«Հայաստանի շահերից բխում է ինտեգրվել միասնական Եվրոպա»,- ասում է «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը

24/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն անցած շաբաթ ստորագրեցին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական միությանը վերաբերող Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագիրը եւ այդ հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգը: Ձեր կարծիքով` Ռուսաստանի այս նախաձեռնությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Միտումնավոր ինչ-որ փոփոխություններ են անում, որովհետեւ հունվարի 1-ից միայն ազատ տնտեսական տարածքի մասին պայմանագիրը պիտի ուժի մեջ մտներ: Իսկ Եվրասիական միություն ստեղծելու մասին պարոն Պուտինի հայտնի հոդվածն ավելի տեսական եւ հեռու ապագայի խնդիր էր: Բայց հիմա հավանաբար նախընտրական ինչ-որ հովերով տարված մի քիչ ավելի շատ շեշտադրումներ արեցին այդ միության վրա: Ըստ էության, գաղափարը դեռ շատ հում է, չհստակեցված է, եւ հիմա դրա մասին խոսելը միայն ձեռք է տալիս այդ նախընտրական պրոցեսի մեջ գտնվող մարդկանց, եւ ուրիշ ոչ մեկին: Այդ առումով մի քիչ ուռճացնում են երեւույթը, ներկայացնում են որպես ինչ-որ շատ դարակազմիկ մի բան, բայց, ըստ էության, այդ նախաձեռնության մեջ դեռ ոչ մի նոր բան ներկայացված չի: Խոսքն ընդամենը այդ երեք երկրների ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու մասին է: Զավեշտալի է այն, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն, այդպիսի մի խրտվիլակ կա ստեղծված, եւ հիմա հանկարծ մի նոր բան են ստեղծում, որը, համաձայն սահմանմանը` շատ ավելի թույլ կառույց է: Եվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հարցնում են, թե ինչ է լինելու Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը, ասում է, թե` ես կարծում եմ, որ այս մեկը (Եվրասիական միությունը) եթե լավ զարգանա, այն մյուսը, որը շատ ավելի մեծ բան է` միասնական պետություն, կտարրալուծվի սրա մեջ: Ինչ-որ ծիծաղելի կոնֆիգուրացիաներ են ստեղծում:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` ՌԴ-ն ինչո՞ւ նախաձեռնեց այդ Եվրասիական միությունը: Ընդդեմ Եվրամիությա՞նը, թե՞ այլ նպատակ ուներ:

– Վ.Պուտինը չի թաքցնում կամ չի էլ կարողանում թաքցնել իր քաղաքական նախասիրությունները եւ հայացքները: Նա Խորհրդային Միության փլուզումը համարում է որպես ռուս ժողովրդի կամ ռուս մեծապետականության ողբերգություն: Նա նախկին ԽՍՀՄ-ն, ըստ էության, Ռուսաստան անվանեց: Եվ կարծում եմ, որ Վ.Պուտինը անկեղծորեն ցանկանում է, որ Խորհրդային Միությունը կամ, այլ խոսքերով ասած, Ռուսական կայսրությունը վերականգնվի: Նա դրան ձգտում է, իսկ որքանով դա իրեն կհաջողվի, չեմ կարող ասել: Կարող է այդ գաղափարն այս պահին նրա համար այդքան էլ կարեւոր չէ, պարզապես ինչ-որ իմաստ կհաղորդի իր վերադարձի նախընտրական կամպանիային:

– Իսկ անցած շաբաթ այդ երեք երկրների ստորագրած նախաձեռնությունները շարունակություն կունենա՞ն, կամ` Եվրասիական միությունը կյանք կունենա՞:

– Ես կարծում եմ` ոչ, եթե դա իսկապես երկրների ազատ կամարտահայտությամբ լինի: Բայց կարծում եմ նաեւ, որ պետք չէ անլուրջ համարել այն վտանգը, թե կարող են նաեւ պարտադրանքի միջոցներ կիրառվել այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, որը չունի լեգիտիմ իշխանություն, եւ իշխանությունների հենարանն էլ հենց նույն Ռուսաստանն է:

– Իսկ Հայաստանը կանդամակցի՞ այդ Եվրասիական միությանը: Անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ-ում ստորագրեց ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:

– Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից բխում է` ինտեգրվել միասնական Եվրոպային: Ըստ էության, մեր պետության ծրագրերի մեջ դա վաղուց կա, եւ մինչ այսօր մեր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ չեն հերքել, որ այդպիսի ծրագիր կա: Ռուսաստանի նման հետամնաց երկրի հետ ինտեգրվելը երբեք չի կարող փոխարինել եվրոպական ինտեգրմանը: Ռուսները, ըստ իրենց, խորամանկություն են անում` ասում են, թե` եթե դուք ուզում եք ինտեգրվել Եվրոպային, մենք էլ ենք ուզում: Այդ դեպքում եկեք, մեզ հետ միասին ինտեգրվենք Եվրոպային: Բայց դա ակնհայտ սուտ է, Ռուսաստանը չի ուզում ինտեգրվել Եվրոպային, ձգտում է դառնալ եւս մեկ բեւեռ եւ մրցակցության մեջ մտնել թե Եվրոպայի, թե Միացիալ Նահանգների հետ: Իսկ այդ մրցակցության մեջ, կյանքը ցույց է տվել, որ ՌԴ-ն միշտ պարտվում է: Տեխնոլոգիաների առումով, գիտության առումով ՌԴ-ն վաղուց արդեն առաջատար երկիր չէ, եւ ես չեմ տեսնում, թե ինչ օգուտ մենք պետք է ստանանք նրա հետ ինտեգրվելուց:

– Դուք ասում եք, թե լեգիտիմություն չունեցող` Հայաստանի իշխանությունների համար ՌԴ-ն հենարան է: Առաջիկայում նորից համապետական ընտրություններ են, եւ իշխանությունները նորից կզգան այդ հենարանի աջակցության կարիքը: Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն այդ աջակցության դիմաց ՀՀ իշխանություններից կպահանջի միանալ Եվրասիական միությանը:

– Այո, այդ առումով մեր ներկայիս իշխանություններից ես ցանկացած ստորություն սպասում եմ:

– Եվրասիական միությունից շատ տարիներ առաջ ստեղծվեց ԱՊՀ-ն, որն այս նախաձեռնության մեկ այլ տարբերակն էր: ԱՊՀ-ն արդարացրե՞ց իր գոյությունը, կամ` ի՞նչ տվեց անդամ երկրներին, որ հիմա էլ նոր կազմակերպություն է ստեղծվում:

– Ետխորհրդային այս տարածքում մի շարք մեռելածին կազմակերպություններ անընդհատ ստեղծվել են եւ հավանաբար էլի կստեղծվեն: Բելառուս-Ռուսաստան միութենական պետության մասին խոսեցինք, ԱՊՀ-ի մասին դուք եք ասում, կա ՀԱՊԿ-ն, որտեղ պարզ չէ, թե ով ում համար է պատասխան տալիս: Եվ Հայաստանի համար ընդհանրապես անհասկանալի է, թե ովքեր են դառնում իր անվտանգության երաշխավորները: Այս բոլորը արհեստական կառույցներ են, որոնց ստեղծումը հրահրում է Ռուսաստանն` իր դեռ չմոռացված մեծապետական կայսերական ամբիցիաները բավարարելու համար: Պատմության ընթացքը, իրականությունը բոլորովին այլ է, Ռուսաստանը հետամնաց, կործանվող երկիր է:

– Ռուսաստանը Հայաստանին պարբերաբար մեղադրում է Արեւմուտքի հետ «խաղեր տալու» մեջ: Երբեմն ճնշումներ է գործադրում, պատժիչ ինչ-որ քայլեր, հայտարարություններ եւ հարցադրումներ անում, թե ում հետ է Հայաստանը: Ի վերջո, այս առումով ո՞ր կողմին է ուղղված մեր երկրի կողմնորոշումը:

– Իմ կարծիքով` մեր երկիրը կողմնորոշում, հստակ արտաքին քաղաքականություն չունի: Իշխանության եկած պատեհապաշտները միայն մի խնդիր են լուծում` մեկ օր ավելի մնան իշխանության եւ թալանեն երկիրը:

– Դուք նոր եք վերադարձել Ռուսաստանից, Եվրասիական միության հետ կապված կամ ընդհանրապես քաղաքական ի՞նչ տրամադրվածություններ կային:

– ՌԴ-ում մի քանի օրից Պետդումայի ընտրություններ են լինելու, որեւէ իրական քաղաքական պայքար, մրցակցություն ես այնտեղ չնկատեցի: Ժողովրդի կողմից որեւէ հետաքրքրություն` նույնպես: Նույն Խորհրդային Միության պատկերն է, բոլորը դժգոհ են ղեկավարությունից, բայց բոլորը համոզված են, որ որեւէ բան փոխել հնարավոր չէ: Եվ համակերպվել են իրականության հետ: Ոչ ոք չի կասկածում, որ Դումայում իշխանական կուսակցությունը ռեալ մեծամասնություն է գրավելու, եւ ոչ ոք չի կասկածում, որ Վ.Պուտինը հաջորդ նախագահն է: