Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի օրերս Մոսկվա կատարած այցելության ընթացքում քննարկվել է նաեւ Երեւան նրա այցի հարցը: Ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության հաղորդագրությունը, նշում են, թե Փաշազադեն ծանոթացել է Հայաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ծրագրին: Ըստ այդ ծրագրի` պատրաստված են քառակողմ փաստաթղթերի նախագծեր, որոնք, ինչպես նախատեսվում է, նիստի շրջանակներում ստորագրելու են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Վրաց ՈՒղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը եւ Կովկասի մահմեդականների առաջնորդը: Փաշազադեն հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ պատրաստված փաստաթղթերին եւ միայն դրանից հետո որոշում կընդունի Երեւան այցելելու վերաբերյալ: Կովկասի մահմեդականների առաջնորդը Երեւան այցելելու պաշտոնական հրավեր ստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսից: