Հիվա՞նդ ես, բուժօգնության կարի՞ք ունես. մահացիր, եթե կարող ես

26/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրակազմն ականատես եղավ մի երեւույթի, երբ առողջական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացին բուժհիմնարկներ այցելելու փոխարեն` դիմում է լրատվամիջոցներին:

Բանն այն է, որ երեկ ուշ երեկոյան խմբագրություն էին այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ֆանարջյան 77 հասցեի մի խումբ բնակիչներ: Նշյալ հասցեի բնակիչ երեք կանայք թեւերից քարշ տալով հազիվ էին կարողանում խմբագրության որեւէ սենյակում մի կերպ տեղավորել Սեդա Գրիգորյանին: 46-ամյա կինը ֆիզիկապես աննկարագրելի ծանր վիճակում էր եւ չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Երկար ժամանակ ուշքի չէր գալիս, քանի որ ցավերից շնչահեղձ էր լինում: Բանն այն է, որ ըստ նրա հարեւանուհիների` Ս. Գրիգորյանն արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում է առողջական ծանր վիճակում, եւ իրենք չեն հասկանում, թե տիկինն ինչո՞ւ է անսպասելի վատացել: Քանի որ Ս. Գրիգորյանն ի վիճակի չէր խոսել` մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ նրա հարեւանուհիներից: «Ինքը միայնակ կին ա` ոչ ամուսին ունի, ոչ երեխաներ: Բաքվի ջարդերի ժամանակ փախել ա էստեղ ու դեռ էն ժամանակվանից մենակ ա ապրում: Տուն էլ չունի, միշտ վարձով էստեղ-էնտեղ ա ապրել: Տարիներ առաջ մեր տարածքում վարձով էր ապրում: Մենք հարեւաններ ենք եղել եւ մշտապես մտերմություն ենք արել իր հետ: Հետագայում ինքը գնաց Պտղնիում ապրելու, էնտեղ ա տուն վարձել: Բայց շարունակել ենք մտերմություն անել»,- պատմում է հարեւանուհին` Հայկանուշը` ասելով, որ մոտ 10 օր առաջ պատահաբար զանգահարել է Ս. Գրիգորյանին, ով այնքան վատ ինքնազգացողություն է ունեցել, որ չի կարողացել խոսել: Հարեւանուհիները վստահեցնում են, որ Ս. Գրիգորյանը, փաստորեն, մեկ շաբաթից ավելի իր վարձակալած տան մեջ միայնակ անկողնուն գամված է եղել եւ գտնվել է ծանր վիճակում: «Հետո ենք իմացել, որ առանց ջեռուցման սառը տան մեջ փայտացել ա: Բան էլ չի ունեցել ուտելու: Ամիսներով մենակ ջրի մեջ շաքարավազ ա լցրել ու խմել: Հասկանո՞ւմ եք, ինքը շատ ծանր կյանք ա ունեցել ու ապրում ա շատ աղքատ պայմաններում: Ոչ օգնող ունի, ոչ հարազատ»: Ինչեւէ, հասկանալով, որ Ս. Գրիգորյանի հետ ինչ-որ բան է կատարվում` տիկին Հայկանուշն ամուսնու հետ գնացել է Ս. Գրիգորյանի տուն. «Ու ի՞նչ տեսնենք… Անկողնում պառկած` ցավերից ոռնում ա: Անտեր-անտիրական: Եթե մենք չիմանայինք` տան մեջ անտերի պես կմեռներ»: Ուշ երեկոյան տիկին Հայկանուշն ամուսնու հետ Ս. Գրիգորյանին իսկույն տեղափոխել է Ֆանարջյան 77 հասցեում գտնվող իրենց տուն: Հարեւանուհիներն ասում են, որ գումար չունենալու պատճառով Ս. Գրիգորյանը երբեւէ չի դիմել բժշկի, իսկ պոլիկլինիկա դիմելու համար էլ գրանցում չունի: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, հիվանդն առողջական ի՞նչ խնդիր ունի` հարեւանները պատասխանեցին հետեւյալ կերպ. «Մենք չգիտենք, ինքն էլ չի հասկանում: Երկու անգամ զոբի վիրահատություն է տարել, բայց ինչպես տեսնում եք` էլի ուռուցք ա գոյացել: Սկզբում թիկունքի շրջանում նոպաներ, սուր ծակոցներ է ունեցել, հետագայում ամբողջ մեջքը, թոքերը սկսել են սարսափելի ցավել: Հիմա ոտքերն էլ են ահավոր ցավում, չի կարողանում տեղաշարժվել»,- ասում են սրտացավ հարեւանուհիները, ովքեր չեն հասկանում, թե ինչո՞ւ են Ս. Գրիգորյանի մոտ տարօրինակ ձեւով մարմնի բոլոր հատվածներում սուր նոպաներ սկսվել: Ս. Գրիգորյանը նույնպես չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: Ինչեւէ, տիկին Հայկանուշը վստահեցնում է, որ հիվանդին իրենց տուն տեղափոխելուց հետո ընտանիքի անդամները, հարեւանները ցայտնոտի մեջ են ընկել. «Ամեն ժամ, ամեն րոպե ցավից լացում ու գոռում է: Էնքան ցավազրկող ենք խմացրել ու սրսկել, բայց չի հանգստանում: Ախր շատ մեղք է, չեք պատկերացնի` շատ է տանջվում, չի դիմանում մարմնի ցավերին: Պրիստուպներից բղավում է»: Խմբագրության օգնությանը դիմելուց մեկ օր առաջ Ֆանարջյան 77 հասցեի բնակիչները` հասկանալով, որ Ս. Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում` զանգահարել են շտապօգնություն: «Նայեցին, ասացին` ոչինչ չենք կարող ասել, պիտի տեղափոխենք հիվանդանոց, որ հետազոտեն: Հարցրեցինք, իսկ եթե հիվանդանոց տանեք` պիտի վճարե՞նք: Ասացին` այո: Մենք ասացինք, որ հարեւաններն ենք հիվանդի, եւ մենք էլ վճարելու հնարավորություն չունենք: Ինքը միայնակ` անտեր-անտիրական կին է: Մենք ապրում ենք սարսափելի ծանր պայմաններում, դուք ինքներդ կարող եք գալ եւ համոզվել, աղքատության նպաստով գոյատեւող ընտանիքներ ենք: Եթե մի փոքր հնարավորություն լիներ` իսկապես մենք կվճարեինք, որովհետեւ շատ մեղք է էս կինը: Շտապօգնության բուժաշխատողներն ասացին` եթե գումար չունեք, միեւնույն է, եթե անգամ տեղափոխենք հիվանդանոց` ոչինչ էլ չեն անի: Պիտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխեին: Ասացին` առանց գումարի ոչինչ չեն անի, որոշակի գումար պետք է ունենաք, որ հետազոտություն կատարեն: Նրանք ասացին, որ Սեդան հիվանդանոց տեղափոխելու ենթակա հիվանդ է: Մենք էլ ասացինք` հա, տանենք, բայց եթե ասում եք` պիտի գումար վճարվի` մենք էլ հնարավորություն չունենք, ի՞նչ անենք, տանենք անտեր-անտիրական թողնենք էնտե՞ղ: Ասացին, ուրեմն` ստորագրություն տվեք, որ դուք հրաժարվում եք հիվանդանոց հիվանդին տեղափոխել: Մենք էլ` գլուխներս կախ, ստորագրեցինք»,- ասում են Ֆանարջյան 77 հասցեի բնակիչներն, ովքեր պարզապես ապշած են Հայաստանում տիրող այդ իրավիճակից, երբ անվճարունակ մարդուն կարող են հանգիստ խղճով թողնել, որ մեռնի: Ս. Գրիգորյանի հարեւանուհիները հիվանդի թեւերն ընկած տաքսիով մի կերպ նրան բերել էին խմբագրություն եւ խնդրում էին միջամտել նրան որեւէ բուժհաստատությունում բուժօգնություն ցուցաբերելու հարցում: Մենք անմիջապես կապվեցինք ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի հետ եւ նկարագրեցինք Ս. Գրիգորյանի հետ կատարվածը:

Շ. Հունանյանը գրանցեց շտապօգնության այն բրիգադի տվյալները, որի բուժաշխատողները Ս. Գրիգորյանին նախապես տեղեկացրել էին վճարման մասին, ավելին` պնդել էին, որ եթե հիվանդը գումար չունի, ուրեմն` նրան չեն հետազոտի: Նախարարի մամլո խոսնակը խոստացավ ճշտել կատարվածի մանրամասները եւ առաջիկայում այդ տեղեկատվությունը փոխանցել մեզ: Նա նաեւ հեռախոսազրույցի միջոցով բոլոր մանրամասները ճշտեց Ս. Գրիգորյանի հարեւանուհիներից եւ հասկանալով, որ հիվանդի առողջական վիճակը ծայրահեղ է, մեզ ասաց` «Ես հենց հիմա շտապօգնության բրիգադ կուղարկեմ հենց խմբագրություն: Հիվանդին թույլ մի տվեք տեղափոխել, նրան անմիջապես շտապօգնության մեքենայով կտեղափոխեն Էրեբունի հիվանդանոց: Այնտեղ անվճար բուժօգնություն կցուցաբերեն, եւ նա անվճար կերպով կպառկի, կբուժվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ես խոստանում եմ Ձեզ, որ մասնագետները նրան բարձր մակարդակով` ինչպես հարկն է` կհետազոտեն եւ կբուժեն»: Չնայած երեկոյան ուշ ժամին` Ս. Գրիգորյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարականով Շ. Հունանյանը կազմակերպեց եւ խոստացավ մշտապես տեղեկություն ճշտել նրա բուժման ընթացքից եւ մեզ փոխանցել: Ս. Գրիգորյանն ու նրա հարեւանները հուզված հեռացան խմբագրությունից, քանի որ սարսափելի ցավերի մեջ գտնվող կնոջն առանց որեւէ գումարի բուժելու հավանականությունն արդեն շատ փոքր էին համարում: Ս. Գրիգորյանին տեղափոխելուց հետո խմբագրության աշխատակիցներով` մի պահ քարացանք ու երկար ժամանակ լուռ էինք: Խոսքեր չես կարող գտնել իրավիճակին գնահատական տալու համար: Քրիստոնեություն դավանող պետության մեջ առանց խղճի խայթի կարող են արհամարհել ցավերի մեջ գալարվող մարդուն: Ամեն օր համոզվում ես, թե որքան անպաշտպան է մեր երկրում պետության սխալ կառավարման հետեւանքով սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդը: