացել նրանց: 2010թ. Նոր տարվա նախօրեին, հերթական անգամ հարաբերությունները հարթելու նպատակով, մեկնեցի իրենց մոտ հյուր դստերս հետ: Բայց Նոր տարուց 2 օր առաջ Արմենն ինձ շատ ուժեղ ծեծեց: Երեկոյան էր, նա ալկոհոլի ազդեցության տակ էր: Այնպես էր ծեծել, որ ուշագնաց էի եղել, երբ ուշքի եկա` պառկած էի արյան մեջ հատակին: Այդ ժամանակ, ատրճանակի սպառնալիքի ներքո, ինձ հասցրեցին օդանավակայան եւ ստիպեցին հեռանալ Հայաստանից:
– Դուք հավատո՞ւմ եք, որ Արմենն ինքնասպան է եղել, ինչպես նշում են իրավապահները:
– Գիտեք, դժվարանում եմ ինչ-որ բան ասել, բայց որքանով ճանաչում եմ իմ ամուսնուն, կյանքում չեմ հավատա դրան: Միայն` եթե ալկոհոլի ազդեցության տակ եղած լիներ: Վերջին շրջանում մենք շատ էինք շփվում, ամեն օր 2-3 ժամ խոսում էինք, նա շատ բան էր հասկացել: Իր ուղարկած վերջին sms-ում ասում էր, որ ինքը ճիշտ չի եղել եւ ցանկանում է ամեն ինչ շտկել: Նա անընդհատ ասում էր, որ ցանկանում է բազմազանություն մտցնել հարաբերություններում: Նա ասաց, որ ինձ շատ է սիրում: Անընդհատ ուզում էինք հանդիպել, զրուցել, որ ինչ-որ կերպ շտկենք իրավիճակը: Նա ինչ-որ պլաններ, մտադրություններ ուներ ապագային ուղղված, այդ պատճառով տեղի ունեցածն ինձ համար անհավանական ու անսպասելի էր: Նա ինձ ասաց, որ կիրակի կզանգի ինձ: Իսկ հետո երեկոյան ինձ հայտնեցին դեպքի մասին լուրը:
– Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա ծնողների հետ:
– Նրա մայրն ինձ շատ վատ էր ընդունում, միգուցե` ազգային պատկանելությունից ելնելով, բայց, ընդհանուր առմամբ, չգիտեմ` ինչու: Նա շատ հաճախ կանգնում էր մեր միջեւ, Արմենը նույնիսկ թաքցնում էր մորից, որ մենք շփվում ենք: Երբ մենակ էինք մնում, ամեն ինչ նորմալ էր:
– Իսկ որտե՞ղ եք գտնվում այս պահին:
– Ներկա պահին Դուբայում եմ: Երբ 2009թ. մեզ մոտ խնդիրներ առաջացան, ամուսինս անօրինական կերպով, ինձ տեղյակ չպահելով` Դուբայում ստանձնեց Կարինայի խնամակալությունը: Ես այդ մասին տեղեկացա 2010թ.` մեկ տարի անց, միանգամից մեկնեցի Դուբայ, վարձեցի իրավաբանի, եւ Արմենի օգտին ընդունված որոշումը չեղյալ համարվեց: Դա հաստատեց նաեւ Գերագույն դատարանը: Քանի որ մենք ամուսնալուծված չենք, ապա խնամակալության մասին խոսք լինել չէր կարող:
– ՀՀ ոստիկանությունը Ձեզ հետ կապ հաստատե՞լ է, զրուցե՞լ է, թե՞ ոչ:
– Երբ Արմենի մահից անմիջապես հետո տեսա հրապարակումները, բնականաբար, ամեն ինչ ցավագին ընդունեցի: Սակայն ոչ ոք ինձ չի զանգահարել, բայց այդպիսի բաներ են գրում: Ինքս գտա Ոստիկանության հեռախոսահամարը, զանգահարեցի եւ ասացի, որ կան որոշակի հանգամանքներ, որոնց պատճառով ստիպված եմ գտնվել Արաբական Էմիրություններում:
– Ի՞նչ պլաններ ունեք, մտադի՞ր եք վերցնել Ձեր դստերը:
– Պետք է վերցնեմ դստերս, բնականաբար: Ի՞նչ է, աղջկաս պետք է ո՞րբ թողնեմ: Այդպիսի պլանները միշտ եղել են, այդ իսկ պատճառով Էմիրություններում պայքարում էի խնամակալության համար, եւ գրեթե շահել էի դատական հայցը, մնում էր միայն ստանալ դատարանի որոշումը, գրեթե բան չէր մնացել: Բնականաբար, ես աղջկան կվերցնեմ եւ կփորձեմ նաեւ լավ հարաբերություններ հաստատել իմ ամուսնու հարազատների հետ, քանի որ նրանք նույնպես իմ աղջկա ընտանիքն են:
– Իսկ պայքարելո՞ւ եք ժառանգության համար, թե՞ ոչ:
– Չեմ պայքարելու Արմենի ժառանգության համար. կա ամուսնուս կամքը, կա օրենք, գոյություն ունի կտակ: Թե ով ինչ է ցանկանում, դա բոլորովին կարեւոր չէ, ե՞ս եմ ուզում, թե՞ ազգականները:
– Ի՞նչ է, Արմենը կտա՞կ է թողել:
– Ես վստահ եմ, որ կտակ կա, դրա մասին Արմենը դեռ շատ վաղուց է ասել, երբ դեռ միասին էինք:
– Ե՞րբ եք մտադիր գալ Հայաստան:
– Երբ լուծեմ փաստաթղթերի հետ կապված հարցերը, անմիջապես կգամ: