Հարազատները պնդում են, որ «Արտակին սպանողները դատարանում չեն»

24/11/2011

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով երեկ կայացած դատական նիստում առաջինը ցուցմունք տվեց նրա մայրը:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Հասմիկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարել է, որ քրիստոնեական արժեքներ ունեցող իր որդին չէր կարող ինքնասպան լինել: Մայրը պնդել է, որ որդուն սպանել են, բայց սպանողները դատարանի դահլիճում չեն: Նրա այս հայտարարությանը հաջորդել են դատարանի դահլիճում գտնվող մեղադրվող զինվորների հարազատների ծափահարությունները: Իր ցուցմունքում 30-ամյա Նազարյանի մայրը կասկածանք է հայտնել նախաքննության օբյեկտիվության վերաբերյալ` հայտարարելով, որ որդու բազմաթիվ վնասվածքների մասին քրեական գործում ոչինչ նշված չէ: Մայրը կասկածանք է հայտնել նաեւ որդու մահվան օրվա ու ժամի վերաբերյալ` նշելով, որ իր որդին հուլիսի 27-ից ավելի վաղ է մահացել: «Ես համոզված եմ, որ Արտակը ավելի վաղ է սպանված եղել, քան 27-ի առավոտյան 8-ից 10 պակաս: Ահավոր վիճակում էր, մարմինը ուզում էին փակ դագաղով բերեին: Մարմինը դեռ նոր էին տուն բերել, երբ մեծ աղջիկս քթի մեջ որդ էր նկատել, դա ահավոր բան է»,- «Ազատության» փոխանցմամբ` ասել է Հ. Հովհաննիսյանը: Նա դատարանին է հատկացրել մի լուսանկար, որտեղ պատկերված է որդու դին ժայռաբեկորի վրա: Լուսանկարը Նազարյանի հարազատներին էր տվել զինվորական մասից մեկը, ով իր հեռախոսով լուսանկարել էր դին: Լեյտենանտի մոր փաստաբանն ու ներկայացուցիչը, դատարանում հայտարարելով նախաքննության խախտումների մասին, միջնորդել են հարցաքննել գործը քննող քննիչներին: Այս առիթով արված միջնորդության վերաբերյալ դատավոր Սամվել Մարդանյանը նշել է, թե այն կլսի դատաքննության մեկ այլ փուլում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ եթե քննիչները գործը օբյեկտիվորեն քննեին, ապա մեղադրանքը ինքնասպանության դրդելու փոխարեն` կլիներ սպանությունը: Մարտիրոսյանի խոսքով` դիակի դատաբժշկական հետազոտությամբ հաստատված ավելի քան 50 վնասվածքների մասին նախաքննությունը լռել է: Նախաքննությամբ միայն հաստատվել են քերծվածքները, որոնք նա ստացել է մահվանից ավելի քան 5 օր առաջ: Իսկ արյունազեղումների ու սալջարդերի մասին քրեական գործում ոչինչ գրված չէ: Մյուս խախտումն առնչվում է Նազարյանի զենքին: Նրան հատկացված 120 փամփուշտներից որեւէ մեկը չի պակասել այն դեպքում, երբ, ըստ քրեական գործի` լեյտենանտը իր իսկ զենքից է կրակել իր վրա: «Ինչո՞վ է ինքնասպան եղել Նազարյանը, եթե նրա ստացած բոլոր փամփուշտները` թվով 120, տեղում են: Ինչքան ուզում է գլուխ կոտրենք, մենք չենք կարողանում հասկանալ` զենքը ինչպե՞ս է կրակել, եթե փամփուշտները տեղում են: Դա մեզ ոչ թե հուշում է, այլ համոզում է, որ սպանության զենքն այլ զենք էր, իսկ Արտակ Նազարյանի զենքը կեղծ իրեղեն ապացույց է հենց նախաքննական մարմնի կողմից գցված»,- դատարանում հայտարարել է Մարտիրոսյանը: Նա նաեւ նշել է, որ Արտակի դիակի գտնվելու վայրի մասին հակասական տեղեկություններ են հաղորդվել: Սկզբում քննիչներն ասում են, թե այն գտնվել է խրամատում, հետո էլ հայտարարել են, թե դիակը հայտնաբերվել է խրամատից 300 մետր հեռու մի վայրում, որտեղ քննիչ Լեւոն Պետրոսյանն արձանագրել էր արնանման հետքեր: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն ասում են, թե քննիչն այդպես էլ չէր ստուգել, թե դրանք ինչ հետքեր են եւ ում են պատկանում: Այս խախտումների մասին նրանք դեռեւս մեկ ամիս առաջ հաղորդել են ՀՀ գլխավոր դատախազին: Դատախազն էլ պատասխանել էր, թե հաղորդումն ուղարկել է գործը քննող դատավորին: Դատավորը երեկ ասել է, թե դատաքննության ընթացքում այս հարցին եւս կանդրադառնա: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս պնդել է, որ կալանավորված 5 զինվորներից ոմանք հնարավոր է առնչություն ունենան Ա. Նազարյանի մահվան հանգամանքներին, բայց սպանություն կատարողները գտնվում են ազատության մեջ: «Մենք համոզված ենք, որ կան անձինք, որ քննությանը չեն ներգրավվել, եւ որոնք սպանության հիմնական դերակատարներն են»,- ասել է Շուշանյանը:

Դատական նիստը հետաձգվել է Արտակ Նազարյանի մոր` Հ. Հովհաննիսյանի ինքնազգացողության վատացման պատճառով: