ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գնահատմամբ` Երեւանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովը, բացի բուն գործարար բովանդակությունից, պարունակում է նաեւ քաղաքական ուղերձ այն մասին, որ «հայ-թուրքական հաշտեցումը շարունակում է մնալ մեր նպատակը»: Դեսպանի խոսքով` երկու երկրների հաշտեցման եւ հարաբերությունների կարգավորման առաջնային ճանապարհն անշուշտ արձանագրություններն են. «ԱՄՆ-ը աջակցում եւ խրախուսում է առանց նախապայմանների եւ որեւէ այլ հարցի հետ չկապված այդ արձանագրությունները»: Միաժամանակ, ըստ դեսպանի, կան երկու երկրների մերձեցման շատ այլ ճանապարհներ: «Արձանագրությունները խրախուսելուն զուգընթաց` մենք, Հայաստանի եւ Թուրքիայի հետ միասին, ձգտում ենք խրախուսել նաեւ երկու ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ կապերը բոլոր սեկտորներում, – ասել է նա` հավելելով,- Ստեղծելով աշխատատեղեր Հայաստանում եւ Թուրքիայում` դուք արտահայտում եք նաեւ երկու երկրներում շատ մարդկանց շահերը: Ուստի ձեր հովանավորությունն ու աջակցությունը սահմանի բացմանը, արձանագրություններին, հաշտեցմանը եւ երկկողմ կապերի ստեղծմանը խիստ կենսական է` դրանք իրականություն դարձնելու առումով»: