Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` իշխանական վերնախավում բավական լուրջ, դեռեւս թաքնված խմորումներ են ընթանում, որոնք այս կամ այն կերպ կապված են վերջին օրերին կատարվող իրադարձությունների հետ: Խոսքը վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ավելի կոնկրետ` նրա նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությանը: Մասնավորապես, մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է Տ. Սարգսյանի` չափից դուրս քաղաքական ակտիվությունը եւ նրա կողմից ձեռնարկվող բացահայտ ու թաքնված քայլերը, որոնք, նույն աղբյուրների համաձայն, մեղմ ասած, սկսել են դուր չգալ Ս. Սարգսյանին: Տ. Սարգսյանը վերջին շրջանում, բացի ՀՀԿ-ականներին անդամատոմսեր հանձնելուց եւ ներկուսակցական ֆունկցիոների դերի ստանձնումից, սկսել է նաեւ ակնհայտ անձնական հավակնություններ դրսեւորել: Մեր տեղեկություններով, նախագահականում պարզել են, որ մամուլում վերջերս պարբերաբար հայտնվող վարկածները, ըստ որոնց` Տ. Սարգսյանը կարող է համարվել ՀՀ նախագահի հաջորդ թեկնածու, շրջանառության մեջ են դրվում ոչ առանց վարչապետի իմացության, երբեմն` նաեւ նրա մասնակցությամբ: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների` Ս. Սարգսյանին զայրացրել է հատկապես այն, որ Տ. Սարգսյանը չափից շատ լուրջ է վերաբերվել իրեն վերապահված դերին (այն է` խելացի վարչապետի ցուցադրական կերպարը), եւ նրա մտքով նույնիսկ անցել է մտածել ավելի մեծ խաղերի մասին: Դրան հատկապես նպաստել են ԱԺՄ-ի ու նրանից պոկված բեկորների վերամիավորման, ինչպես նաեւ այլ` մանր տրամաչափերի կուսակցությունների հետ «խաղեր սկսելու» մասին տեղեկությունները, որոնք եւս կապվում են Տ. Սարգսյանի անվան հետ: Բացի այդ, մեր տեղեկություններով` Ս. Սարգսյանին սկսել է նյարդայնացնել նաեւ Տ. Սարգսյանի կողմից հրապարակայնորեն դրսեւորվող «կեղծ աստվածավախությունը» եւ նմաններին իր շուրջը հավաքելու նրա գործելաոճը: Եվ հենց այս հանգամանքներով են ոմանք բացատրում վերջին օրերին Հարություն Առաքելյանի կողմից Տ. Սարգսյանի հասցեին հնչեցված լրջագույն մեղադրանքները:
Դրանք, իհարկե, ամենայն հավանականությամբ, Տ. Սարգսյանի համար անցանկալի հետեւանքներ չեն ունենա (կամ չեն ունենա առայժմ), սակայն այդպիսով Ս. Սարգսյանը ցանկանում է հասկացնել, որ ինչպես «նրան ծնել են, այնպես էլ կարող են զոհաբերել»: